Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ թավշյա հեղափոխությանն աջակցած ՍԴՀԿ-ն դուրս մնաց ընտրապայքարից

Օգոստոս 30,2018 14:10

Երեկ ավարտվեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտերի ներկայացման ժամկետը Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդպիսով, սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 9 կուսակցություն եւ 4 դաշինք`«Բարգավաճ Հայաստան», «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», Հայաստանի Յեղափոխական դաշնակցություն, Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն (ՀԺԱՄ), Հայք (Հայկազուններ), Ռեֆորմիստների, «Օրինաց երկիր» կուսակցություններ եւ «Երեւանի հանրություն», «Երեւանցիներ», «Իմ քայլը», «Լույս» կուսակցությունների դաշինք:

Ավելի վաղ, ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցությունը չէին բացառել բազմաթիվ այլ քաղաքական միավորներ:

Ընտրություններին հաստատապես մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարել էր Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, որը երեկ այդպես էլ հայտ չներկայացրեց: Կուսակցության ատենապետ Արմեն Մկրտչյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արտահերթ ընտրություններին իրենց չմասնակցությունը պայմանավորված է զուտ տեխնիկական խնդիրներով: Ապա մանրամասնեց, որ նախ ցանկություն է եղել առանձին մասնակցելու, ապա բանակցություններ են ընթացել դաշինքներով մասնակցելու շուրջ: «Դաշինքներով մասնակցության մասով ընդհանուր հայտարարի չեկանք, միայնակ մասնակցելն էլ արդեն ուշ էր»,- ասաց մեր զրուցակիցը: Ընդհանուր հայտարարի, ըստ նրա չեն եկել, քանի որ բանակցություններն են ուշ սկսվել եւ այն առաջարկները, որ եղել են, իրենց չեն բավարարել: Մեր զրուցակիցը չցանկացավ մանրամասնել, թե ո՞ր ուժերի հետ են եղել դաշինքով մասնակցելու բանակցությունները, ասաց`նրանց հետ համաձայնեցված չէ, միգուցե իրենք չեն ցանկանա հրապարակել:

Նկատենք, սակայն, որ թավշյա հեղափոխության ընթացքում, ՍԴՀԿ-ն ակտիվ սատարում էր այն իրականացնող ուժին: Aravot. am-ի ենթադրությանը` արդյոք իշխող ուժի հե՞տ են եղել բանակցությունները, մեր զրուցակիցը չարձագանքեց`կրկնելով, որ բանակցություններից մանրամասներ չի հրապարակելու, քանզի դա համաձայնեցված չէ մյուս կողմերի հետ:

Ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության մասին հայտարարել էր նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը: Aravot.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Գեւորգ Սաֆարյանը պարզաբանեց, որ նպատակահարմար չեն գտել մասնակցությունն այս փուլում, քանի որ զբաղված են «տեխնիկական գործունեությամբ»`կուսակցաշինությամբ` ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ:

Գաղափարական մտահոգություններ էլ ունեն. երկրում ընտրություններ են անցկացվում`քաղբանտարկյալների առկայությամբ: Նկատի ունի «Սասնա ծռերի» դեռ կալանքի տակ գտնվող հատվածին: Բայց սա հիմնական պատճառը չէ: Հիմնականը կուսակցաշինությունն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031