Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դպրոցներում կլինեն հակաքայլեր ու հետեւանքներ». փորձագետը քննադատեց ԿԳ նախարարի մտադրությունը

Օգոստոս 30,2018 14:06

«Որտեղի՞ց պետք է սկսել նախորդ իշխանություններից ժառանգած կրթության ծանր ոլորտի բարեփոխումը: Սա խնդիր է, որի լուծումը սխալ տեղից սկսելու դեպքում հետեւանքներ են լինելու: Այս համատեքստում մտահոգություն ունեմ, որ դպրոցական ավարտական քննությունների միասնականացումը բարեփոխումները սխալ տեղից սկսելու քայլ է»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե հնարավոր է՝ դպրոցական ավարտական քննությունները եւս միասնականացվեն, ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ նախարարության նշյալ մտադրությունն առաջին հայացքից տրամաբանական է, մինչդեռ խնդիրներ կառաջանան: «Իրավիճակն այսպիսին է. դպրոցի ավարտական քննությունների ժամանակ ուսուցիչները թվանշաններ են «բաշխում»՝ օգնում աշակերտներին: Թվում է՝ անթույլատրելի է եւ իրավիճակը պետք է խստացնել, որպեսզի թվանշաններն իրական լինեն: Բայց կրթության համակարգում պետք է մտածել ոչ միայն քայլերի, այլեւ հակաքայլերի մասին»:

Սերոբ Խաչատրյանը մասնավորեցրեց. «Նախարարությունը պետք է հաշվարկի՝ եթե կենտրոնացնում է քննությունները, ապա ի՞նչ հակաքայլեր են հնարավոր: Նախարարությունը հայտարարում է, որ տնօրենները եւ ուսուցիչները պետք է պատասխան տան քննությունների արդյունքի համար, եթե, օրինակ, դրանք ցածր գրանցվեն: Սա սխալ է, որովհետեւ երեխայի առաջադիմության վրա տնօրենի եւ ուսուցչի գործոնները չեն միայն ազդում: Կան նաեւ բնատուր ընդունակությունների, ընտանիքի վիճակի, սոցիալական կարգավիճակի ու դպրոցի պայմանների գործոնները: Օրինակ՝ դպրոցներ կան, որտեղ մինչեւ ժամը երկուսը ջուր չկա: Ծարավ լինելն ազդում է երեխայի վիճակի եւ կենտրոնացման վրա, մինչդեռ այդպիսի գործոնները հաշի չառած՝ բեռը գցում են ուսուցիչների ու տնօրենների վրա»:

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ դպրոցական քննությունները միասնական դարձնելու հետեւանքով կտրուկ զարգանալու է կրկնուսույցների ինստիտուտը. «Ծնողները ստիպված փնտրելու են կրկնուսույցների՝ մաթեմատիկա, հայոց լեզու, հայոց պատմություն առարկաների համար: Նրանք կտան ամսական լրացուցիչ տասը կամ քսան հազար դրամ, որ երեխան այդ ավարտական առարկաները պարապի ու քննությանը խայտառակ չլինի: Այստեղ տուժելու են գյուղական դպրոցների աղքատ երեխաները: Եւ, որպես հակաքայլ, տնօրենը կարող է խորհուրդ տալ մյուս առարկաները մոռանալ ու օր ու գիշեր պարապել միայն նշյալ առարկաները, որպեսզի դպրոցը խայտառակ չլինի: Բացի այդ, եթե, օրինակ, 5 հազար տղա կտրվի եւ դպրոց չավարտի, ի՞նչ է լինելու նրանց զորակոչվելու հարցը, ո՞վ է հոգալու նրանց կրթության ծախսերն առաջիկա ուսումնական տարում»:

https://www.facebook.com/aravot.am/videos/315729402338333/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031