«Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը
– HTB հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավական հետաքրքիր ուղերձներ հղեց` թե հայաստանյան հանրությանը, թե քաղաքական ուժերին, նաեւ` միջազգային հանրությանը: Հարցազրույցի հիմնական ուղերձը հավանաբար այն էր, որ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ ինքը կարող է դառնալ շատ ուժեղ համախմբող կենտրոն: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:
– Բոլորովին համաձայն չեմ, թե նրա ուղերձները հետաքրքիր էին։ Իհարկե, հասկացվում էր, թե ի՞նչ է նա պատրաստվել ասել հարցազրույցից առաջ, բայց հարցազրույցի ողջ ընթացքում նա ոչ մի միտք ավարտուն տեսքի չբերեց եւ համոզիչ կերպով ներկայացնել չկարողացավ։ Նրա խոսքը թույլ էր եւ ցրիվ։ Քաղաքական գործչի հիմնական, եթե ոչ ամենակարեւոր խնդիրը առկա քաղաքական իրավիճակը ճիշտ գնահատելը եւ այդ իրավիճակում ինքնադրսեւորվելու հնարավորություններ գտնելն է։ Այսօրվա Հայաստանում Քոչարյանը չի կարող համախմբող կենտրոն դառնալ։ Նա որեւէ կենտրոն դառնալ չի կարող։ Նա չունի քաղաքական հետեւորդներ, նա չունի քաղաքական ենթատեքստ, նա չունի քաղաքական գունավորում եւ ամենակարեւորն ու միաժամանակ՝ ամենացավալին իր համար՝ նա մերժված է հանրության կողմից եւ ինքն այս մասին չիմանալ չի կարող։
– ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն արդեն հայտարարել են, որ չեն բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը: ԲՀԿ-ն դեռ լռում է, բայց հասկանալի է, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարաններից մեկն էլ ԲՀԿ-ն էր: Ի՞նչ քաղաքական պատկեր կունենանք առաջիկայում: Ձեր կարծիքով՝ հասարակությունն ինչպե՞ս կարձագանքի քաղաքական զարգացումներին:
– Հասարակության արձագանքը միանշանակ է ու բացասական։ Սերժ Սարգսյանի իշխանությանն ուղղված սուլոցները, մերժումները, նրա դեմ ծավալված համաժողովրդական պայքարը նաեւ Ռոբերտ Քոչարյանի դեմ էին։ Որքան էլ որ Քոչարյանը փորձի տարանջատվել Սարգսյանից՝ նրանք մերժվել են հավասարաչափ ու միաժամանակ։ Նա իրական քաղաքականություն, քաղաքական դաշտ գալու որեւէ հենք չունի։ Այսօրվա դրությամբ քաղաքականություն վերադառնալու նրա ձգտումները հարցազրույցներում արվող հայտարարություններից այն կողմ անցնել չեն կարող։ Անգամ, եթե նա արհեստածին մի կուսակցություն էլ ստեղծի ու ֆինանսական միջոցներ ներդնի, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ դաշտում առկա քիչ թե շատ հայտնի այլ քաղաքական ուժեր նրա կողքը կանգնել չեն շտապելու, քանի դեռ նա քաղաքական դաշտում տանող ու հաղթելու հավանականություն ունեցող ուժ չի դարձել։ Իսկ նա նման հնարավորություն չունի։ Նա չունի քիչ թե շատ նշանակալի հասարակական որեւէ շերտի աջակցություն։ Նրա քաղաքականություն «վերադառնալու» հայտարարություններն առաջին հերթին կապված են նրա նկատմամբ ընթացող քրեական գործի հետ։ Նա իր այս հայտարարություններով փորձում է այդ քրեական գործին քաղաքական ենթատեքստ հաղորդել եւ իրեն էլ որպես քաղաքական հետապնդման զոհ ներկայացնել։ Սա է նրա ծրագիր-մաքսիմումը։
– Նիկոլ Փաշինյանի եւ Արա Բաբլոյանի վերջին հանդիպումից հետո հայտարարվեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա արտահերթ ընտրությունների անցկացման մասով: Ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրությունները, ձեր կարծիքով, կհանգուցալուծե՞ն քաղաքական ճգնաժամը, թե՞ կխորացնեն այն:
– Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն են։ Երկրում նոր իրավիճակ է ստեղծվել, իսկ խորհրդարանը չի արտահայտում ստեղծված նոր քաղաքական իրողությունները։ Այդ խորհրդարանն առաջ էլ, մինչեւ այս նոր իրականությունը, արհեստածին ու ապաքաղաքական մարմին էր։ Բոլորս էլ գիտենք, թե ինչպես էին կազմակերպվում ու ընթանում ընտրությունները։ Տեղյակ ենք ընտրություններին իշխանական բիրտ միջամտությունների բոլոր նրբություններին՝ ընտրակաշառք, իշխանական լծակների օգտագործում, իրականությանը չհամապատասխանող թվերի հրապարակում եւ այլն։ Այդ ընտրություններին միայն եվրաչինովնիկներն են լուրջ մոտեցել։ Եվ Հայաստանի ընտրողը, եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը, մի խոսքով՝ մենք բոլորս գիտեինք, որ ընտրություն կոչվող միջոցառմանը լուրջ մոտենալ չարժի։ Նոր ընտրությունների արդյունքում, եթե դրանք կլինեն ազատ, արդար ու թափանցիկ, իսկ ես հույս ունեմ, որ այդպիսին են լինելու, կկազմավորվի առկա իրական պատկերն արտացոլող, գործադիր իշխանությունից անկախ խորհրդարան, որն արդեն չի կարող իր դրական դերը չունենալ երկրի կյանքում։
– Կանխատեսումներ եղան, որ քաղաքացիական պատերազմն անխուսափելի է, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներից էլ հասկանալի է դառնում, որ վերջինս չի զիջելու եւ գնալու է «մինչեւ վերջ»: Կիսո՞ւմ եք կարծիքը, որ բախումներն անխուսափելի են լինելու: Հակափաստարկ է բերվում, որ Ռոբերտ Քոչարյանն այժմ իշխանական լծակներ չունի, սակայն, պետք չէ մոռանալ, որ ուժային կառույցներում կան բավական պատասխանատու պաշտոնյաներ, որոնց դուր չի գալիս այն ամենն, ինչ հիմա կատարվում է: Ուստի, չի բացառվում, արագ ներքին հեղաշրջման տարբերակը: Նաեւ, ինչպես իր հարցազրույցում նկատեց Ռոբերտ Քոչարյանը, այն գործարարներն, ովքեր իր իշխանության տարիներին գործունեություն են ծավալել, կարող են դառնալ իր հենարանը:
– Չկա Հայաստանում քաղաքացիական պատերազմի վտանգ։ Նման վտանգ չի եղել երբեք՝ ոչ 90-ականներին, ոչ 2000-ականներին եւ ոչ էլ այսօր։ Հայաստանցին զենքի հետեւից չի գնում։ Մենք գերադասում ենք խոսքը եւ վերջին 30 տարիների ընթացքում մի քանի անգամ սա ապացուցել ենք։ Սակայն սա չի նշանակում, թե ինչ որ բախտախնդիրներ չեն կարող զինված գործողություններ իրականացնել։ Պաշտոնյաներ կամ հասարակ քաղաքացիներ սպանել։ Կարող են, ինչպես նախկինում են կարողացել, բայց լինելու է այն, ինչ եղել է։ Արդեն ասացի, թե ինչ է նշանակում Ռոբերտ Քոչարյանի համար գնալ «մինչեւ վերջ»: Դա իր նկատմամբ հարուցված քրեական գործին քաղաքական ենթատեքստ հաղորդելն է։ Նույնիսկ այստեղ նա չի հաջողելու։ Եվ, ընդհանրապես, քաղաքացիական պատերազմի հնարավորությունը շրջանառության մեջ դնելը, այդ մասին խոսելը համարում եմ արհեստական, մտացածին թեմա, որի նպատակը քաղաքական ու հասարակական որեւէ հենարան չունեցող Քոչարյանին չեղած ու երեւակայական ուժով օժտելն ու միամիտներին մոլորեցնելն է։
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
30.08.2018