Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարզային վերջին քննարկումն անցկացրել է Արարատի մարզում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի կրթության ոլորտի խնդիրները։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է դպրոցների ապաքաղաքականացման, համազգեստի, դրամահավաքության, միասնական ավարտական քննությունների, դասագրքերի և կրթական ծրագրերի խնդիրներին:
Անդրադառնալով նախատեսվող բարեփոխումներին` նախարարը նշել է, որ գալիք ուսումնական տարվանից սկսած առաջին դասարանցիների ընդունելությունը դպրոցներում տեղի կունենա էլեկտրոնային գրանցման եղանակով, իսկ դասվարների ընտրությունը տեղի կունենա ոչ թե ծնողի ընտրությամբ, այլ վիճակահանությամբ: Նախարարի խոսքով` սա հնարավորություն կտա խուսափել դպրոցներում այսպես կոչված «էլիտար» դասարանների ձևավորումից: Նախատեսվում է էլեկտրոնային գրանցմամբ իրականացնել նաև ուսուցիչների մրցութային ընտրությունը, ինչպես նաև փոփոխություններ իրականացնել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և մի շարք այլ կարգերում:
Անդրադառնալով դպրոցներում աշխատանքային տետրերի օգտագործմանը` նախարարը նշել է, որ աշխատանքային տետրերը պարտադիր չեն և ուսուցիչն իրավունք չունի պահանջել, որ բոլորն ունենան նման տետրեր:
Դպրոցների ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր են ուղղել Արայիկ Հարությունյանին, որոնք վերաբերել են դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, ֆինանսավորման բանաձևին, կրթական ծրագրերին, ավարտական քննությունների կազմակերպմանը և այլ խնդիրների:
Խորհրդակցությանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
ԿԳՆ հաղորդագրություն