Իմ խորին համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բավականին հաջող է գլուխ հանում իր թշնամիներից։ Բարեկամների քծնանքին էլ առայժմ կարծես դիմակայում է (հիշենք, թե ինչպես հրաժարվեց Եվրոպայի չեմպիոնի մեդալից, և նման այլ դրվագներ), բայց միևնույն է՝ վախենում եմ։ Ահա մի քանի օրինակներ Ֆեյսբուքից՝
«Դարի մարդ, սաղ աշխարհի նախարարներով հավաքվեն, ձեր կեսի կես խելքը չեն ունենա ընդհանուր… բողոքելու տեղ ոչ մեկ չունի բացի հհկ վկաներից»։
«ayo mer niqol@ merparcanqne mer havatarim zavak@»
«You are new JESUS CHRIST »
Ու նման հարյուրավոր, եթե ոչ հազարավոր գրառումներ…
Քծնանքը հատկապես լավ է աշխատում, երբ անձը, որին քծնում են, ուշադրության, հարգանքի, մեծարման ու սիրո դեֆիցիտ ունի։ Նրանց համար քծնանքն ասես մի կում սառը ջուր լինի անապատի «գաղջ մթնոլորտում»։ Մենք սովորաբար առավել գնահատում ենք այն, ինչի պակասն ունենք, ինչի կարիքն ունենք։ Նիկոլ Փաշինյանի պարագայում այս սցենարը կարծես չի աշխատում։ Բայց կա հարցի նաև մյուս կողմը՝ քծնանքը հաճախ ընդունվում է նաև այն մարդկանց կողմից, ովքեր ղեկավարի ակնհայտ ձիրք ունեն ու սիրում են, որ բոլորը լսեն ու ենթարկվեն իրենց։ Նրանց էգոն իրականում քծնանքի կարիք չունի, բայց այն գնահատվում է որպես հնազանդության ու հավատարմության խորհրդանիշ։ Դրա համար էլ իրենց քծնողներով են շրջապատում ու ակամա սկսում խուսափել իրենց քննադատողներից կամ պարզապես այլ տեսակետ ունեցողներից։ Ի վերջո, ո՞ւմ է հաճելի ընդունել սեփական թուլությունը, թերություններն ու սխալները։ Ավելի լավ է վանել նրանց, ովքեր խաթարում են «հանգիստ, ստեղծարար մթնոլորտը»։
Կրկնում եմ՝ առայժմ Նիկոլ Փաշինյանը կարծես դիմակայում է քծնանքին, բայց որքան… Ավելի լավ է՝ եկեք փորձության չենթարկենք վարչապետին, վերջ տանք անիմաստ գովաբանություններին, համեմատություններին ու էպիտետներին։ Ավելի լավ է՝ պարզ, առանց չարության նշենք թերություններն ու սխալները, եթե կարող ենք՝ առավել արդյունավետ ու ճշգրիտ լուծումներ առաջարկենք։ Գուցե երբեմն էլ՝ կոշտ արձագանքի արժանանանք, գուցե նաև տուժենք, բայց միայն այսպես միասին կկերտենք այն Հայաստանը, որ երազում ենք։
Կարինե ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում