Ուշագրավ հայտարարություն է երեկ արել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Եթե չլիներ Սերժ Սարգսյանը, նորից պետք է Հանրապետականը մեկ ուրիշ թեկնածու առաջադրեր, եւ դա նորից պետք է լիներ մեր իշխանությունը։ Ցանկացած թեկնածուի դեպքում, ինձ թվում է, որ այս գործընթացը պետք է լիներ»,- ասել է Բաղդասարյանը։
Ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չհամաձայնել Վահրամ Բաղդասարյանի պնդումների հետ։ ՀՀԿ-ն իշխանավարման քսան տարիների ընթացքում ընտրակեղծիքների, բռնությունների ու անգամ մարտիմեկյան սպանդի գնով շարունակել է իր ձեռքում պահել իշխանությունը՝ երկիրը տանելով ձախողումների ու կորուստների ճանապարհով։ Իսկ այդ ընթացքում հասարակության փորձերը՝ ընտրությունների ճանապարհով, հետո հանրահավաքներով ու ընդվզմամբ, հասնելու իշխանափոխության, մշտապես հանդիպել են ռեժիմի բիրտ ուժի դիմադրությանը՝ այդպես խորացնելով անջրպետը, ավելացնելով ատելությունն ու մերժողական վերաբերմունքը։ Ուստի, բնական էր, նման իրավիճակում ՀՀԿ-ն ում էլ առաջադրեր վարչապետի պաշտոնում, արժանանալու էր հասարակության դիմադրությանը, մանավանդ, երբ ակնհայտ էր՝ նոր Սահմանադրությամբ նրանք հիմքեր էին ստեղծել ցմահ իշխանավարման համար։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչներից շատերը մի քանի անգամ պնդել են՝ եթե Սերժ Սարգսյանը չփորձեր իր ձեռքում պահպանել իշխանությունը, հասարակությանը դժվար կլիներ մոբիլիզացնել, եւ թավշյա հեղափոխությունը տեղի չէր ունենա։ Սակայն Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը պատահական չէ. լինելով իշխանության մեջ՝ նրանք նաեւ տիրապետել են հասարակական տրամադրություններին ու գիտեին, որ ՀՀԿ-ն մերժված է հասարակության կողմից, եւ վաղ, թե ուշ պանդորայի արկղը բացվելու է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում