Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք իրողություններ՝ լինի դա Անգելա Մերկելի այցը, թե Ալեքսանդր Լուկաշենկոյի ոչ այնքան նուրբ ակնարկները, մի շարք խնդիրների շուրջ մտածելու տեղիք են տալիս: Ըստ էության, պետք է արձանագրենք, որ Հայաստանը ներկայումս չունի արտաքին քաղաքականության հայեցակարգ՝ թե ընդհանրապես, թե կոնկրետ երկրների ու կազմակերպությունների պարագայում: Լավագույն դեպքում մենք արտաքին քաղաքական շփումներում ականատես ենք լինում զուտ արձագանքումների և պատասխան հայտարարությունների մեխանիզմի՝ ինչ–ինչ դեպքերում: Իհարկե, սա ինչ–որ իմաստով տրամաբանական է և բխում է նախորդ համակարգից:
Մինչ իշխանափոխությունը հայաստանյան կառավարման համակարգում առկա էին որոշակի ավտորիտարիզմի տարրեր, սա շեշտենք, որովհետև անկախ միտումներից և տարրերից, Հայաստանը չի ունեցել ավտորիտար կառավարման համակարգ: Սակայն անգամ ավտորիտար միտումները բավական էին, որպեսզի ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին իրողությունների դեպքում լիներ կոնկրետ հասցեատեր՝ դա երկրի նախագահն էր: Հենց նախագահն էր երբեմն զուտ անձնական հարաբերությունների մակարդակում լուծում տարբեր հարցեր, հարթում հակասություններ և ընդհանրապես վարում բանակցություններ:
Իշխանափոխությունից հետո նախկին համակարգն այլևս դադարեց գործել, ինչը բերեց նրան, որ դադարեցին գործել տարբեր խնդիրների կարգավորման համար գոյություն ունեցող ինստիտուտներն ու խողովակները: Արդյունքում այսօր Հայաստանն առնվազն պետք է խմբագրի իր արտաքին քաղաքականության հայեցակարգը: Ընդ որում՝ խոսքը վեկտորների փոփոխության մասին չէ: Ներկայումս հրատապ անհրաժեշտություն կա ճշտել արտաքին շփումների օրակարգը, հստակեցնել ակնկալիքներն ու առաջարկները թե՛ դաշնակից, թե՛ բարեկամ, թե՛ չեզոք պետությունների, համաշխարհային կազմակերպությունների և այլ ուժային կենտրոնների նկատմամբ:
Հենց նման հայեցակարգ օրակարգի առկայության դեպքում միայն մեր արտաքին գերատեսչությունը ստիպված չի լինի տարբեր առիթներով հակադարձել Բելառուսի նախագահի հայտարարություններին կամ էլ ասենք, ՀԱՊԿ–ին Ադրբեջանի անդամակցության գաղափարին: Արտաքին քաղաքականության հայեցակարգը պարզապես պետք է բացառի այսօրինակ խնդիր–հակասությունների առաջացումը կամ գոնե հրապարակայնացումը: Նույնը վերաբերում է, ասենք, Անգելա Մերկելի այցին: Պարզից էլ պարզ է, որ Գերմանիայի կամ Եվրամիության հետ շփումներում հստակ օրակարգի ու հայեցակարգի առկայության դեպքում չէին առաջանա այն հարցերն ու հարցադրումները, թե ինչու Մերկելը վրացիներին փող տվեց, մեզ չտվեց, թե ինչ տվեց Գերմանիայի կանցլերի այցելությունը, կամ ընդհանրապես ինչ պետք է տար կանցլերի այցելությունը և ինչ կարելի էր ակնկալել: Վերջապես շատ ավելի պարզ՝ եթե այցելության օրակարգը ընդամենը ճանաչողությունն էր և կանցլերի ծանոթությունը հայաստանյան իրողություններին, ապա դա էլ պետք է պարզ լիներ բոլորի համար:
Սա, իհարկե, չի կարող բացառել տարատեսակ մեկնաբանությունների ու գնահատականների շրջանառությունը, սակայն հանրության համար առնվազն արտաքուստ հասկանալի կլիներ այցի նպատակն ու բովանդակությունը: Իսկ քանի որ դա չկար, այսօր յուրաքանչյուրս մեզ համար, մեր պատկերացումների չափով, փորձում ենք մեկնաբանել ու ներկայացնել մեր ընկալած բովանդակությունը: Նման սուբյեկտիվ իրավիճակներից խուսափելու համար արտաքին քաղաքականության հայեցակարգը պետք է հասկանալի լինի: Անշուշտ, պարզ է, որ արտաքին քաղաքականությունը փակ ոլորտ է, և ամեն ինչ չէ, որ պետք է ասել ու հրապարակել, սակայն խոսքն այստեղ դետալների կամ մանրամասների մասին չէ, այլ զուտ սկզբունքների և օրակարգի, որոնք թույլ կտան հնարավորինս խուսափել և՛ ապատեղեկատվությունից, և՛ տարատեսակ մեկնաբանություններից ու քարոզչությունից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում