Օգոստոսի 27-ին ռեպորտաժ էինք հրապարակել այն մասին, որ Ախուրյանին միավորված 7 համայնքների՝ Բասենի, Հովիտի, Կառնուտի, Ջրառատի, Արևիկի, Այգաբացի, Կամոյի բնակիչները փակել էին դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը եւ իշխանություններից պահանջում էին չեղյալ համարել համայնքների միավորումը: Ցավոտ խնդիր է՝ բերվում են բազմաթիվ փաստարկներ հօգուտ եւ ընդդեմ խոշորացման: Փաստ է, սակայն, որ խոշորացումն անցկացվել է առանց լուրջ հանրային լսումների, առանց բնակիչների հետ շփվելու, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, եւ գուցե հենց դրանից են մարդիկ նեղսրտում:
Տեղին են քաղաքացիների պահանջները, թե ոչ՝ դժվարանում եմ ասել, չնայած շարունակում եմ պնդել, որ միջպետական ճանապարհ փակելն ուղղված է ոչ թե իշխանությունների, այլ պետության դեմ: Բայց խոսքը տվյալ դեպքում ոչ թե քաղաքացիների բողոքի ճիշտ կամ սխալ լինելու մասին է, այլ՝ համացանցային արձագանքների: Մեկնաբանողները բողոքավորներին վիրավորում են ամենավերջին բառերով, եւ նրանց մեղադրանքների հիմնական «պաթոսն» այն է, թե՝ ինչպես եք դուք մեր պայծառ իրականության մեջ համարձակվում դժգոհել ու բողոքել:
Բայց դա նորմալ վիճակ է ցանկացած ոչ տոտալիտար, այդ թվում նաեւ՝ «պայծառ իրականություն» ունեցող երկրների համար: Ժամանակ առ ժամանակ Փարիզի փողոցները հեղեղվում են հարյուր հազարավոր ցուցարարներով, որոնք հանդես են գալիս սոցիալ-տնտեսական պահանջներով: (Այնտեղ ցույցերի կազմակերպիչները հիմնականում արհմիություններն են, որոնք մեզանում, ցավոք, թույլ են): Հաճախ ցույցեր են լինում, օրինակ, Միացյալ նահանգներում, այդ թվում նաեւ՝ ռասայական հողի վրա: Կարելի է երկու ձեռքի մատների վրա թվարկել այն երկրները, որտեղ ցույցերն, ըստ էության, արգելված են: Օրինակ, Հյուսիսային Կորեայում եթե ցույց է կազմակերպվում, ապա՝ միայն «հանճարեղ առաջնորդին» շնորհակալություն հայտնելու նպատակով: Մենք այդպես չենք ուզում, չէ՞:
Հայաստանում նույնպես այս 27 տարվա ընթացքում բազմաթիվ մեծ ու փոքր ցույցեր են եղել, այդ թվում, ի դեպ, համայնքների խոշորացման դեմ: Իշխանությունները խոչընդոտում էին ցույցերին միայն այն դեպքում, երբ դրանք սպառնում էին նրանց աթոռներին (բացառությամբ վերջին հեղափոխության): Մնացած դեպքերում տրամաբանությունը հետեւյալն էր՝ «թող որտեղ ուզում են հավաքվեն եւ ինչ ուզում են խոսեն, միեւնույն է՝ մենք նրանց ուզածը չենք անի»: Հիմա, հուսով եմ, իսկապես իրավիճակ է փոխվել, եւ «վերեւներում» անհաղորդ չեն լինի մարդկանց պահանջներին:
Իսկ ներկայիս իշխանության չափից դուրս խանդավառ երկրպագուները պետք է որ հասկանան՝ բողոքի ցույցեր Հայաստանում լինելու են միշտ: Աստված մի արասցե՝ չլինեն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ