Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ո՞վ ասաց, որ մենք ՌԴ-ին բարեկամության երդումներ տալով՝ երաշխավորում ենք, որ ՌԴ-ն չի բզբզելու Ադրբեջանին»

Օգոստոս 30,2018 14:30

Վարուժան Ավետիսյանը հիշեցնում է գեներալ Յուդենիչի վարքը
եւ ռուսական ալիքները փակելու, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչ անում

«Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանն ու «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն օրերս հայտարարեցին նոր կուսակցություն ստեղծելու մասին: Նրանք միաժամանակ վստահեցրին, որ Նիկոլ Փաշինյանի համար թեւ-թիկունք են լինելու:

«Առավոտի» հետ զրույցում հարցին, թե ինչո՞ւ եք թեւ-թիկունք լինելով՝ առանձին կուսակցություն ստեղծում եւ չեք միավորվում Փաշինյանի հետ՝ Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Որովհետեւ մենք ունենք մեր պատկերացումը ապագա Հայաստանի վերաբերյալ, որոշակիորեն տարբերվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրից: Մենք ունենք մեր ծրագիրը, մեր տեսակետները»: Հարցին՝ ինչո՞վ է տարբերվում՝ նա պատասխանեց. «Մենք չենք ընդունում Երրորդ հանրապետության գոյությունը՝ որպես հայկական պետություն, դա մեզ համար միջանկյալ անցումային մի համակարգ է, որով մենք պիտի անցնենք գաղութատիրությունից զերծ եւ տարածաշրջանային ռուս-թուրք հակահայ ճարտարապետությունը հաղթահարած վիճակի, որի առաջին փուլը Քուռ-արաքսյան հանրապետությունն է: Մենք պետք է Քուռ-արաքսյան միջակայքը զբաղեցնենք, դա այն բնական ենթահամակարգն է Հայկական բարձրավանդակից մեզ մնացած, որ մենք կարող ենք առնել հայկական իրավազորության տակ մոտ հեռանկարում եւ դրա հիմքի վրա զարգանալով՝ շարունակել հայրենատիրությունը՝ մինչեւ հայրենիքի ամբողջացում: Պարոն Փաշինյանի գլխավորած կուսակցությունը այդպիսի ծրագիր, այդպիսի նկրտումներ չունի: Իրենց կուսակցության հիմնադրույթն այն է, որ ամբողջ հայությանը կամ հայության հիմնական մասին համախմբել Հայաստանում եւ ապահովել Հայաստանի բնականոն զարգացումը, ըստ էության սա է գլխավոր իմաստը, մենք այլ կերպ ենք պատկերացնում: Ռուսաստանի բարեկամ կամ ՀԱՊԿ-ի անդամ կամ ԵԱՏՄ-ի անդամ եւ ռուսական գաղութատիրական լծակի տակ ճկված Հայաստանը, որն անդամահատված է եւ չունի համապատասխան հաղորդակցային հնարավորութուններ՝ թեկուզ փոքր ենթատարածաշրջանային առաքելություն ապահովելու համար, չի կարող լինել հայության համախմբման կենտրոն եւ նրա առաքելության համակարգ»:

Հարցին՝ ձեր նկրտումները ռոմանտիկայի ժանրից չե՞ն, մենք այս տարիներին ազատագրված տարածքները չենք կարողացել բնակեցնել՝ Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Ոչ թե մենք չենք կարողացել, նախ, մենք չենք եղել, այսինքն, եղել է ռուսական գործակալների կառավարություն, որում նաեւ ոճրագործներ են եղել՝ իրենց բնույթով եւ վարքով: Հայությունը սուբյեկտ չի եղել, եւ երկրորդը՝ ցանկություն էլ չի եղել: Եթե այդպիսին էին, բնականաբար նման ցանկություն էլ չունեին, իսկ ո՞վ է ցանկացել վերաբնակեցնել, հականպատակ է եղել, նպատակ են ունեցել չվերաբնակեցնելու: Լաչինը կիսով չափ չդատարկվե՞ց նորից»:
Վարուժան Ավետիսյանը կոչ է անում ռուսական բոլոր ալիքները փակել Հայաստանում: Նրա խոսքով՝ դրանք հակառուսական կոչեր չեն, հայամետ են: Մեր հարցին՝ դրանով մենք պատերազմ չե՞նք հայտարարում ՌԴ-ի պես գերտերությանը, ինչո՞ւ գնալ նման առճակատումների, ի՞նչ է դա մեզ տալու՝ Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Ոչ, մենք պատերազմ չենք հայտարարում, ինքնապաշտպանության վիճակի ենք անցնում, հակառակ պարագայում մենք չենք կարող գոյատեւել: Այս համակարգով չենք կարող»:

Նա առաջարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալ, ԵԱՏՄ-ից դուրս գալ: Մեր հարցին՝ բա ի՞նչ անել, մեկուսանալ ու շրջափակման մեջ ապրե՞լ՝ նա պատասխանեց. «Ոչ, չմեկուսանալ, իսկ ո՞վ ասեց, որ ՀԱՊԿ-ը եւ ԵԱՏՄ-ն դրանք դրախտի ցանկալի անկյուններն են, առանց որոնց հայությունը գոյություն չի ունենա: Ինչո՞ւ մենք պետք է որեւէ մեկի համակարգում լինենք: Մենք ունենք այնպիսի խնդիրներ, մեր դիրքը նպաստավոր իրավիճակ է աշխարհում եւ տարածաշրջանում: Տուրբուլենտ իրավիճակներում փոքր ուժերի դերը, կարիքը էապես մեծանում է: Յուրաքանչյուր միավոր, եթե կամք ունի, ստանում է ահռելի հնարավորություններ՝ մեծ ուժերի միջեւ խաղալու: Իսկ մենք հրաժարվում ենք դրանից, դառնում ենք Ռուսաստանի սայլի կցորդ: Եթե մենք չկարողանանք ազատագրվել, ապա մենք երկար տասնամյակներ եւս պետք է այս վիճակում սպասենք, մինչեւ հաջորդ փոփոխությունների ալիքը կգա: Մենք արդեն մի քանի այդպիսի ալիք բաց ենք թողել: Առաջարկում ենք շատ ավելի մասշտաբային մտածել»:
Մեր դիտարկմանը՝ ձեզ արեւմտամետ ուժ են համարում՝ Ավետիսյանն արձագանքեց. «Այդպես են համարում, որովհետեւ մենք առաջարկում ենք հավասարակշռել մեր հարաբերությունների համակարգը եւ քանի որ այսօր մեր շահերը շատ ավելի մեծ չափով համընկնում են հատկապես ԱՄՆ-ի շահերի հետ եւ ինչու չէ նաեւ ամբողջ Արեւմուտքի շահերի հետ, այդ պատճառով մարդիկ այդպիսի որակումներ են տալիս»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Ռուսաստանը չուզենա, Ադրբեջանը պատերազմ չի սկսի տարածաշրջանում, այսինքն, ՀՀ-ի դեմ պատերազմի վտանգ կա, եթե ՌԴ-ի հետ խնդիրներ ունենանք: Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ «Ո՞վ ասաց, որ մենք ՌԴ-ին բարեկամության երդումներ տալով երաշխավորում ենք, որ ՌԴ-ն չի բզբզելու Ադրբեջանին, որտե՞ղ է դրա երաշխիքը: ՌԴ-ն բազմիցս մեր թախանձագին, աղերսագին երդումներին ու նվիրվածությանը պատասխանել է սառը աշխարհաքաղաքական առեւտրով եւ կոտորածներով՝ թե՛ կովկասյան թաթարների, թե՛ բուն թուրքերի ձեռքով իրականացված: Գեներալ Յուդենիչը 4 անգամ հետ ու առաջ արեց կովկասյան ճակատի զորքերը, մինչեւ դատարկվեց ամբողջ Արեւմտյան Հայաստանը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

29.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031