Սկիզբը՝ այստեղ:
Առայժմ հեռանկարային համագործակցության խոստումներ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցի արդյունքները գնահատելիս նախ պետք է արձանագրել, որ Հայաստանի վերաբերյալ, թերեւս, հեռանկարի հիմքեր են գցվել: ԱԳՆ-ից, համենայնդեպս, վստահեցրել են, որ Անգելա Մերկելի հայաստանյան այցի ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:
Այցի ընթացքում, սակայն, Երեւանում հրապարակային հայտարարություններում կոնկրետության պակաս զգացվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տրված պաշտոնական ընթրիքում Փաշինյանն ասել էր. «Համոզված եմ, որ մեր կառավարությունն ամեն ինչ կանի, որ մինչ այս եղած պոտենցիալը բազմապատկվի եւ մենք ունենանք առավել մեծ, առավել տպավորիչ արդյունքներ ու մեր հարաբերությունները զարգանան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում: (…) մեր ժողովուրդն այսօր իր ապագայի վերաբերյալ լավատես է առավել քան երբեւէ, եւ ես ուրախ եմ, որ տիկին կանցլերը եւ Գերմանիայի պատվիրակության մեր գործընկերները միանգամից Հայաստանում նկատել են այդ լավատեսությունը եւ պատրաստակամ են աջակցելու այդ լավատեսությանը, ինչն ինքնին նշանակում է, որ մեր երկրների բարեկամությունը քաղաքական մակարդակում, տնտեսական մակարդակում եւ մարդկային մակարդակում շարունակելու է խորանալ»։
Կարեւոր էր Մերկելի կողմից արձանագրումը, որ՝ Գերմանիան ցանկանում է աջակից գործընկեր լինել հայաստանյան հետագա զարգացումների ուղղությամբ եւ Փաշինյանին Գերմանիա հրավիրելը. «Մենք գիտենք, թե որքան են մարդիկ սիրում խոսել, բայց մենք երկուստեք կարեւորեցինք գործը եւ այսօր մեր առանձին հանդիպման ընթացքում մեզ հաջողվեց ուղենշել եւ որոշակիացնել այն բոլոր ոլորտները, կետերը, որտեղ մենք կարող ենք ավելի խորացված համագործակցել միմյանց հետ: Մենք կարող ենք հաջողությամբ շարունակել խորացնել համագործակցությունը կրթության, գիտահետազոտական, տնտեսական եւ բազմաթիվ այլ ոլորտներում: Գերմանիան կարող է Հայաստանին աջակցություն ցուցաբերել նաեւ Եվրամիության հետ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդյունավետ կիրարկելու ճանապարհին: Եվ որպեսզի մենք չմոռանանք մեր պայմանավորվածությունների մասին՝ ես Ձեզ՝ պարոն վարչապետ, հրավիրեցի հյուրընկալվել Գերմանիայում, որպեսզի կարողանանք արձանագրել ձեռքբերված առաջընթացը եւ շարունակել աշխատել հետագա զարգացման ուղղությամբ», – ասել էր Մերկելը։
Ինչպես ասում է, մնացածն արդեն կախված է Հայաստանի իշխանությունների հետեւողականությունից ու նախաձեռնողականությունից:
Ադրբեջանը՝ էներգապահովման դիվերսիֆիկացիայի տեսանկյունից կարեւոր երկիր ԵՄ-ի համար
Երեւանից Բաքու ժամանած Անգելա Մերկելը, ինչպես հայտնի է, արձանագրել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է նաեւ Գերմանիայի շահերից: «Մանրամասնորեն քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ես մեկ անգամ եւս ընդգծեցի, որ հակամարտության կարգավորումը նաեւ Գերմանիայի շահերից է բխում եւ մենք աշխատելու ենք ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում: Չի բացառվում, որ Հայաստանում նոր կառավարության առկայությունը բանակցությունների վերսկսման հնարավորություն ստեղծի», -ասել էր Մերկելը: Գերմանիայի կանցլերի մակարդակով ուշադրությունը ԼՂ խնդրի վրա որոշակի ազդակ է, որ ԵՄ անդամ ազդեցիկ պետությունը ԼՂ խնդրում կարող է հետեւողական լինել:
Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում Մերկելն Իլհամ Ալիեւի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին` նշելով, սակայն, որ այս հարցում Բաքվի եւ Բեռլինի միջեւ որոշակի տարաձայնություններ կան: Ի դեպ, Ալիեւի հետ բանակցություններից հետո Մերկելը հանդիպել էր նաեւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության առաջատար ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցներից` լրագրող Խադիջա Իսմաիլովան, Ֆեյսբուքի իր էջում մանրամասներ էր հաղորդել Մերկելի հետ զրույցից. «Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման ժամանակ ես խոսեցի կոռուպցիայի մասին եւ թե ինչպես է այդ երեւույթը վտանգում խաղաղությունն ու ժողովրդավարությունն Ադրբեջանում: Մերկելին օդանավակայանում դիմավորել էր փոխվարչապետ Էյուբովը: Դա այն պաշտոնյան է, որ բանակցում է ռուսական զենքի մատակարարումների շուրջ: Դա այն պաշտոնյան է, որի որդին զենքի վաճառքի շուրջ ռուս-ադրբեջանական պայմանագրի կնքումից հետո միլիոնավոր դոլարներ է ստացել «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունից», – նշել էր Խադիջա Իսմաիլովան՝ ամփոփելով. «Ինչո՞ւ պետք է (Ադրբեջանի) կառավարությունը խաղաղություն ուզի, եթե անվերահսկելի պատերազմական ծախսեր անելու եւ գողանալու հնարավորություն ունի»:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպությունը Գերմանիայի կանցլերի այցից առաջ տարածած հայտարարությունում նշել էր, որ Անգելա Մերկելը պետք է սաստի այդ երկրի կառավարությանը մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի եւ ակտիվիստների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքի համար: «Ըստ լրատվամիջոցների նյութերի` Մերկելի` հարավկովկասյան երկրներ կատարվող այցի օրակարգի մեխը Գերմանիայի կողմից Հարավային գազային միջանցքին ցուցաբերվող աջակցությունն է: Նշվում է, որ ծրագրին 1.2 միլիարդ եվրոյի վարկ տրամադրող շնորհատուն Գերմանիան է… Ադրբեջանն ու Գերմանիան ակնհայտորեն հաջող գործարք կկնքեն շաբաթ օրը կանցլեր Մերկելի՝ Ադրբեջան այցելության ընթացքում: Սակայն որպես ԵՄ ամենաազդեցիկ անդամ երկրի ղեկավար, կանցլեր Մերկելը պետք է ապահովի, որ իր գործողությունները խթանեն եւ ներկայացնեն եվրոպական արժեքներ եւ բերեն տեւական արդյունքի քաղբանտարկյալների ազատման գործում, դյուրացնեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորման նկատմամբ սահմանափակումները», հայտարարել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլի իրավախորհրդատու Ադամ Ֆոլդեսը:
Բաքու՝ Մերկելի այցն ուներ նաեւ այլ կարեւոր ուղղություններ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը էներգապահովման դիվերսիֆիկացիայի տեսանկյունից Ադրբեջանին համարում է ԵՄ-ի համար կարեւոր երկիր: Մերկելը հետեւյալ հայտարարությամբ էր հանդես եկել Բաքվում երկու երկրների գործարարների հետ հանդիպման ժամանակ: «Ադրբեջանը Եվրոպայի էներգապահովման դիվերսիֆիկացիայի տեսանկյունից կարեւոր երկիր է ԵՄ-ի համար», – ասել է Մերկելը՝ հավելելով, որ Ադրբեջանը սրընթաց զարգացման է հասել. «Այդ իմաստով տնտեսության դիվերսիֆիկացումը լավ փաստ է: Գերմանական տնտեսության դիվերսիֆիկացումը հիմք է ստեղծում այդ ոլորտում լավ համագործակցության համար»:
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով, 2018թ. յոթ ամիսների ընթացքում Գերմանիայի հետ առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1,8 անգամ եւ կազմել 805,36 մլն դոլար: 2017-ի արդյունքներով, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 894,119 մլն դոլար:
Մինչ Մերկելը Բաքու կհասներ, միջազգային մամուլը գրում էր, որ նա Ադրբեջանում ռուսական գազին այլընտրանք է որոնելու: Գերմանիայի կանցլերն այս շաբաթ կայցելի Ադրբեջան՝ բանակցելու Եվրոպային Կասպից ծովի գազի մատակարարման ծավալները բարձրացնելու շուրջ, եւ դա կարվի ԱՄՆ-ի կողմից Բեռլինի վրա ճնշումների ֆոնին, որի պատճառը «Հյուսիսային հոսք-2»-ն է, որով Ռուսաստանից անմիջապես գազ պիտի մատակարարվի Գերմանիային, գրել էր Financial Times-ը: Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Գերմանիան «չափազանց շահագրգռված է» Ադրբեջանը Եվրոպային կապող «Հարավային գազային միջանցքի» կառուցման հարցում: Նա ընդգծել է, որ դա Եվրամիության ջանքերի կարեւոր մասն է կազմում մայրցամաքում գազի մատակարարման դիվերսիֆիկացման եւ ռուսական էներգակիրներին այլընտրանքի հարցում: Նրա խոսքով՝ Գերմանիան ցանկանում է գազ ներկրել նաեւ այլ երկրներից, ինչպիսիք են Թուրքմենիան, Իրանը եւ Իրաքը: AFP-ն նույնպես փաստել էր, որ Գերմանիայի համար Ադրբեջանը հիմնականում հետաքրքիր է որպես էներգիայի մատակարար: Այս համատեքստում դրա նշանակությունը, ամենայն հավանականությամբ, կմեծանա նաեւ Տրանսանատոլիական գազամուղի շինարարության շնորհիվ, որը կձգվի Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներով մինչեւ հունական սահման: Ենթադրվում է, որ այս խողովակաշարի միջոցով հնարավոր կլինի որոշ չափով նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից:
Թբիլիսիին սթափեցնող Մերկելի ուղերձները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցի առաջին կանգառը Թբիլիսին էր, որտեղ նրա որոշ հայտարարություններ կարելի է նույնիսկ «սառը ցնցուղ» համարել Վրաստանի իշխանությունների համար: Մերկելը, փաստացի, կարեւոր էր համարել Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հաստատումը: «Ցանկանում եմ ընդգծել, որ շատ կարեւոր է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, քանի որ նա Եվրամիության հարեւանն է, բայց մյուս կողմից, մեզ հարկավոր է հստակեցնել մեր արեւելյան քաղաքականության մեջ: Ռուսաստանը աշխարհում կարեւոր երկիր է հանդիսանում, Գերմանիան ցանկություն ունի լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Եվրոպան եւ Ռուսաստանը լավ համագործակցում են եւ շատ բան են իրարից սովորում, բայց միեւնույն ժամանակ ցանկանում եմ հատկապես նշել, որ ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն ՌԴ թշնամիները չեն», – ասել էր Մերկելը՝ ելույթ ունենալով Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների առջեւ, նաեւ հավելելով, որ «Ռուսաստանի հետ շատ դժվար է կարգավորել հարաբերությունները»:
Թբիլիսիում հաջորդ արձանագրումն այն էր, որ Մերկելը բացառեց մոտ ժամանակներս Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին: Գերմանիան աջակցում է ՆԱՏՕ-ի կազմում Վրաստանի ինտեգրմանը, սակայն երկրի անդամակցումը միությանը շատ շուտով քիչ հավանական է, ասել էր Մերկելը՝ հավելելով. «Ես հնարավոր չեմ համարում ՆԱՏՕ-ի կազմում Վրաստանի արագ անդամակցումը։ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի համատեքստում մենք չենք կարող խոսել արագ անդամակցման մասին։ Ամեն դեպքում, սա Գերմանիայի դիրքորոշումն է եւ այն չի փոփոխվի»,-ասել է նա։ Կանցլերն, այնուամենայնիվ, շեշտել էր, որ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան Վրաստանի անքակտելի մասն են հանդիսանում եւ «կոպտագույն խախտում» է անվանել երկրի տարածքային ամբողջականության խախտումը։ Նա հայտարարել է, որ ուսումնասիրում է այս հարցը Ուկրաինայի հետ նույն համատեքստում։
Մերկելը կարեւորել էր գազի եւ նավթի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ երկրի էլեկտրամատակարարումն ապահովելու համար. «Մենք քայլ առ քայլ կրճատում ենք ածխի օգտագործումը, մեզ գազ է անհրաժեշտ, որը մեզ է հասնում Բելառուսի, Ուկրաինայի եւ Լեհաստանի տարածքներով, այդ պատճառով էլ հավանություն ենք տալիս «Հյուսիսային հոսանք 1» եւ «Հյուսիսային հոսանք 2»-ին»։ Կանցլերի խոսքերով՝ ՌԴ-ից գազի մատակարարումն ավելի էժան է, քան այլ երկրներից։
Կոնկրետ արդյունքների առումով Մերկելի այցը Վրաստան միանշանակ կարելի է արդյունավետ համարել: Այդ այցի շրջանակներում ձեռք բերվեց պայմանավորվածություն` Վրաստանին տրամադրել 199 մլն եվրո ֆինանսավորում՝ գազի պահեստավորման օբյեկտի եւ դրան հարակից այլ ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման համար, ինչը վկայում է էներգետիկ ոլորտում Գերմանիայի ունեցած հետաքրքրության մասին։
Գերմանիան 150 մլն եվրո է տրամադրելու Վրաստանին՝ երկրում առաջին գազային պահուստը կառուցելու համար: Թբիլիսիում գերմանական դեսպանատան հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում էր. «Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության անունից KfW-ն 150 մլն եվրոյի չափով կրեդիտ է տրամադրում Վրաստանում առաջին ստորգետնյա գազապահոցը կառուցելու համար: Ներդրումների ընդհանուր թիվը կկազմի 220-250 մլն եվրո եւ կֆինանսավորվի KfW-ի, Եվրոպական ներդրումային բանկի եւ Վրաստանի պետական նավթագազային կազմակերպության կողմից»: Նշվում է, որ նոր գազապահոցը թույլ կտա նվազեցնել Թբիլիսիի էներգետիկ կախվածությունը հարեւան երկրներից: Բացի այդ՝ պահոցի կառուցումը նախատեսված էր ասոցիացիայի մասին համաձայնագրով, որը Վրաստանը եւ ԵՄ-ն կնքել են 2014-ին:
«Այցիս շրջանակում կստորագրվի երկու համաձայնագիր: Խոսքը վերաբերում է մոտ 193 մլն եվրոյի հատկացմանը՝ գազապահեստարանի, ինչպես նաեւ ջրամատակարարման ու կոյուղատար համակարգերի համար»,- նշել էր Մերկելը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ բանակցությունների ավարտից անմիջապես հետո: Նա հավաստիացրել է, որ Բալթիկ ծովի հատակով «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը, որի միջոցով Ռուսաստանը գազ կմատակարարի Գերմանիային, Բեռլինին էներգետիկ կախվածության մեջ չի դնի Ռուսաստանից, ապա հավելել է, թե կցանկանային համոզված լինել, որ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման ավարտից հետո Ռուսաստանը կշարունակի գազի որոշակի ծավալների արտահանումը Եվրոպա` Ուկրաինայի տարածքով:
Սկիզբը՝ այստեղ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 29.08.2018