Փախստականները Փաշինյանի ուշադրությունն են հրավիրում
«Գաղութի պայմաններում ենք ապրում: Երեւի գաղութում մեզանից լավ են ապրում»,-ասում է նախկին ուսումնարանի վթարային շենքում մոտ 30 տարի բնակվող Ռաիսա Հարությունյանը: 1989 թվականին, փրկվելով Բաքվի ջարդերից, տիկին Ռաիսան ընտանիքի հետ եկել է Հայաստան ու հենց այն ժամանակ էլ նրանց մի փոքր սենյակ են հատկացրել Էրեբունի համայնքում գտնվող Խորենացի 213 հասցեի նախկին ուսումնարանի շենքում: Այս տարիների ընթացքում շենքը, կարելի է ասել, այլեւս պիտանի չէ բնակության համար, ու ինչպես վստահեցնում է տիկին Ռաիսան, փլուզման եզրին է, 4-րդ կարգի վթարային է:
«Պատերը փլվում են, տանիքը, հատակը քանդված են: Սանհանգույցն ընդհանուր է, ու քանդված, մի ահավոր վիճակ է: Հանրակացարաններում հիմա առանձին սանհանգույց ունեն, մերը մի խայտառակ վիճակում է: Գիտեք ի՞նչ ենք անում, ձմռանը սառած է լինում, սենյակում համ լողանում ենք, համ ճաշ եփում, ուտում, համ էլ դույլի մեջ, կներեք, անում, ու տանում զուգարանում թափում: 21-րդ դարում մարդիկ այսպիսի պայմաններում են ապրում: Հակահիգիենիկ վիճակ է, իսկ այստեղ երեխաներ են մեծանում: Խոհանոցի պատերը բորբոսնած, ամբողջ շենքի պատերը նեխած վիճակում են: Հոսանքալարերը դուրս եկած, թափված: Մի օր մեկին հոսանքը կխփի: Շենքի աստիճանները կիսաքանդ: Փայտի վառարաններ ենք վառում, սեզոնին փայտն էլ չենք կարողանում բակում տեղավորել, տեղ չկա, բայց դե տներում էլ անգամ ապրելու տեղ չկա, էլ ուր մնա, թե փայտը ներս բերենք: Երեխաների համար անգամ բակում տեղ չկա խաղալու: Մեր շենքի մոտ մի հյուրանոցատիպի բան կա, հյուրանոց չէ, անառականոց է: Երեխեքը պարզ տեսնում են ներսում ինչ է կատարվում: Մտածում ենք՝ իբր շենքում նորմալ վիճակ կա՞, դրսում էլ էդ անառականոցը: Մի դժբախտ վիճակում ենք»,- «Առավոտին» պատմում է տիկին Ռաիսան:
Նախկին ուսումնարանի այս շենքում այսօր բնակվում է 27 ընտանիք, որից 17-ը Ադրբեջանից փախստականներ են, իսկ 10-ը անօթեւան ընտանիքներ: Նրանք բնակվում են հիմնականում շենքի 4-րդ հարկում, 3-րդում՝ մասնակի: Տիկին Հարությունյանն ասում է՝ 30 տարի է իշխանությունները խոստումներ են տալիս, ու ասում՝ սպասեք՝ երբ փող կլինի՝ նոր կացարան կտանք: Ու ամեն իշխանության փոփոխության հետ այս ընտանիքները նորից հույսով են լցվում ու նամակներ գրում նոր կառավարությանը:
Այս անգամ էլ, ինչպես պատմում է տիկին Ռաիսան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին են նամակ գրել, խնդրում են մի անգամ վարչապետն այցելի իրենց, ոտք դնի այդ շենք. «Ուզում ենք Փաշինյանը մի հատ գա, տեսնենք՝ գոնե մի ժամ, մի րոպե կարա՞ ապրի այս պայմաններում: Ու մի հատ տեսնի խոհանոցը, զուգարանը, սենյակները ինչ աստիճանի քանդված են»:
Ռաիսա Հարությունյանն ասում է՝ 30 տարի է կարծես պատանդի կարգավիճակում են լինում, կառավարությունները խոստումներ են տալիս, ու մոռանում. «Գիտեք, ես կարող էի ընտանիքով գնալ Ռուսաստան էն տարիներին: Բայց մտածեցի՝ ախր տատերս Արեւմտյան Հայաստանից գաղթած էին, հիմա էլ իմ ընտանքը գաղթեր, հետո, աստված գիտի ուրիշ երկրում ինչ կլիներ, ու իմ զավակները պիտի գաղթական լինեին: Չուզեցինք օտար երկիր գնալ, ուզեցինք մեր հայրենիքում մնալ, ու չենք փոշմանել: Բայց Հայաստանում բոլորը մարդահաշիվ են, փախստականները՝ ոչ: Մենք միշտ պաշտոնյաների համար վերջին պլանում ենք եղել: Ինչո՞ւ: Բաքվից «տկլոր» փախել ենք, ոչ մի բան չենք կարողացել հետներս բերել: Գոնե ոսկեղեն, մի արժեքավոր բան բերած լինեինք, վաճառեինք, աշխատեինք, ու կարող է մի սենյակի տեր լինեինք: Մեր բախտը չբերեց: Չէ, բերեց, չկոտորվեցինք, երեխաներս, ամուսինս, սկեսուրս ողջ-առողջ հասանք Հայաստան: Տղաս էլ այստեղ ծնվեց: Արդեն մեծ է, չի ամուսնանում, ասում է՝ էս բոմժանոցում ոնց աղջիկ բերեմ, ստեղ ով կուզի ապրել: Ամաչում են անգամ էս բնակարանային խնդիրների մասին բարձրաձայնել: Բայց ելք չունենք»:
Տիկին Ռաիսան վստահեցնում է՝ իրենց բնակության շենքի անմիջապես հարեւանությամբ «մոթել է» գործում, որի սեփականատերը ուսումնարանի շենքն, ըստ որոշ լուրերի, ուզում է գնել. «Մեզ ասում էին՝ հյուրանոցի տերը իբր որպես փոխհատուցում մեզ համար Վարդաշենում մի հին լքված շենք է առել: Ասում էին՝ մի բողոքեք, էդ շենքում սենյակներ կտան ձեզ: Ի՞նչ շենք, էլի կիսաքանդ, բաղդատից հատակ, վթարային շենք էր: Գոնե սենյակները նորմալ նորոգեին: Մի շատ փոքր սենյակ է, մեկ մետրի վրա գեյզերն է, մյուս մետրի վրա՝ բաղնիք-զուգարանը: Այնտեղ էլ անհնար էր ապրել, գազ քաշելու իրավունք չկար: Մի խոսքով՝ մի անմարդկային պայմաններից դուրս պիտի գայինք, մի ուրիշ տեսակի անմարդակային պայմաններում հայտնվեինք: Հրաժարվեցինք: Իրենք էլ ասում են՝ ձեզ կհանենք սեպտեմբերին: Ո՞ւր են հանելու»:
Վերջին անգամ այս շենքի փախստական բնակիչները դիմել են միգրացիոն պետական ծառայության նոր ղեկավարին՝ Արմեն Ղազարյանին. «Այսինքն՝ կառավարությունից գործը գցեցին միգրացիոնի վրա: Այստեղ էլ Ղազարյանն ասաց, թե՝ հիմա գումար չկա, բայց եթե գումար լինի՝ դուք առաջնահերթ եք: Ասում են՝ բյուջե չունենք, եթե հովանավոր գտնվի, որ շենք կառուցի, լավ կլինի: Հիմա հովանավոր ո՞նց գտնենք: Ախր մեր ուզածը չորս պատ է, մարդկային պայմաններ, չորս պատ տան, գուցե մենք ներսի նորոգումը կարողանանք անել: Մեր իրավունքներն էլ վերջապես հարգեն»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
29.08.2018