Մերսողների գովազդին արձագանքող անձը,
ըստ դատարանի, «հանդիսանում է պայմանագրի կողմ»
Հ. Ա.-ի վերաբերյալ քրեական գործը դատարաններում է 2016թ. նոյեմբերից: Նրան մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի հունվարից փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում Գ.Ա-ի եւ Լ.Մ.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար կացարան տրամադրելու համար:
Այս տարվա փետրվարին Հ.-ն արդարացվել է, ճանաչվել անմեղ: Վերացվել է խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Չնայած դատավճռում գրված է, որ այն կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում, սակայն մեղադրող Գ. Ալոյանը երկու ամիս հետո ուշացումով է ներկայացրել իր բողոքը: Նա խնդրել է բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հանցակազմի բացակայության հիմքով կայացված արդարացման դատավճիռը եւ ամբաստանյալին մեղավոր ճանաչել հանցագործության կատարման մեջ եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Մինչ օրս երկու նիստ է կայացել, երեք նշանակված նիստեր հետաձգվել են:
Դատական նիստերը թե ընդհանուր իրավասության, թե վերաքննիչ դատարաններում դռնփակ են: Չխախտելով անձանց անմեղության կանխավարկածը՝ ներկայացնենք որոշ մանրամասներ իքս-մերսման սրահի աշխատակիցների հետ պատահածից:
Ըստ էության, տուժողները մերսման սրահի տնօրենի արդարացման դատավճռից հետո կարող են հայտնվել վտանգավոր շրջանակում:
Վկաներից մեկը մերսող է աշխատել տվյալ մերսման սրահում: Նա տնօրենի առաջարկով փորձաշրջան է անցել: Ի՞նչ պայմաններ է առաջարկվել վկա-աշխատակցին. «Մերսման սրահում բացառապես մերսում է կատարվում, որից հետո մենեջերը ծանոթացրել է մերսման տեսակներին եւ մատուցվող ծառայության գնացուցակին: Մատուցվել է երեք տեսակի մերսում, դրանք են՝ «կլասիկ», ամբողջ մարմնի մկանային մերսում, որի ընթացքում մերսողը եղել է հագուստներով, «արեւելյան-սպորտային»՝ մարմնի ամբողջ մկանային մերսում կոշտ եղանակով՝ արմունկներով եւ ծնկներով, որի ընթացքում մերսողը լինում է կիսամերկ եւ «թայլանդական»՝ մարմնի հանգստացում նուրբ էլեմենտներով, որի ընթացքում մերսողը լինում է կիսամերկ: Մերսումները սկսվում էին մեջքի հատվածից եւ ավարտվում ոտքերով»:
Տվյալ աշխատավայրում գները տարբեր են եղել, դրանք տատանվել են 10.000-ից մինչեւ 30.000 հազար ՀՀ դրամի սահմաններում: Մերսման ժամանակ կատարվել է մարմնի բոլոր մասերի, այդ թվում՝ ներքին օրգանների մերսում:
Ի դեպ, մերսողներին աշխատանքի հրավիրելու մասին հայտարարությունը տպագրված է եղել «List.am» կայքում: Նախաքննության ժամանակ վկաներից մեկն ասել էր, որ երբ իրեն որպես մերսող են ընդունել, պայմանավորվել են երեք տեսակի մերսման մասին՝ «Ռելաքս-կլասիկ», «Արեւելյան», «Էռո», որոնց արժեքը համապատասխանաբար կազմել էր 10.000, 15.000, 20.000 ՀՀ դրամ:
Վկաներից մեկն ասել էր, որ ամբաստանվող տնօրենը իրեն աշխատանքի ընդունելիս զգուշացրել է, որ սրահում մերսուհիներին խստիվ արգելվում է հաճախորդների հետ ունենալ որեւէ տեսակի սեռական հարաբերություն:
Վկա մերսողներից մեկը հայտնել է, որ մերսման սրահում իր հետ աշխատել են չորս- հինգ աշխատակիցներ: Նա էլ ասել էր, թե տվյալ մերսման սրահում երկու տեսակի մերսումներ են իրականացրել` «արեւելյան» եւ «կլասիկ»:
Նա հայտնել է, որ մերսման սրահում աշխատող մերսուհիների եւ տնօրենի միջեւ պայմանագրեր են կնքված եղել, որոնք մերսուհիները կարդացել եւ ստորագրել են: Մերսումները կատարվել են բացառապես մերսման սրահում, մերսուհիները հաճախորդների հետ այլ վայրեր չեն գնացել, սակայն եղել են նաեւ այնպիսի դեպքեր, երբ հաճախորդները դիմել են իրենց սեռական կրքի բավարարման համար, բայց մերժում են ստացել, քանի որ իրենք նման ծառայություններ չեն մատուցել:
Տուժողներից մեկը ցուցմունք էր տվել, որ աշխատել է ամեն օր` ժամը 14:00-ից մինչեւ գիշերվա ժամը 04:00-ն, իսկ մյուսը աշխատել էր ամեն օր` ժամը 16:00-ից 06:00-ն:
Ընդհանուր իրավասության դատարանի դիտարկմամբ, եթե մերսման սրահում կատարվածը դիտվի «պոռնկությամբ զբաղվել», ապա պետք է համապատասխանի մյուս կարեւոր նախապայմաններին` մատուցված ծառայությունը ենթադրի արտամուսնական, պատահական սեռական հարաբերություն:
Ըստ դատարանի, գովազդը կամ անձանց անորոշ շրջանակին հասցեագրված այլ առաջարկները համարվում են հրապարակային հրավեր եւ յուրաքանչյուր արձագանքող անձ հանդիսանում է պայմանագրի կողմ, ուստի տվյալ դեպքում պետք է նկատել, որ հաճախորդը, որպես պայմանագրի կողմ, վճարել է ոչ թե մեղսագրված հարաբերությունների համար, այլ մատուցված մերսման դիմաց, ինչը եւս պոռնկությունը բացառող հատկանիշ է, որպիսիք փաստում են հանցագործության դեպքի բացակայությունը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
29.08.2018