Սենթ-Լուիսում ավարտվեց աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ «Grand Chess Tour»-ի երրորդ փուլը՝ «Սինքֆիլդի գավաթի» խաղարկությունը: Լեւոն Արոնյանը, նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ինը հնարավորից վաստակեցին 5.5-ական միավոր եւ բաժանեցին 1-ից 3-րդ հորիզոնականները: Սակայն պարզվեց, որ լրացուցիչ գործակիցների հաշվարկով հնարավոր չէ որոշել նրանց դասավորությունը, քանի որ նախորդ երկու մրցաշարերում երեք շախմատիստներն էլ բացարձակ նույն արդյունքներն են արձանագրել:
«Սինքֆիլդի գավաթի» կանոնակարգի համաձայն հավասար միավորների դեպքում վիճակահանությամբ գրոսմայստերների միջեւ պետք է անցկացվեր թայ-բրեք, որտեղ նախ պետք է որոշվեր այս մրցաշարում առաջատարների եռյակում նրանց դասավորությունը, մեկ այլ թայ-բրեքի օգնությամբ էլ պետք է պարզվեր նաեւ երեք մրցաշարերի ընդհանուր արդյունքով Լոնդոնում կայանալիք «Grand Tour»-ի եզրափակչի չորրորդ ուղեգրի հարցը: Ստացվել էր փակուղային վիճակ, որի լուծումը ի վերջո գտնվեց կազմակերպիչների եւ գրոսմայստերների միջեւ բանակցությունների միջոցով: Որոշվեց, որ «Սինքֆիլդի գավաթի» հաղթողին որոշելու համար թայ-բրեք չի անցկացվի: Բոլոր երեքն էլ՝ Լեւոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան եւ Մագնուս Կարլսենը, հայտարարվում են հաղթող: Սակայն «Grand Chess Tour»-ի Լոնդոնում կայանալիք «Grand Tour»-ի չորրորդ ուղեգրի համար թայ-բրեք կկազմակերպվի ընդհանուր մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը բաժանած ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի եւ Ուեսլի Սոի միջեւ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
29.08.2018