Aravot.am-ը Արդարադատության ներկայիս նախարար, «Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած թեկնածուների առատությանը: «Դրական է, շատ ողջունելի է»,-ասաց նա:
Մեր հարցին, արդյոք մտահոգություն չունի՞, որ կարող է պարտվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆավորիտ թեկնածու Հայկ Մարությանին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բոլորվին վախ չունեմ, որովհետեւ այս պայքարում պարտություն չի լինելու, եթե ընտրությունները թափանցիկ ու արդար են, պարտվողներ չեն լինելու: Երեւանն է որոշում կայացնում, դա որոշում է ծառայության նշանակելու վերաբերյալ: Եթե ծառայության չես անցնում, միթե դա վախենալու է»:
Մեր դիտարկմանը, որ շատերն ասում են, որ ի դեմս իրեն կորցնում ենք պրոֆեսիոնալի, արդարադատության լավ նախարարի, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Ես ոչ միայն իրավաբան եմ, այլեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մասնագետ, իմ մասնագիտությունը միայն իրավաբանությունը չէ, իրավապաշտպանությունը չէ: Ես ավարտել եմ պետական կառավարման ակադեմիան շատ լավ ցուցանիշներով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ