Հանրապետություն կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամենահիշվողը «Ելք» դաշինքի ավագանու անդամներն են, իսկ «Լույսի» ցուցակը գլխավորող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին նա ներկայացրեց որպես աշխատասեր ու բծախնդիր մարդ:
Aravot.am-ի հարցին արդյոք մտավախություն չունեն, որ կպարտվեն Նիկոլ Փաշինյանի ֆավորիտ թեկնածու Հայկ Մարությանի հետ մրցակցության ժամանակ, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Ընտրության արդյունքները որոշում է Երեւան քաղաքի քաղաքացին, հաղթել-պարտվելու խնդիրները այս ընտրության պարագայում այլ հարթության մեջ են, որովհետեւ նախորդ ընտրություններում ընտրության ամենամեծ բաղադրիչներից մեկն էլ այն է, որ մասնակից թիմերն ընդունում են, որ իրենք հաղթել կամ պարտվել են արդար պայքարում…Եթե դուք անգամ նարդի եք խաղում, ու արդար պայքարում պարտվում եք, ասում եք այս անգամ զառը քեզ տվեց, բախտդ բերեց, բայց եթե դիմացինը խարդախություն է անում, նարդին փակում եք, զառերը շպրտում եք, ասում եք, քեզ հետ այլեւս չեմ խաղալու… Ձեր հարցը այդ ենթատեքստում է: Այնքանով, ինչքանով կարող ենք հաղթել, այդքանով էլ կարող ենք պարտվել, նույն բանը կարող է ասել այս ընտրություններում ցանկացած թեկնածու»:
Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում անակնկալները շատ են լինելու. «Որեւէ մեկը, որ կասի լուրջ կանխատեսում ունի, կասի այսինչի դեպքում, հստակ հաղթած է, հաստատ այդպես չէ: Սա այն ընտրությունն է, որտեղ ադմինիստրատիվ ռեսուրս չի աշխատելու, որտեղ մաքսիմալ փակվելու է փողի ազդեցությունը, իսկ բացարձակ ազատ, արդար ընտրությունների պարագայում անկանխատեսելի բաներ շատ են լինում» :
Հարցրինք նաեւ, թե ինչպես է վերաբերվում թեկնածուների առատությանը: «Միանշանակ շատ լավ, դա համարում եմ այս վերջին գործընթացների, իրավիճակի դրական դրսեւրումներից մեկը, մարդիկ հավատում են, որ, արդար ընտրության հնարավորություն կա, ուզում են փորձել իրենց ուժերը, քաղաքական դաշտին ցույց տալ իրենց ներկայությունը, ուզում են ստուգել իրենց հնարավորությունը խորհրդարանական ընտրություններից առաջ:
Շատ-շատ կուզենայի, որ Հանրապետական կուսակցությունն էլ մասնակցեր Երեւանի ավագանու ընտրություններին, որովհետեւ համոզված եմ, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է, եւ այդ առումով կուզենայի, որ իրենք էլ խաղի մեջ լինեին, ունենային իրենց թեկնածուն, այդ թեկնածուով քարոզչություն անեին եւ ստուգեին իրենց ուժերը խորհրդարանական ընտրություններից առաջ, որովհետեւ քաղաքական միավորը, որ որոշակի պոտենցիալ ունի եւ խորհրդարանական ընտրություններում մասնակցելու է, լավ կլինի լինի կանխատեսելի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ