«Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները որոշում են կայացրել Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցել «Լույս» դաշինքով:
Օգոստոսի 29-ին կայացած «Լույս» դաշինքի դրամահավաք միջոցառման ժամանակ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց, որ նման միջոցառումներն իրեն սովորեցրել են Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը, այսինքն` «Լուսավոր Հայաստանն» ու «Քաղաքացիական պայմանագիրը»: «Քաղաքական գործընթացների մեջ նոր խոսք է դրամահավաքի համակարգը, ինչը վաղուց ընդունված է միջազգային հանրության մոտ»,-ասաց Արամ Սարգսյանը:
Նրա ձեւակերպմամբ՝ «Մինչ այդ գործում էին հայկական տարբերակով, տնից ով ինչ ճարում բերում-դնում էր, իսկ սա քաղաքակիրթ մեթոդ է քաղաքական անկախությունն ապահովելու, ինձ համար նաեւ տոնական մթնոլորտ ստեղծելու, մի-մի բաժակ խփելու առումով»:
Արամ Սարգսյանը մաղթեց, որ «Լույսի» ճանապարհը հարթ լինի. «Մենք կաշխատենք քարոզարշավի գործընթացը կազմակերպել հնարավորինս հետաքրքիր, որ չլինի տաղտկալի, ձանձրալի, այլ լինի արդյունավետ, սովորեցնող, քարոզարշավից նաեւ նոր բան մտնի հայկական քաղաքական դաշտ…Կաշխատենք այս քարոզարշավում նորանոր քաղաքական անհատների ի ցույց դնել, ճանապարհ բացել նոր մարդկանց համար…»:
Նա ներկայիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որ գլխավորում է «Լույսի» ցուցակը, ներկայացրեց որպես անաչառ մարդ, որը իր ներկայությամբ փոփոխություն է գործող համակարգում. «Արտակ Զեյնալյանը վստահություն է ներշնչում, Արտակից ոչ մեկ անկանխատեսելիություն չի սպասում, ինքը հստակ մարդ է…Եվ վերջապես, եթե փորձենք հիշել, թե ովքեր են եղել Երեւանի ավագանու անդամները, ապա հիշելունը մենակ «Ելք» դաշինքի անդամներն են»:
ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ «Ելք» խմբակցությունը Երեւանի ավագանիում լուրջ աշխատանք է տարել, ապրել երեւանցիների առօրյայով, որն էլ ավագանու առաքելությունն է: Նա խոստացավ, որ նույնը «Լույսն» է անելու:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ խնդիրը միայն այսօր հավաքվելիք նյութական միջոցները չեն, միջոցառումը նաեւ խորհրդանշական է, քանի որ իրենց աջակցող մարդկանց կապելու են իրենց հետ հետագայում հաշվետու լինելու համար: «Մեր խմբակցությունները ինչպես Ազգային Ժողովում, այնպես էլ ավագանիում ստանդարտ են փոխել եւ դա նաեւ երեւում է մարդկանց ակտիվությամբ, որոնք մտածում են, որ կարելի է սկսել եւ արդյունք ստանալ: Ես հաճույքով կառաջնորդեն 11 հոգանոց թիմը, որպեսզի նոր բարձունքներ վերցնենք, նոր ստանդարտներ առաջադրենք»,-ասաց Զեյնալյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ