PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանը հայտնի ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզարյանի այցը Հայաստան դրական լույսի ներքո է դիտարկում:
Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Կիրակոսյանը շեշտեց՝ իրականում փիառում չափից ավելի կարևոր են սկզբունքները, և այդ պարագայում կապ չունի Քիմ Քարդաշյանի, Դեն Բիլզերյանի, Հռոմի պապի, թե Շերիլին Սարգսյանի այցելության մասին է խոսքը, իրականում կարևոր է, թե նաև ինչ տեղեկատվական հոսքեր են գնում աշխարհով մեկ կամ մեզանում մշակույթի ձևավորումն ինչ փուլ է ապրում: Այս առիթով մեր զրուցակիցը նշեց. «Չմոռանանք` երիտասարդություն է այստեղ մեծանում՝ անչափահասներ, պատանիներ, որոնք այդ ոգևորության ալիքից կարող են ընդօրինակման նոր կերպարներ ընտրել, եթե մի ժամանակ դա Ռեմբոն էր կամ Բրյուս Լին, հիմա կարող են Դենը կամ Քիմը դառնալ: Ես, իհարկե, հեռու եմ ծայրահեղություններից, ամեն դեպքում այդ այցելությունը դիտում եմ հիմնականում դրական լույսի ներքո, եթե, իհարկե, պրոցեսները կառավարելի են»:
Հայկ Կիրակոսյանը նաև փաստեց՝ մեզանում շատ ավելի մեծ անհատներ կան, քան դրսի նշանավոր կամ մեծահարուստ մեր հայրենակիցներն են, կամ նրանք, որոնք նոր- նոր են գլխի ընկնում, որ մեր հայրենակիցներն են: Օրինակ՝ Տիգրան Մանսուրյանի հետ համեմատության եզրեր չկան, Շարլ Ազնավուրը, մշակույթի, արվեստի թատրոնի ոլորտի ներկայացուցիչներ և այլք:
Ըստ PR խորհրդատու՝ Դեն Բիլզերյանի այցը գովելի է, քանի որ հիմա մենք շատ ավելի բաց Հայաստան ենք. հայորդի, որը թեկուզ ծագումով է հայ և լիարժեք դեռ չի տեղավորվում հայ հասկացության մեջ, անպայման Հայաստանը պիտի դիտի իր տուն, բայց դա պետք է փոխադարձ լինի: Այս առիթով Հայկ Կիրակոսյանն ասաց. «Ես միտում եմ տեսնում՝ միակողմանի կոմունիկացիա, թե ինչ է տալիս Դենի այցը: Բայց տարբեր տեսանկյունից կարելի է նայել, միգուցե նա որոշել է իր բազմասեր, կնամեծար կյանքին վե՞րջ տալ, գալ մի հայուհի որպես իր ապագա կին ընտրել, կարող է եկել է Հայաստան աղջիկ տանելո՞ւ, եթե ոչ, ապա դա իրեն՝ մեզ հետ կապելու մի եղանակ է»:
Ըստ Հայկ Կիրակոսյանի՝ առաջին հայացքից տպավորություն է այն, որ մենք միայն ստանալու բան ունենք մեր հայրենակիցներից: Բայց ստանալու բան ունեն նաև նրանք, քանի որ կարող են հպարտորեն ասել, թե իմ հայրենակիցը Շառլ Ազնավուրը, Կոմիտասն է, իմ հայրենակիցներն իրականացրել են աշխարհի առաջին անարյուն հեղափոխությունը, որն ավելին է, քան Մահաթմա Գանդիի արածը, ես առաջին քրիստոնյա ժողովրդի ներկայացուցիչն եմ, հենց իմ լեռան վրա է իջել Նոյան տապանն ու այստեղից է սկիզբ առել մարդկությունը:
Ըստ PR խորհրդատուի՝ հայերենը գերխնդիր պետք է լինի բոլոր աշխարհասփյուռ հայերի համար. վատ չէր լինի, օրինակ, Դեն Բիլզերյանին այբուբեն նվիրել մի թանկ նյութի վրա գործված կամ փորագրած, հայերենի վերաբերյալ դիսկեր և անվճար քարտ լիներ, որ կարողանա հայերեն սովորել: PR խորհրդատուն առաջարկեց մշակույթի և կրթության նախարարություններին անվճար նման քարտ նվիրել Հայաստան եկող ցանկացած հայտնի հայի:
Հայկ Կիրակոսյանը դրական ազդակներ է տեսնում դեռ Անգելա Մերկելի այցից սկսած, երբ ինստագրամում, թվիթերում անդրադարձ եղավ, ռուսական կողմը գրեց, եղավ Ադրբեջանի հիստերիան:
Ըստ Հայկ Կիրակոսյանի՝ դրական ուղերձներ է պարունակում այն, որ Դեն Բիլզերյանը զինվորագրվեց ՀՀ-ում: Ըստ նրա՝ իհարկե, բոլորս հասկանում ենք դրա խորհրդանշական կողմը. այնպես չէ, որ հիմա էլ անցնելու է շարային ծառայության, բայց ուղերձը կարևոր ու լավն է հատկապես ամերիկահայ երիտասարդների համար:
PR խորհրդատուի կարծիքով՝ պետք չէ քաղաքականացնել Դեն Բիլզերյանի այցը, թեև շահարկումներ եղան, որ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի որդու հետ:
Մեր այն դիտարկմանը՝ կարծես քաղաքական ուժերը դիրքավորվել են Դեն Բիլզերյանի այցի շուրջ, և մի թեևը խրախուսում է այցը, մյուս թևը կարծում է, որ պետք չէ Հայաստանն ասոցացնել նման բարք ունեցող անձի հետ, Հայկ Կիրակոսյանն արձագանքեց. «Եթե խոսում ենք Դեն Բիլզերյանի վարքի մասին, ապա ասենք, որ գոնե ընդգծված տղամարդ է, որը հակում ունի կանանց, ճիշտ է, դեպի շատ կանանց, մանավանդ վերջերս եղան ԼԳՏՊ-ի հետ կապված թեմաներ, Էլթոն Ջոնի այցը և այլն»:
Դեն Բիլզերյանի այցը քննադատողները այն փաստարկն են բերում, թե նա էլ մարիխուանայի ջատագով է, Հայկ Կիրակոսյանն արձագանքեց. «Գուցե մարիխուանայի, բազմակնության ջատագով է, բայց մենք հո ամեն հյուր, որ գալիս է Հայաստան, այդ պահից սկսած չե՞նք պարտավորվում այդ մարդու կենցաղն ու բարքերը ներդնել մեր իրականություն և քարոզել պետական մակարդակով: Էլթոն Ջոնն էլ իր դավանանք ու հակումներն ունի, այս մյուսը մարիխուանայի և գեղեցիկ կանանց: Նման հակում ուներ նաև Քըրք Քըրքորյանը. մի անգամ նրա իննսունամյակի տեսանյութն էի նայում, ականատես եղա, որ նա էլ շրջապատված է երիտասարդ աղջիկներով»:
Ըստ Հայկ Կիրակոսյանի՝ վատ չի լինի Դեն Բիլզերյանի հետ կամուրջ ունենանք, այլ ոչ թե իրեն դիտենք որպես դրամապանակ: Հայկ Կիրակոսյանն առաջարկում է՝ մեծ թաղամաս սարքել աշխարհի նշանավոր հայերի համար. «Մեր հարկերով մարդիկ պալատներ են գնել Շվեդիաներում, Շվեյցարիաներում ու Իսպանիաներում, բայց ես դեմ չեմ, թող մեր հարկերով մի թաղամաս կառուցեն նրանց համար. մի հատ Քարդաշյանին կնվիրենք, մի հատ Դեն Բիլզերյանին, ընթացքում բազում նոր հայեր են բացահայտվելու: Զբոսաշրջիկները կայցելեն, կտեսնեն: Հետո էլ աշխարհի առաջատար կայքերն ու թերթերը կգրեն, թե այսինչ հայտնի անձն իր հանգիստն է անցկացրել նոր, բաց Հայաստանում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ