Aravot.am-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը
– Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշման մեջ հիմնավորել էիք, որ այդ ընտրությունները չէ, որ Հայաստանում ամրապնդելու են փոփոխությունները եւ դրանց ժողովրդավարական ընթացքը: Բայց, խորհրդարանական ընտրություններից առաջ Երեւանի ավագանու ընտրությունները մի տեսակ ստուգատես են թե կուսակցությունների համար, թե հանրության եւ թե հետագա ընտրական գործընթացների: Ինչից խուսափելով կայացրեցիք ընտրություններին չմասնակցելու որոշումը:
– Երևանի ավագանու ընտրությունները, միանշանակ կարևոր են, սակայն դրանք էականորեն տարբերվում են ԱԺ ընտրություններից թե՛ տրամաբանությամբ, թե ձևաչափով, և, կարծում եմ, քաղաքական առումով էլ ճիշտ չէ այդ ընտրությունները համեմատել ու զուգահեռներ տանել։ Այո, սա կարող է ստուգատես լինել, բայց ոչ թե մասնակից կուսակցությունների, այլ ընտրությունների անցկացման համար պատասխանատուների՝ իշխանությունների համար, քանզի նոր իշխանությունները դեռևս չփոխված Ընտրական և Քրեական օրենսգրքերի պայմաններում պետք է կարողանան անցկացնել ազատ և արդար ընտրություններ, պետք է կարողանան իսպառ բացառել կեղծիքները և ՀՀ ընտրական գործընթացներում երկար տարիներ վարկաբեկած չարիքը՝ ընտրակաշառքը։
Մենք մեր հայտարարությունում հստակ նշել ենք չմասնակցելու պատճառները և նշել ենք, որ մեծ թափով պատրաստվում ենք խորհրդարանական ընտրություններին, որոնք էլ հենց լինելու են կարևորագույն ստուգատեսը թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ իրապես գաղափարական ու ժողովրդավարական կուսակցությունների, ինչու ոչ նաև ընտրական հին ու արատավոր ավանդույթներին հավատարիմ կուսակցությունների և որ ամենակարևորն է՝ ԱԺ արտահերթ ընտրությունները լինելու են ստուգատես հենց Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման, միջազգային վարկանիշի և մեր երկրում ժողովրդավարության հաստատման առումով։
– Նիկոլ Փաշինյանի նկատմամբ առկա հասարակական էյֆորիան եւ ըստ այդմ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուի նկատմամբ առկա կանխակալ վերաբերմունքը հույս ներշնչո՞ւմ են, որ Երեւանի ավագանու ընտրություններն իրական արդյունք են արտացոլելու:
– Էյֆորիան, իհարկե, ցանկացած գործընթացում խանգարում է թե՛ սթափ գնահատելուն և թե ռեալ պատկեր ունենալուն։ Բնականաբար էյֆորիան դեռ կա, և դա է նաև պատճառը, որ մենք ասում ենք, որ Երևանի ավագանու ընտրությունները բոլորովին այլ տրամաբանությամբ ու տրամադրություններով են ընթանալու։ Իսկ օրինակ 2 կամ 3 ամսից բոլորովին այլ իրավիճակ է լինելու և բոլորովին այլ գործընթացներ։
– Ո՞ր ուժերին եք համարում այս ընտրությունների ֆավորիտները, ձեր էլեկտորատին ո՞ր կողմ եք ուղղորդելու` նկատի ունենալով, որ թավշյա հեղափոխության աջակից տարբեր ուժեր են մասնակցում այս ընտրություններին:
– Ֆավորիտներ առանձնացնելը երևանցիների գործն է և հուսով եմ նրանք դա կանեն մասնակից կուսակցությունների ծրագրերը և քարոզարշավը մանրամասն դիտարկելով։ Մենք մեր կուսակիցներին և համակիրներին ուղղորդելու անհրաժեշտություն չենք տեսնում, քանզի որպես ազատական ուժ կարծում ենք, որ ընտրության իրավունքը, որպես քաղաքացու ամենակարևոր իրավունքներից մեկը պետք է իրացվի ազատորեն, առանց որևէ ուղղորդման, այնպես որ մեր համակիրներն ազատ են սեպտեմբերի 23-ին իրենց ընտրությունը կատարելու հարցում։
– Նիկոլ Փաշինյանի եւ Արա Բաբլոյանի վերջին հանդիպումից հետո հայտարարվեց, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասով: Երեկ, NTV-ին տված հարցազրույցում էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը կարող է համախմբող առանցք դառնալ: Ինչպե՞ս եք սրան վերաբերվում եւ արդյոք չեք կիսում տրամադրությունները, որ առաջիկա ընտրություններում պայքարը թեժ է լինելու, անգամ վտանգավոր:
– Միանշանակ է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի հետագա զարգացման, ինչպես նաև մեր երկրի քաղաքակրթական տեղի և դերի որոշման առումով, հետևապես այդ ընտրությունները ձախողելու իրավունք որևէ մեկս չունենք, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մեծ պատասխանատվությամբ մոտենալ այս ընտրություններին։
Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի համախմբող առանցք լինելու հանգամանքին, մի բան է ակնհայտ, որ նա ոչ միայն իր շուրջ կհամախմբի, այլև նաև իր դեմ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ