Լրահոս
Օրվա լրահոսը

Կմեկնարկի նոր ծրագիր կաթի արտադրության ոլորտում

Օգոստոս 29,2018 20:20

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ գյուղատնտեսության նախարարը գոհունակություն է հայտնել նախարարության և ՄԱԶԾ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի այլ կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության առնչությամբ՝ իր երախտագիտությունը փոխանցելով գյուղատնտեսության զարգացման գործում ցուցաբերվող օժանդակության համար, միաժամանակ հույս հայտնելով, որ այդ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել առավել ակտիվ տեմպերով։

Այնուհետև նախարար Խաչատրյանն անդրադարձ է կատարել Հայաստանի ագրարային քաղաքականության առաջնահերթություններին՝ ներկայացնելով հիմնական մոտեցումներն ու զարգացման տեսլականը։ Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ նախարարությունը ոլորտում հավակնոտ ծրագրեր իրականացնելու նպատակադրում ունի, որոնք առավելապես ուղղված են լինելու փոքր և միջին ֆերմերների օժանդակությանը, նորարարական գյուղատնտեսության զարգացմանը, չօգտագործվող վարելահողերի և արոտավայրերի կրճատմանը։

«Մենք չպետք է գյուղը տարանջատենք գյուղատնտեսությունից, և գյուղատնտեսության զարգացումն առաջնահերթ պետք է մարդկանց կյանքի բարելավմանն ուղղված լինի։ Մեր նպատակն է այնպես անել, որպեսզի փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների համար, որոնք գյուղատնտեսական համախառն արտադրանքի գերակշիռ մասն են ապահովում, գյուղատնտեսությամբ զբաղվելը ոչ թե օրվա ապրուստի կամ գոյատևման հարց լուծի, այլ վերաճի շահութաբեր բիզնեսի»,- մասնավորապես նշել է նախարար Խաչատրյանը։

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն իր հերթին նշել է, որ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունն իրենց համար ռազմավարական կարևորություն ունի, և ուրախ է, որ կան բազմաթիվ նոր գաղափարներ, որոնց ներքո այդ համագործակցությունը կարող է խորանալ և ընդլայնվել։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ ծրագրերի իրականացման հնարավորություններին, մասնավորապես մտքեր են փոխանակել նոր մեկնարկելիք «Փորձնական հանրօգուտ ներդրումներ» («Social Impact Bond») ծրագրի շուրջ, որի շրջանակում նախատեսվում է կաթնարտադրության ոլորտում ներդնել արդյունքահեն ֆինանսական մեխանիզմներ՝ ուղղված կաթի որակի բարելավմանն ու արտադրողականության բարձրացմանը։

Հյուրերը տեղեկացրել են, որ առաջիկայում Հայաստան կժամանի միջազգային փորձագիտական խումբ փորձնական ծրագրի նախագծման նպատակով, որը կիրականացվի Շիրակի մարզում։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031