Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին:
Վարչապետ Փաշինյանը, դիմելով նրանց, ասել է.
«Այս ընթացքում նման հանդիպում ունենալը միշտ էլ իմ օրակարգում եղել է, ուղղակի ես ցանկացել եմ, որ հանդիպենք մի պայմաններում, երբ շատ կոնկրետ արդյունքներ կունենանք Մարտի 1-ի գործի բացահայտման առումով: Կարծում եմ՝ վերջին ամիսներին Մարտի 1-ի գործի բացահայտումը բավականաչափ առաջ է ընթացել, և օգոստոսի 17-ի հանրահավաքում ես հայտարարեցի, որ, ըստ էության, բացահայտված եմ համարում ընդհանուր առմամբ Մարտի 1-ի գործը. մնում է ապահովել պայմաններ, որ այդ բացահայտումը հասնի իր բոլոր մանրամասներին և վերաբերի բոլոր դետալներին՝ այդ թվում նաև կոնկրետ սպանություններ իրականացնողներին և կոնկրետ հանգամանքներին: Բնականաբար, ես նախաքննության ողջ ընթացքին և ծավալներին տեղյակ չեմ և կարող եմ հետևություններ անել այն հայտարարություններից, որ հնչեցրել է Հատուկ քննչական ծառայության պետը և այն մեկնաբանություններից, որ ընդհանրապես այդ կապակցությամբ հնչում են: Եվ կարծում եմ՝ այդ հայտարարությունները հույս են տալիս, որ մենք ամբողջական, բոլոր մանրամասներով բացահայտումներ կունենանք:
Ավելորդ է ասել, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը մեր կառավարության համար, ինձ համար և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պատվի և քաղաքացիական արժանապատվության խնդիր է, և որևէ կասկած չկա, որ Մարտի 1-ի բոլոր ոճրագործները պետք է կանգնեն պատասխանատվության առաջ՝ անկախ այդ ոճրագործների անուն-ազգանուններից, ներկայում կամ անցյալում զբաղեցրած պաշտոններից և ունեցած կարգավիճակից»:
Մարտի 1-ի զոհերի հարազատները համոզմունք են հայտնել, որ թավշյա հեղափոխությունը և երկրում տեղի ունեցող փոփոխությունները հնարավորություն կտան լիարժեք բացահայտել Մարտի 1-ի գործը և կառուցել նոր Հայաստան:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ