Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նամակ է ուղղել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովային՝ ընտրական օրենսդրության բարեփոխումների մշակման և իրագործման հարցում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունը ստանալու նպատակով: Նամակում, մասնավորապես ասվում է.
«Երկրում տեղի ունեցած քաղաքական վերջին զարգացումներից հետո ՀՀ նոր կառավարությունը հանձնառել է ազատ և արդար արտահերթ ընտրություններ անցկացնելու պարտավորությունը՝ նպատակ ունենալով հանրային վստահություն ձևավորել ընտրական գործընթացների և համապատասխան հաստատությունների նկատմամբ: Ընտրական օրենսդրության անհապաղ բարեփոխման անհրաժեշտության պայմաններում մենք կողջունենք Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունն իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում՝ ապահովելու առաջիկա ընտրությունների պատշաճ մակարդակով կազմակերպումն ու իրականացումը»: