Վերջին 7 տարում սիրիական հակամարտության հետեւանքով երկրից հեռացած եւ վերջին շրջանում վերադարձած հայերի թվի մասին հստակ տվյալներ չկան։ Aravot.am-ի հետ զրույցում Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը նշեց. «Ոչ ճշգրիտ տվյալներով` մինչեւ հակամարտության սկիզբը, այսինքն` 2011թ.-ը, Սիրիայում բնակվել է մոտ 100-120 հազար հայ։ Վերջին տարիներին, դժբախտաբար, տասնյակ հազարավոր սիրիահայեր լքել են Սիրիան»:
Դեսպանի տվյալներով` այսօր Սիրիայում 30-40 հազար հայ է մնացել. «Մոտ 20-25 հազար սիրիահայ էլ Հայաստան է եկել»: Հետաքրքրվեցինք, թե արդյոք պարոն Փոլադյանը ՀՀ նոր իշխանությունների հետ գործակցության ինչ-ինչ առաջարկներ ունի՞, որոնք կարող են օգնել հակամարտությունից տուժած սիրիահայերին։ «Առայժմ` ոչ, դա ապագայում քննարկվելիք թեմա է»,-պատասխանեց նա։
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո սիրիահայերն ավելի լավատես են դարձել. «Հայաստանի ապագայի հանդեպ լավատեսությունն աճել է։ Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Սիրիայում հայերը ոգեւորված են թավշյա հեղափոխությամբ»:
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ