«Գարի Ռաշիդյանն իր գրքում գրում է, որ Հանրապետության հրապարակը ճարտարապետական փնտրտուքների համար պոլիգոն չէ: Իմ կարծիքով՝ Հանրապետության հրապարակում փնտրտուքներ անել պետք չէ, քանի որ այն արդեն ձևավորված է»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը:
Ըստ ճարտարապետի՝ Հանրապետության հրապարակին այսպիսի փոփոխություն պետք չէ, քանի որ այն արդեն ձևավորված է. «Առաջին հերթին ամբողջ հրապարակը հուշարձան է»:
Նշենք, որ նախագիծ կա Ազգային պատկերասրահի մուտքի մոտ կանգնեցնել Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Երրորդի արձանները: Ըստ Անուշ Տեր-Մինասյանի՝ ֆեյսբուքում ճարտարապետ Կարեն Բալյանը ճիշտ հարց էր բարձրացրել՝ արժի՞ պատմության թանգարանի առաջ դնել մարդկանց արձաններ, որոնց կերպարը հայտնի չէ: Ըստ ճարտարապետի՝ նրանք ռեալ կերպարներ են, բայց ինչ-որ տեղ` միֆիկական, առասպելական:
Անուշ Տեր-Մինասյանը կարևորեց՝ պատկերասրահի շենքը պետք է ազատագրել դիմացի կամարաշարից. «Դրանք խաթարում են տեսքը: Խորհրդային ճարտարապետությանը նվիրված արժանիքներից մեկը համարվում է այդ սրահը, որ լույսի ու ստվերի խաղ կա, որ մարդիկ պիտի ճեմեն, ու չեմ հասկանում, որ հիմա փակ է և էլ չեմ ասում, որ կամարներն են փակ: Արատավոր պրակտիկա է, որ ասում են՝ բարերարն է ուզել, ծիծաղելի է: Դա կարող են անել իրենց տան բակում»:
Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով՝ խնդիրը պետք է քննարկել նախ օրինականության տեսանկյունից, քանի որ հրապարակը համարվում է հուշարձան. «Եթե այդտեղ միջամտություն ենք կատարում, դրա համար որոշակի որոշում պիտի լինի, դրվի հանրային քննարկման, հետո մրցույթ հայտարարվի: Մինչև այդ երկու ֆակտորները չլուծվեն, այդ մասին մտածելը սխալ կլինի: Խնդիրը պետք է լուծվի որոշակի օրենքների և կարգերի սահմաններում»:
Ազգային պատկերասրահի շենքի ճարտարապետներից Մարկ Գրիգորյանի թոռ, լրագրող Մարկ Գրիգորյանը հիշեցրեց՝ պատկերասրահի նախագծի ինչ-որ տարբերակներից մեկում կար նպատակ` կամարներից յուրաքանչյուրի տակ կանգնեցնել արձաններ. «Այդ տարբերակներում նախատեսված էր կառուցել արձաններ՝ Սպանդարյանի, Մյասնիկյանի, Հովսեփ Օրբելիի, Հայկի արձանները: Դա չկայացավ: Ոճն է փոխվում. այժմ հրապարակի վրա կա երեք ոճի միասնություն՝ թամանյանական, խորհրդային նեոկլասիցիզմ և մոդեռն: Քանդակներն այսօր կառուցել այդ ոճերով հնարավոր չէ, քանի որ ժամանակն է փոխվել: Կա նաև քաղաքաշինական խնդիր, երբ Մարկ Գրիգորյանը մտածում էր այդ քանդակների մասին, հանդիպակաց մասում կար Լենինի արձանը, այսօր չկա Լենինի արձան, ուստի խախտվում է նաև այդ բալանսը»:
Ըստ Մարկ Գրիգորյանի՝ անընդհատ հրապարակի հյուսիսային մասը ծանրացնել՝ թողնելով ազատ հարավայինն այնպիսին, ինչպիսին` կա, ճիշտ չէ. «Վերջապես կա օրենք, ժամանակն է՝ հարգենք այս երկրի օրենքները և ասենք, որ Հանրապետության հրապարակը պատմական և մշակութային հուշարձան է, հերիք է միջամտենք»:
Ըստ Մարկ Գրիգորյանի՝ այս հարցում երկակի է մշակույթի նախարարության դիրքորոշումը. կա մի նամակ ուղղված կառավարություն՝ Լիլիթ Մակունցի կողմից, որտեղ ասում է` սկզբունքորեն դեմ չեն արձաններ դնելուն, մյուս կողմից էլ հայտարարում է, որ դեռ հանրային քննարկում պիտի լինի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Յարմարագոյն վայրը ՏՐԴԱՏ Գ-ի և ԳՐ,ԼՈՒՍԱՒՈՐՉԻ միացեալ յուշարձանին պէտք էր ըլլալ ԼԵՆԻՆԻ նախկին յուշարձանին տեղը ; Հունգարիան-Չեխիան և մի քանի այլ երկիրներ այդպէս յարգած են իրենց քրիստոնեայ լուսաւորիչները ;