Մոսկվայի կենտրոնում ոստիկանության ծառայողները ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որը կասկածվում է մի շարք հանցագործությունների, այդ թվում` ահաբեկչության մեջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
Մասնավորապես, հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածը 1964թ. ծնված Օրուջև Էլդար Զուբեյր օղլուն է: «Պարզվել է, որ նա Ադրբեջանի իշխանությունների կողմից հետախուզվում է մի շարք հանցագործությունների մեղադրանքով»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ձերբակալվածը կասկածվում է ահաբեկչության, զենքի անօրինական վաճառքի, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ինչպես նաև իշխանությունը բռնի ճանապարհով զավթելու փորձի մեջ:
Քննարկվում է Օրուջևին Ադրբեջանի իշխանություններին արտահանձնելու հարցը:
Ադրբեջանական haqqin.az գործակալության տվյալներով՝ Օրուջևը 1994թ. դեկտեմբերի 24-ին Ադրբեջանում ձերբակալվել է և ազատ արձակվել 1998թ.: Դրանից հետո նա տեղափոխվել է Ռուսաստան, այնտեղ հիմնել «Ազատ Ադրբեջան» շարժումը և հանդես եկել Ադրբեջանի իշխանությունների դեմ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ