Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայրը հայրենիք է բերել 1877թ. ատրճանակ, որը կրակել է Այնթափի հերոսամարտերում

Օգոստոս 29,2018 17:09

Սիրիահայ հայրենադարձ Ջորջ Բարսեղյանն այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրաբերեց 1877թ.-ի մի ատրճանակ, որը նրա տոհմի մեծերի կողմից օգտագործվել է 1920-21թթ.՝ Այնթափի (ներկայիս Թուրքիայի տարածքում) ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Ջորջ Բարսեղյանը (լուսանկարում՝ ընտանիքի հետ) լրագրողներին պատմեց, որ 320 օր տեւած ինքնապաշտպանական մարտերի ժամանակ այնթափցիներն աչքի են ընկել ոչ միայն համախմբվածությամբ, այլեւ ձուլարաններից մեկում ստեղծել են «Վրեժ» անունով հայտնի թնդանոթը: «Բարսեղյանները 1700-ականներին գաղթել են Վանից, իսկ Այնթափում զբաղվել այգեգործությամբ: Մեծ այգիներ ունեին պապերս, անգամ մեծ քանակությամբ պիստակ էին աճեցնում ու արտահանում եվրոպական շուկաներ»,-տեղեկացրեց Ջորջ Բարսեղյանը:

Նաեւ նշեց, որ հերոսամարտից հետո՝ 1921թ.-ին, իր հոր պապիկը՝ Գրիգոր Բարսեղյանը, հասել է Սիրիա եւ հաստատվել Դամասկոսում. «Ատրճանակը հիմնականում նրան է պատկանել: Սա մեր ընտանիքի անվանական ատրճանակն է»: Սիրիահայն ընդգծեց, որ ատրճանակը շատ է «չարչարվել», մինչեւ կարողացել է հատել Սիրիայի սահմանը. օգնել է Սիրիայում ՀՀ դեսպանությունը, գործընթացը 4 տարի է տեւել: Ինչ վերաբերում է Այնթափում գործած զենքի ձուլարանին, Բարսեղյանի խոսքով՝ Գրիգոր պապի որդին հրետանու արկերը 18 տարեկանում է պատրաստել:

Ատրճանակի նվիրատվության գործընթացին օժանդակել է ՀՀ սփյուռքի նախարարությունը: Նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողներին ասաց՝ պատահական չէ, որ սիրիահայն ատրճանակը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է որոշել նվիրել. «Այն խորհրդանշում է հայի կամքի ուժն ու պատրաստակամությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Այնթափի ինքնապաշտպանությունն ուղղված էր թուրք ջարդարարների դեմ: 1920թ. ապրիլին՝ Մուդրոսի զինադադարից երկու տարի անց, թուրքերը հարձակվել են տեղի հայության եւ ֆրանսիական կայազորի վրա: Հայերը, համարելով, որ ֆրանսիական զորքերի մոտալուտ հեռացումը կարող է հանգեցնել իրենց կոտորածին, ստեղծել են 750 հոգանոց զորախումբ եւ կազմավորել պաշտպանական շրջաններ: Մեկ տարի անց այնթափցիները կրկին դիմել են զինված ինքնապաշտպանության: 1921թ-ին Անկարայում կնքված ֆրանս-թուրքական պայմանագրի հետեւանքով հայերը ստիպված եղան լքել քաղաքը. Այնթափի բնակիչների ժառանգներն այսօր Սփյուռքի հայկական համայնքների մի մասնիկն են: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031