«Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի թուլացնենք Հայաստանի կախվածությունն այլ էներգառեսուրսներից։ Հայաստանն իրավունք չունի հետ մնալու արեւային էներգիայի զարգացման համաշխարհային միտումներից՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու արեւային էներգիայի օգտագործման հնարավորությունները»: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Նա վստահեցրեց՝ Հայաստանի համար այլընտրանքային էներգետիկայի զարգացումը կարեւոր է, վերականգնվող էներգետիկան մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի:
Նախարարությունն առաջարկություն է ներկայացնելու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի թույլտվություն ստանան մինչեւ 2020 թ. հունվարի 1-ը 100 մեգավատ հզորությամբ արեւային կայաններ կառուցելու Հայաստանում:
Նախարարի խոսքերով՝ «Դրա հետ մեկտեղ էլեկտրաէներգիայի սակագինը մինչեւ 5 մեգավատտ արեւային կայանների համար կկազմի 23,8 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 5 մգվտ եւ ավելի հզորությունների դեպքում նախարարության կողմից կուսումնասիրվեն ընկերությունների առաջարկած փաթեթները»:
Գրիգորյանը վստահեցրեց, որ հողմային կայանների կառուցման շուրջ պայմանավորվածություններ կան. Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Իսպանիայից 2 ընկերություններ եւ չեխական 1 ընկերություն մտադիր են Հայաստանում հողմակայաններ կառուցել։
Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում, ինչպես ասաց նախարարը, պետական վերահսկողության ծառայությունն իրականացնում է ստուգումներ, դրանք դեռ չեն ավարտվել.«Մենք այնտեղ աուդիտ չենք իրականացնում, քանի որ պետական վերահսկողության ծառայությունը պետք է ավարտի իր ստուգումները»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ