Օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը՝ Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Արցախի և Եվրախորհրդարանի միջև համագործակցությանը՝ ուղղված հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդմանը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի Հանրապետության հետ Եվրախորհրդարանի համագործակցությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ ցուցադրելով Արցախի մեկուսացումը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոց օգտագործելու Ադրբեջանի քաղաքականության անընդունելիությունը։
Հյուրերի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես՝ ընդգծելով Արցախի միջազգային ճանաչումն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի վրա։
Անդրադառնալով հանրապետությունում պետականաշինության գործընթացին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հավատարմությունը անկախ պետականության ամրապնդմանը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա։
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման այցերի կարևորությունն Արցախի Հանրապետության և եվրոպական կառույցների միջև համագործակցության զարգացման և ընդլայնման գործում։
Հանդիպմանը մասնակցում էին նաև «Հայ Դատի» Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանը և «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ