Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար. «Թեղուտի հանքին կառավարությունն առանձնահատուկ մոտեցում է  ցուցաբերում»

Օգոստոս 29,2018 16:34

Հայաստանի 10 մետաղական եւ 146 ոչ մետաղական հանքավայրեր շահագործող ընկերություններին նախարարության կողմից տրվել են զգուշացումներ, այդ ոլորտում իրականացված ուսումնասիրություններից հետո արձանագրվել են շահագործման օրինականության խախտումներ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը` ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:
Նախարարի խոսքերով՝ նախարարության կողմից զգուշացվելուց հետո հանքավայրեր շահագործող ընկերությունները պարտավոր են վերացնել առկա թերություններն 90 օրվա ընթացքում, իսկ եթե չվերացնեն, ապա կզրկվեն լիցենզիայից:

Նախարարն ասաց, որ հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է լուրջ եւ խորը ուսումնասիրություն. «Դուք գիտեք, որ վարչապետի դիրքորոշումն այդ առումով բավական խիստ է, եւ հանքարդյունաբերության ոլորտը պետք է բերվի իրավական դաշտ»:

Անդրադառնալով  Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության խնդիրներին (արդեն մեկ ամիս է այնտեղ ընդդեմ հանքի շահագործման բողոքի ցույց է իրականացվում) ` Արթուր Գրիգորյանը հիշեցրեց, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ուսումնասիրություններ է իրականացնում:
Նախարարը հանքի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը ցավոտ գնահատեց.«Լուրջ ներդրումներ է իրականացրել ընկերությունը եւ պատրաստվում է իրականացնելու, բայց չենք կարող հաշվի չառնել այն բնապահպանական խնդիրները, որոնք բարձրաձայնվում են: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ չխաթարենք ներդրողի կողմից կատարված աշխատանքը, եւ առհասարակ, Հայաստան եկող ներդրումները»: Գրիգորյանն ասաց, որ այս առումով պետք է շատ զգուշավոր լինեն, սակայն նաեւ չմոռանան բնապահպանական  խնդիրները:

Ըստ նախարարի` տեսչական մարմինը մի քանի խնդիր է hայտնաբերել, եւ այդ առիթով պատրաստում է ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) ուսումնասիրություն կատարել:

Բնապահպանների գնահատականով` հանքարդյունաբերության ոլորտում մեկ այլ ցավոտ խնդիր եւ խախտումներով շահագործվող հանքը Թեղուտն է: Այս խնդրին անդրադառնալով`  նախարարը վստահեցրեց՝ Թեղուտին կառավարությունն առանձնահատուկ մոտեցում է  ցուցաբերում. «Խնդիրը հիմնականում պոչամբարի պատվարի շինարարական ռիսկերի հետ է կապված, որի պատճառն այն է, որ ժամանակին ճիշտ տեխնիկական եզրակացություն չի եղել: Այդ ռիսկը թույլ չի տալիս գնալ բացարձակ աշխատանքների, եւ որպեսզի ճիշտ գնահատվի իրավիճակը, ժամանակավոր դադարեցվել է շահագործումը: Դա ցավալի իրավիճակ է, քանի որ 800 աշխատակից անգործ է մնացել»:

Գրիգորյանն ասաց, որ մտահոգված են այդ խնդրով, եւ փորձելու են հնարավորինս արագ լուծումներ տալ՝ հաշվի առնելով ռիսկերը.«Բայց մեզ համար առաջնահերթ է մնում հանքավայրի շահագործման անվտանգության խնդիրը»:

Նախարարի կարծիքով՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար կարեւոր է նաեւ հանքարդյունաբերությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031