Օգոստոսի 29-ին Երեւանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ իշխանության ձեւավորման առաջին իսկ օրվանից խոսվել է դպրոցների ապաքաղաքականացման մասին, որը, նրա ձեւակերպմամբ, հանրակրթության նահանջի կարեւոր պատճառներից մեկն է եղել:
«Քաղաքականությունը, քաղաքական ուժերի առկայությունը դպրոցներում պետք է լինի զրո»,-շեշտեց նախարարը` ասելով, որ ե’ւ քաղաքապետարանը ե’ւ ԿԳ նախարարությունը թույլ չեն տա, որ նման որեւէ ազդեցություն դպրոց թափանցի: ԿԳ նախարարն ասաց նաեւ, որ փոխվելու է խորհրդների ձեւավորման կարգը, քանի որ դրանք վերածվել են վարչական շրջանների, տեղի բիզնեսմենների, տնօրենների ազդեցությունների օղակների:
«Այն տնօրենները, որոնք այս բարեփոխումների կրողը կդառնան, կլինեն իմ գործընկերը, առավելագույն օժանդակություն կստանան, հակառակ դեպքում արձագանքը այլ կլինի»,-ասաց նախարարը: Նա հայտնեց, որ փոխվելու է նաեւ տնօրենների ընտրության, ուսուցիչների մրցույթների կարգը:
Երեւանի փոխքաղաքապետւ Կամո Արեյանը հայտնեց, որ այս խորհրդակցությունը նախարարի առաջարկով այլ ձեւաչափ կունենա` կլինի հարց ու պատասխան: «Կրթության չափորոշիչներ, առարկայական ծրագրեր, ուսումնական պլաններ, մեթոդիկա` այս ամենի կրողն ու պատասխանատուն մենք ենք, վարչական շրջանների ղեկավարներ, հարգարժան տնօրեններ, մանկավարժներ»,-ասաց փոխքաղաքապետը:
Մանրամասները` տեսանյութում:
Արեյանի ձեւակերպմամբ. «Շատ ավելի լավ է առաջին գծում կանգնած պատասխանատուից, դպրոցի գործունեության պատասխանատվությունը կրող մարդուց` հանձին տնօրենի, լսել այն ամենը, ինչն այսօր առկա է իբրեւ մտահոգություն, անհրաժեշտ է իբրեւ առաջարկություն` հետագա գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար»:
Արայիկ Հարությունյանը տնօրեններին տեղեկացրեց, որ ԳԹԿ-ին առաջարկել է իրականացնել արտաքին գնահատումներ, որպեսզի հասկանան դպրոցներում տիրող ընդհանուր պատկերը` հավելելով, որ ուշ թե շուտ այս համակարգին պետք է անցնեն: Ինչ վերաբերվում է դրամահավաքին, մայիս ամսից, նրա վկայությամբ, երեւույթը կրճատվել է:
Մանրամասները` տեսանյութում:
ԿԳ նախարարն ասաց նաեւ, որ միասնական հագուստի հարցը լուծում է դպրոցը եւ ծնողական խորհուրդները: Միաժամանակ հավելեց, որ սեւուսպիտակ հագուստ կրելու պարտադրանք այլեւս չպետք է լինի:
Հարցուպատասխանի ժամանակ Մովսես Խորենացու անվան 143 դպրոցի տնօրեն Գարեգին Կոստանդյանը դժգոհեց, որ տպավորություն է, թե ամեն օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հնչեցված հարցերին լուծում չի տրվում, ու այդպես էլ որեւէ փոփոխություն չի լինում: Նա նորից բարձրաձայնեց անցյալ տարի հնչեցրած իր հարցերը, որոնցից մեկը վերաբերում էր տղամարդ ուսուցիչների բացակայությանը կամ սակավաթվությանը: Նա առաջարկեց, որ նախարարությունը միջոցներ ձեռնարկի, խրախուսի տղամարդ ուսուցիչների մուտքը դպրոց: Տնօրենը խոսեց նաեւ առարկայական չափորոշիչներից, դասագրքերից, ծրագրերից, շեշտեց, որ համընդհանուր ներառականության անցնելու պարագայում շտապողականություն է ցուցաբերվել, եւ ունենալու ենք նույն պատկերը, ինչ ավագ դպրոցների հետ պատահեց:
ԿԳ նախարարն ասաց, որ որոշ ոլորտներում կանանց մեծամասնություն լինելը տարածված է ողջ աշխարհում, իսկ տղամարդ մանկավարժներին շահագրգռելու հատուկ ծրագրեր չեն իրականացնելու, քանի որ ինքը դեմ է քվոտավորմանը եւ կողմնակից` հավասար հնարավորություններին:
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ ասաց, որ կրթության որակի մեծագույն երաշխիքը նախ եւ առաջ որակյալ ուսուցիչն է, ինչը պետք է միշտ հաշվի առնվի:
185 դպրոցի տնօրեն Համլետ Քարամյանը շեշտեց, որ աշակերտների թվով ֆինանսավորումը մեծ վնաս է պատճառում դպրոցին. «Վայն էն է, եթե մեկի թվանշանը ծնողի սրտով չեղավ, ուղիղ 5 րոպե հետո այդ երեխան հայտնվում է հարեւան դպրոցում` իր հետ տանելով 120 000-130 000-ը դպրոցի բյուջեից: Նրանք էլ գրկաբաց ընդունում են, ու 10 այդպիսի երեխան 1,5 մլն դրամ է, ինչո՞ւ չեն ընդունի որ…»:
Մանրամասները` տեսանյութում:
Դպրոցների բյուջեներին էլ անդրադարձ եղավ: Ի պատասխան` ԿԳ նախարարը հայտարարեց. «Սիրելի տնօրեններ, դուք ձեր ֆինանսները տնօրինելու մեծ արտոնություններ ունեք, մարզային իշխանությունները, քաղաքային իշխանությունները, վարչական շրջանների ղեկավարները դպրոցների տնօրենների շեֆերը չեն: Դուք կարող եք ինքնուրույն տնօրինել ձեր ֆինանսական միջոցները` եղած օրենսդրության եւ կարգավորումների սահմանում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ