Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկայի նախարար. «Գազի սակագինը կվերանայվի 2019-ի փետրվարին»

Օգոստոս 29,2018 15:55

Այս տարվա վերջին լրանում է հայ-ռուսական գազային համաձայնագրի ժամկետը, կողմերը համապատասխանեն բանակցություններ են սկսելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Նա վստահեցրեց.«Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք գազի ավելի էժան գին, քան այսօր ունենք: Կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ավելի էժան տարբերակ ունենա»:

Ինչ վերաբերում է իրանական կողմի հետ գազային բանակցություններին՝ Արթուր Գրիգորյանն ասաց, որ Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի հետ մի քանի քննարկումներ են եղել իրանական կողմից հնարավոր էժան տարբերակով գազի վաճառքի շուրջ.«Մեր կողմից մեր քայլն արել ենք, որ մեզ գազի գնի մասով առաջարկություն տան: Առայժմ չունենք այդ առաջարկությունը, բայց ամենօրյա ռեժիմով համագործակցության մեջ ենք, քանի որ էլեկտրաէներգիայի դիմաց գազ ենք ներկրում, եւ կարծում եմ՝ շուտով կունենանք վերջնական հայտարարված գինը, որը համեմատության մեջ կլինի ռուսական գազի գնի հետ»:

Անդրադառնալով սահմանին եւ սպառողին հասնող գազի գների առկա տարբերությանը` նախարարն ասաց՝  Հայաստանի Հանրապետությունում գազը սահմանի վրա ձեռք է բերում 150 դոլարով, ներսում վաճառվում է միջինացված շուրջ 255 դոլարով: Գրիգորյանի խոսքերով՝ «Մենք ունենք գազի սպառողների 5 օղակ: Բնակչության համար գործում է մեկ գին, էլեկտրաէներգետիկ համակարգի սպառողների համար՝ մեկ այլ գին, ջերմոցային տնտեսությունների համար՝ այլ գին, որի արդյունքում ձեւավորվում է միջին սակագին: Այս միջինացված 255 դոլարից 47 դոլարը ավելացրած արժեքի հարկն է: Ինչո՞ւ է բնակչության համար գազի սակագինն ամենաբարձրը. որովհետեւ բնակչությունն ամենավերջին օղակն է: Պետք է հաշվի առնենք նաեւ ծախսերը, որ հազար խորանարդ մետր գազի համար նախատեսված ծախսը կազմում է 50 դոլար»: Ըստ նախարարի, ծախսերն ու ԱԱՀ-ն հանած՝ գազի սակագինը ցածր է, իսկ վերջանական գնահատականը  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է տալու:  Էլեկտրաէներգիայի սակագինը հանձնաժողովը կվերանայի 2019 թվականի փետրվարին, գինը հիմնավո՞ր է, թե՞ ոչ, ըստ նախարարի` դրա պատասխանը հանձնաժողովը պետք է տա:

Խոսելով էլեկտրաէներգիայի ոլորտից, նախարարն ասաց, որ  այս տարվա ամռանը մեր երկրում գրանցվել է էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում.«Անկախ Հայաստանի պատմության մեջ երբեւէ չէր եղել, որ ամռան ամիսներին էլեկտրաէներգիայի ներքին սպառումը հասնի օրական 1030 մեգավատի: Սա հիմնականում պայմանավորված էր շոգ եղանակով»: Նախարարի խոսքերով՝  «Մեզ համար լուրջ խնդիր էր այդ իրավիճակում իրականացնել հուսալի եւ որակյալ ծառայություններ, հատկապես, որ այս ժամանակահատվածում ատոմակայանը չէր աշխատում»: Նախարարը վստահեցրեց՝ լավ աշխատանքի ու փորձառու անձնակազմի ջանքերով էլեկտրաէներգիայի մատակարարման ոչ մի խափանում չի եղել:

 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031