Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը` «պրեստիժնի» դպրոցների ընդվզումների, մի շարք առարկաների փոփոխությունների մասին

Օգոստոս 29,2018 15:34

Այս տարի մոտ 39 000 առաջին դասարանցի է դպրոց գնալու: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 5-ին կլինի ամբողջական պատկերը, սակայն իր տեղեկություններով` այս տարի սակավաթիվ են այն դպրոցները, որտեղ 1-2 առաջին դասարանցի կա:

«Մենք փորձում ենք տեղերում պարզել բոլոր մանրամասները, յուրաքանչյուր դպրոց ունի առանձնահատկություն: Մենք, օրինակ, 70 հոգանոց դպրոցում կարող ենք ծնողների, համայնքի հետ գալ համաձայնության եւ, ենթադրենք, այդտեղի հիմնական դպրոցը միավորել մեկ այլ հիմնական դպրոցի հետ` առանց որեւէ խնդրի, բայց մեկ այլ համայնքում 5 հոգանոց դպրոցի  խնդրի հետ ունենանք, այն էլ  լրջագույն խնդիրներ` ճանապարհների, անձնական, միջհամայնքային: Մեր գերնպատակներից է, որպեսզի որեւէ դպրոց, հատկապես` սահմանապահ գյուղերում, չփակվի: Մենք մշակում ենք մոդելներ, կստեղծվեն կրթամշակութային կենտրոններ, որոնց մեջ կլինի եւ դպրոց, եւ համայնքային մանկապարտեզը եւ մշակութային կենտրոն, ու դա կդառնա համայնքային կենտրոն, որը գրավիչ կլինի ոչ միայն աշակերտների համար»,-ասաց նախարարը:

Նախարարը Գեղարքունքի մարզի դպրոցներից մեկի օրինակը բերեց. «Կա մի դպրոց, որտեղ կա ընդամենը մեկ աշակերտ: Իրենք ասում են, որ հիմա մեզ ձեռնտու է, որպեսզի այդ աշակերտի համար գնենք մեկ մեքենա, մեկ վարորդ տրամադրենք, կազմակերպենք տեղափոխումն այլ դպրոց, այդպես շատ ավելի էժան կլինի, քան դպրոցը շահագործելը: Սա արտասահմանյան ԶԼՄ-ների համար հետաքրքիր նյութ կլինի` աշակերտն` իր վարորդով»:

Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր թաղամասում գույքագրում են կատարում դպրոցների հզորությունները հասկանալու համար. «Օրինակ, Նոյեմբերյանում կա մի հիմնական դպրոց, որն այլեւս հնարավորություն չունի աշակերտ ընդունելու, քաղաքում միակն է, բայց աշակերտների թիվը շատ է: Հիմա ավագ դպրոցից մի մասնաշենք վերցրել են, մենք պետք է հասկանանք` յուրաքանչյուր քաղաքի, համայնքի համար պե՞տք է նոր դպրոց, մասնաշենք սարքել, թե՞ ոչ»,-նշեց Արայիկ Հարությունյանը: Նա ասաց, որ դպրոցներում երկրորդ եւ երրորդ հերթերը պետք է մարեն, աշակերտները պետք դպրոց գնան միայն առաջին հերթով: Ասաց նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանին խնդրել է տրամադրել բոլոր այն մանկապարտեզների ու դպրոցների ցուցակները, որոնց ներսում մասնավոր այլ հաստատություն է գործում:

Նախարարը հավելեց, որ ՆԶՊ, ֆիզկուլտուրա, շախմատ, Հայոց եկեղեցու պատմություն, ազգային երգուպար առարկաների հետ կապված խնդիրներ են բարձրացվում, որոնք մտադիր են լուծել առաջիկա մեկ տարվա ընթացքում: Ինչ վերաբերվում է շախմատ առարկային, նրա ձեւակերպմամբ, այն օգտակար է, սակայն պետք է այնպես դասավանդվի, որ ծնողներին անելիք չմնա:

Արայիկ Հարությունյանը խոսեց նաեւ դպրոցի ավարտական քննությունները միասնական համակարգով անցկացնելու մասին.  «Մայիս եւ հունիս ամիսներին եղել եմ  որոշ դպրոցներում այն ժամանակ, երբ քննություններ էին անցկացվում, դրանք տնայնավարական մթնոլորտում էին… Աշակերտը ստանում է գնահատական, որը դիցուք 9 տարվա ընթացքում  ստացել է: Մենք ասել ենք, որ 9-րդ դասարանում, դիցուք, դու հանձնում ես մաթեմատիկա առարկան, արի այդ առարկան հանձնիր ոչ թե քո դպրոցում, այլ մեկ այլ ընդհանուր լսարանում, մենք ոչ լրացուցիչ առաջադրանք ենք ավելացրել, ոչ էլ ինչ-որ փոփոխություն ենք անելու, այլ ասում ենք, որ այդ դահլիճում քո ուսուցիչը չի լինելու, որը քեզ համար նախկինում արտոնյալ վիճակ է ստեղծել ու գնահատական նվիրել: Ինձ համար տարօրինակ էր, որ ընդվզումներ եղան ոչ թե ոչ լավ համբավ ունեցող դպրոցներից, այլ «պրեստիժնի» դպրոցներից: Հիմա ենթադրում եմ, որ որոշ միֆեր սրա արդյունքում կքանդվեն, հենց սրա համար էր ընդվզումը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    «ՆԶՊ, ֆիզկուլտուրա, ազգային երգուպար»՝ աւելորդ առարկաներ են: Դրա փոխարէն բնագիտութիւն եւ լեզուներ ուսումնասիրէք: Շախմատի գաղափարը շատ լաւն է: Եթէ ինչ-ինչ խնդիրներ են ծագել շախմատի հետ կապուած՝ շտկէ՛ք:

    Ինչ վերաբերում է «Հայոց եկեղեցու պատմութիւն» առարկային՝ աշխարհիկ պետութեան դպրոցներում չպէտք է լինեն նման առարկաներ: Տարրական գիտելիքներ մեր Եկեղեցու մասին բաւարար չափով ստանում ենք «Հայոց պատմութիւն» առարկայի ժամերին: Աւելին, ես լսել եմ՝ որ դասերը աղօթքով են սկսում: Սա նոյնիսկ հակաօրինական ու պատժելի արարք է: Այն, որ այդ «առարկան» սողոսկեց դպրոց, նախորդ իշխանութիւնների ու օլիգարխ տէրտէրների համագործակցութեան արդիւնք էր:

    Առհասարակ, Խորհրդային դպրոցը բազում դրական կողմեր ունէր: Բացասականը դէն նետելով՝ դրա դրական յենքի վրայ պիտի կառուցենք մեր դպրոցը՝ յարմարեցնելով այսօրուայ ժամանակներին ու պահանջներին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031