Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը` չինական դպրոցի «էլիտարացման», կրթության ոլորտի մեծ ծավալի խնդիրների մասին

Օգոստոս 29,2018 14:55

Օգոստոսի 29-ին  Երեւանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության մեկնարկից առաջ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Ասաց, որ  այս խորհրդակցությունն իր 7-րդ հանդիպումն է մարզերի եւ Երեւանի կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե ժամանակին նախարարը պայքարում էր, այսպես կոչված էլիտար դպրոցների դեմ, սակայն նորաբաց չինական դպրոց ընդունել են միայն 9 միավոր ստացածներին, ըստ էության, ստեղծելով յուրատեսակ էլիտարացում, ԿԳ նախարարը պատասխանեց. «Կարող եք այդպես մեկնաբանել, խորհուրդն է նման որոշում կայացրել` ժամանակի սղությամբ պայմանավորված: Ես ասել եմ, որ հաջորդ տարվանից առաջին դասարանցիների ընդունելությունը լինելու է էլեկտրոնային սկզբունքով, եւ ասեմ ավելին` Արցախի փորձը հաշվի առնելով ծնողները չեն ընտրելու կոնկրետ դասարանները, այլ լինելու է վիճակահանությամբ, նաեւ ուսուցչի ընտրությունն է լինելու վիճակահանությամբ, որպեսզի նույն առաջին դասարաններում նախկինի պես չձեւավորվեն էլիտար դասարաններ:

Հիմա նման մեկնաբանություն կարող է արվել, դա  ինչպես արդեն նշեցի, պարզապես ժամանակի խնդիր էր:  Գիտեք, թե ինչ սեղմ ժամկետում է եղել ընդունելությունը, դպրոցի շահագործումը, ըստ էության արձանագրել էինք, որ այս տարի չենք կարողանալու բացել դպրոցը, սակայն օր ու գիշեր աշխատելով, որոշում կայացրինք ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի ջանքերով, մեր թիմի ջանքերով, կարողացանք ընդունելությունը կազմակերպել: Ու որպեսզի լրացուցիչ մրցույթներ, այլ կերպ ընդունելություններ չկազմակերպենք, խորհուրդը, ժամանակով պայմանավորված, նման որոշում կայացրեց»:

Դպրոցների լիցենզիաների բացակայության խնդիր մասին էլ խոսք գնաց: Նախարարը նշեց, որ բոլոր այն աշակերտները, որոնք սովորում են լիցենզիա չունեցող դպրոցներում, կշարունակեն սովորել, որեւէ մեկը դուրս չի մնա, սակայն  կսահմանափակվի նոր մարդկանց ընդունելությունը, մինչեւ լիցենզիայի հարցի կարգավորումը:

Այլ դժգոհությունների էլ անդրադարձ եղավ: Նախարարն ասաց, որ դպրոցում պահանջվող աշխատանքային տետրերը պարտադիր չեն. «Ծնողն ինքն է որոշում` գնե՞լ նման տետրեր, թե՞ ոչ: Գրքերի հետ կապված մենք հիմա ուսումնասիրում ենք շուկան եւ դաշտը, նախկին կարգերը: Շատ  տեղին  են այն բողոքները, որ առաջին տարում ծնողը նոր գրքի համար վճարում է նույն գումարը, ինչ չորրորդ տարում` հնամաշ գրքերի համար: Առհասարակ այս համակարգը, ենթադրում եմ, որ փոփոխման ենթակա է: Այն թույլ չի տալիս ավելի հաճախ նոր դասագրքեր տպագրել: 21-րդ դարում մեթոդները, ինֆորմացիայի ծավալները շատ արագ փոփոխվում են, եւ այդ նորությունները պետք է հնարավորություն ունենանք արագ դպրոց բերելու: Համակարգի փոփոխությունը քննարկվում է, խնդիրները հսկայական ծավալի են, ֆիզիկապես չենք հասցնում բոլոր կարգավորումները փոփոխել եւ կյանքի կոչել»:

Արայիկ Հարությունյանը Շահումյանի անվան դպրոցի չարաշահումներին  եւ հարուցված քրեական գործին  էլ անդրադարձավ: Ասաց, որ դա իրավապահների գործն է. «Երբ մենք մեր ներքին ստուգումների արդյունքում խախտումներ ենք նկատում, անմիջապես իրավապահներին ենք փոխանցում, նույնիսկ ընթացքին չենք հետեւում…Մենք մինչեւ մեկ տասնյակ գործեր ուղարկել ենք դատախազություն ե’ւ ուսումնարանի ե’ւ դպրոցների հետ կապված»:

Արայիկ Հարությունյանը խոսեց նաեւ առարկայական ծանրաբեռնվածությունից:  «Ծանրաբեռնվածությունը թոթափելու ծրագրեր ունենք, պարզապես տեղափոխությունը ուսումնական տարվա համար անհարմար ժամանակ եղավ: Մայիս ամսին դժվար էր ուսումնական պլաններում փոփոխություններ կատարել: Առհասարակ ես ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր նոր առարկա ուսումնական պլանում ներառելու համար անհրաժեշտ է երկար ժամանակ, մինչեւ երկու տարի»,-ասաց նա:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

`

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031