Երկուշաբթի երեկոյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայում, որին մասնակցել են հայեր, վրացիներ և ադրբեջանցիներ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Վեճն սկսվել է այն բանից հետո, երբ ճանապարհին միմյանց են բախվել «Վազ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: Երկու մեքենաների վարորդները դուրս են եկել և սկսել հաշիվներ մաքրել: Նրանցից մեկը մեքենայից հանել է տրավմատիկ զենքը, մյուսը՝ մուրճ: Քիչ անց նրանց են միացել նաև ուղևորները: Այնուհետև «օգնության են հասել» վարորդներից մեկի գործընկերները, քանի որ նրանց գրասենյակը եղել է մոտակայքում: Արդյունքում վեճը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որի ընթացքում կիրառվել են ոչ միայն բռունցքներ և ատրճանակ, այլև դանակներ, բեյսբոլի մահակներ և այլ ծանր առարկաներ:
Արդյունքում երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ հրազենային վիրավորումներով, կտրող-ծակող գործիքով հասցված վերքերով, գանգուղեղային վնասվածքներով:
Ոստիկանությունից հայտնել են, որ ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 18 մարդ: Նշվում է, որ ծեծկռտուքին մասնակցել են մի քանի Ռուսաստանի քաղաքացիներ` Հյուսիսային Կովկասից, մյուսները եղել են ադրբեջանցիներ, հայեր և վրացիներ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ