Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը՝ Քոչարյանի առանցքի շուրջ համախմբվելու մասին

Օգոստոս 29,2018 13:26

Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ NTV հեռուստաալիքին տված հարցազրույցին, որտեղ նա  Սերժ Սարգսյանին քննադատում է Սահմանադրական փոփոխությունների համար՝ ասելով, որ եթե երրորդ ժամկետով առաջադրման համար Սահմանադրությունը չփոխեր, հեղափոխություն չէր լինի:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ «շահարկվում է, որ սահմանադրական փոփոխությունները կարող էին լինել պատճառ, բայց ինձ թվում է, ցանկացած պարագայում անխուսափելի էր»:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ սահմանադրական այդ փոփոխությունները, կառավարման համակարգի փոփոխությունները նախկինում անընդհատ քաղաքական ուժերը պահանջում էին, իրենք վաղաժամ էին համարում, հետո քաղաքական զարգացումները բերեցին նրան, որ մեծամասնականից փորձեցին անցնել համամասնականի ու անցնել խորհրդարանական պետության. «Քաղաքական տեսանկյունից` ինձ թվում է քաղաքական դաշտը հասուն էր՝ այդ անցումը կատարելու համար»:

Դիտարկմանը՝ տեսակետներ կան, որ կա քաղաքական ագահության խնդիր, եթե ձեր քաղաքական ուժը չգնար այդ ագահության ճանապարհով, չուզենայիք մինչեւ վերջ եւ ամեն գնով պահպանել ձեր իշխանությունը, այսպես ամեն ինչ չէիք կորցնի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ագահություն բառին կողմնակից չեմ: Պառլամենտական մեծամասնությունը եղել ենք մենք՝ մեր կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, եւ մենք պետք է առաջադրեինք վարչապետի թեկնածու: Իսկ այդ պահին, ես հիմա էլ որեւէ կասկած չունեմ, որ մեր իրավիճակից ելնելով, ղարաբաղյան խնդրի հետ կապված, մենք ճիշտ թեկնածու ենք ընտրել, դա եղել է  պայմանավորված միայն պետական շահով, որեւէ անձնական շահագրգռվածություն չենք տեսել այդտեղ: Եթե չլիներ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն պետք է մեկ ուրիշ թեկնածու առաջադրեր, դա պետք է լիներ մեր թեկնածուն: Ցանկացած թեկնածուի դեպքում` ինձ թվում է  այս գործընթացը կլիներ: Իշխանափոխության այս գործընթացը, որը նախապատրաստվում էր, պետք է լիներ»:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ասաց, որ ինքը պատրաստ է լինել կոնսոլիդացման, համախմբման լայն առանցք, արդյո՞ք ՀՀԿ-ն պատրաստ է համախմբվել, կոնսոլիդացվել Քոչարյանի շուրջ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն որեւէ անգամ որեւէ համագործակցությունից չի խուսափել՝ դա կլինի ընդդիմադիր, նոր ստեղծվող: Ռոբերտ Քոչարյանը, որպես քաղաքական ուժ, երբ կներկայանա քաղաքական դաշտում, դա քննարկման առարկա է: Համագործակցությանը տարբեր կոնտեքստով կարելի է նայել, մենք համագործակցել ենք ցանկացած ուժի հետ, բայց դա չի նշանակում կոալիցիա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031