Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը չենք կիսում, մենք ունենք մեր կարծիքը». Էդուարդ Շարմազանով

Օգոստոս 29,2018 12:56

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում  ասում է, որ Սահմանադրական փոփոխությունները, եթե չաներ Սերժ Սարգսյանը, հեղափոխություն չէր լինի, ինչպե՞ս կարձագանքեք՝ պատասխանեց. «Պարոն երկրորդ նախագահի գնահատականները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեզ համար նորություն չեն: Սահմանադրական բարեփոխումների ե՛ւ նախօրեին, ե՛ւ հետո եղել են քաղաքական գործիչներ, պաշտոնաթող նախագահներ, ովքեր դեմ են արտահայտվել, եղել են քաղաքական ուժեր, ովքեր կողմ են արտահայտվել: Եղել է հրապարակային քարոզչություն՝ կողմ եւ դեմ: Մենք մեր գնահատականներն ենք հնչեցրել: Սահմանադրական բարեփոխումների դեմ արտահայտվողները, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանը, իր գնահատական է հնչեցրել, մեզ համար դա նորություն չէր»:

Շարմազանովն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների կարիքը կար, ժամանակը ցույց կտա, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցումը բխում է պետության շահերից. «Ես այն կարծիքին չեմ, որ Սահմանադրությունը փոխվել է, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով պաշտոնավարի: Սահմանադրությունը փոխվել է շատ ավելի կարեւոր հիմնավորումներով, որի մասին մենք խոսել ենք: Սերժ Սարգսյանի առաջադրման հետ կապված նույնպես եղել են տարբեր կարծիքներ: Ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանի առաջադրումը ապրիլի 12-ին բխում էր ՀՀ պետական շահերից: Այն ժամանակվա իրականությամբ, ՀՀԿ-ն ստացել է ընտրություններում քաղաքական մեծամասնություն, եւ, ըստ Սահմանադրության, մե’նք պետք է որոշեինք` ո՞ւմ ենք վստահում վարչապետի պաշտոնը: Մենք մեր թիմում ավելի պատրաստված, ավելի իմաստուն, ավելի մարտահրավերներին դիմակայելու, ավելի լավ ազգային անվտանգությունը գիտակցելու եւ Արցախի շահը պաշտպանելու, ավելի իմաստուն փորձառու գործիչ չունեինք: Հարգանքով վերաբերվելով երկրորդ նախագահի կարծիքին՝ բնականաբար, չենք կիսում այդ դիրքորոշումը, մենք ունենք մեր կարծիքը, ինքն ունի իր կարծիքը, բայց սա չի նշանակում, որ շատ-շատ լայն հարցերի վերաբերյալ մենք չենք կարող համագործակցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031