Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երբ ֆեդերացիայի նախագահն այլեւս երկրի նախագահը չէ. «Հրապարակ»

Օգոստոս 29,2018 12:26
lputyan

Արդեն անդրադարձել ենք ՀՀԿ-ական ֆեդերացիաներում տիրող անհասկանալի իրավիճակին։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ֆեդերացիաներում, որոնք ղեկավարում են հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչները կամ ՀՀԿ-ի հետ ինչ-ինչ կապեր ունեցող անձինք, ֆինանսական վիճակն այնքան էլ լավ չէ։ Իսկ գլխավորը, իհարկե, Շախմատի ֆեդերացիան է, քանի որ այն մինչ այժմ ղեկավարում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը։ Մեզ հետ զրույցում ֆեդերացիայի խորհրդի անդամ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը հերքեց, թե ֆեդերացիայում խնդիրներ կան, ֆեդերացիան շարունակում է աշխատել այնպես, ինչպես նախկինում։ Չնայած մեր աղբյուրները պնդում են, որ շախմատի հետ կապված ոչ մի գործընթաց տեղի չի ունենում՝ ոչ մրցաշարեր, ո՛չ ծրագրեր։

– Նախկինում ՀՀ 3-րդ նախագահը մեծ ուշադրություն էր դարձնում ֆեդերացիային, եւ չենք լսել, որ ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունենար։ Այժմ լուրեր են պտտվում, թե ֆեդերացիայի ֆինանսական վիճակը լավ չէ։

– Ֆինանսական մասով ես չեմ զբաղվում, ես ավելի շատ ոլորտների զարգացմամբ եմ զբաղվում, բայց, ամեն դեպքում, խնդիրներ դեռ չկան։

– Խոսվում է նաեւ, որ Սերժ Սարգսյանը պաշտոնը լքելուց հետո ուշադրություն չի դարձնում ֆեդերացիային, իսկ ֆեդերացիայում էլ չգիտեն, թե ինչպես աշխատեն նրա «բացակայության» պայմաններում։

– Դա իրականության հետ որեւէ կապ չունի, ինչպես եղել են աշխատանքները, այնպես էլ ընթանում են, որեւէ բան չի փոխվել։

– Երբ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահն էր, պարբերաբար էր հաճախում ֆեդերացիա։

– Այն պարբերությամբ, որքան որ կարողանում էր, բայց նա բոլոր խնդիրների մասին միշտ տեղյակ էր եւ որոշումներին մասնակից։

– Իսկ պաշտոնաթողությունից հետո եկե՞լ է։

– Եթե խնդիրներ լինում են, ապա, իհարկե՝ այո։ Մեկ անգամ արդեն պաշտոնաթողությունից հետո հանդիպում եղել է։ Քանի որ նա շատ լավ պատկերացնում է ոլորտը, պարտադիր չէ, որ միշտ գա, երբ որ խնդիրների մասին բարձրաձայնում են, նա արձագանքում է, որոշումներ ենք կայացնում այնպես, ինչպես եղել է նախկինում։

– Մոտ ապագայում ֆեդերացիան որեւէ միջոցառում, մրցաշար պատրաստվո՞ւմ է իրականացնել։

– Այս տարի արդեն 3 միջազգային մրցաշար անցկացվել է, հնարավոր է, որ 4-րդն անցկացվի՝ Ծաղկաձորում։ Դե, առջեւում օլիմպիադան է, պատրաստվում ենք։ Այն, ինչ պլանավորված կա, ընթանում է։

– Շախմատը Հայաստանում գերակա ոլորտ է համարվել, եւ երեւի նաեւ դրանով էր պայմանավորված, որ այն ղեկավարում էր երկրի նախագահը, հնարավո՞ր է, որ ապագայում այն կրկին հանձնվի երկրի ղեկավարին, տվյալ դեպքում՝ վարչապետին։

– Ֆեդերացիայի նախագահը կարող է փոխվել այն ժամանակ, երբ աշխատանքներում խնդիրներ լինեն, երբ արդյունքները չգոհացնեն։ Հայաստանն այսօր շախմատի ոլորտում այն երկրներից է, որին մատնացույց են անում, թե ինչպես պետք է աշխատել, ինչպես պետք է զարգացնել, մեզ ընկալում են որպես կայացած, հզոր ֆեդերացիա։ Այս պահին որեւէ խնդիր չունենք, ամեն ինչ լավ է։

Երբ Սերժ Սարգսյանը դարձավ Շախմատի ֆեդերացիայի նախագահ, նա դեռ երկրի նախագահը չէր, պաշտպանության նախարարն էր։ Դեռ 1994 թվականից նա միշտ եղել է շախմատի կողքին՝ աջակցելով ֆեդերացիային։ Թեեւ ֆեդերացիայի կազմում չէր, սակայն միշտ ակտիվորեն փորձում էր օգտակար լինել։ Իսկ շախմատային աշխարհն իրեն ճանաչում եւ ընդունում էր։

– Սերժ  Սարգսյանը  լա՞վ է շախմատ խաղում։

– Սիրողական մակարդակի համար նա բավականին լավ է խաղում, զգում է շախմատը, իրավիճակների փոփոխությունը, կարողանում է լավ պաշտպանվել, ճիշտ գնահատել դիրքը։ Նա շատ անգամ ինձ զարմացրել է՝ խաղալով եւ հավասար պայքարելով այնպիսի մարդկանց հետ, ովքեր շախմատային մասնագիտական ունակություններ ունեն:

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031