Օրերս աշխատանքային 100 օրն ամփոփելիս ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ ոլորտում չարաշահումների հետ կապված դատախազությունում գործեր կան։ Նա մասնավորապես անդրադարձավ Մարտիրոս Սարյանի կտավների հետ կապված մի դրվագի. «Ինձ մոտ հայտնվել էր մի գրություն, համաձայն որի՝ մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնը տվել էր եզրակացություն, որ Սարյանի կտավները բնօրինակներն են, եւ այնտեղ դրված էր Ռուզան Սարյանի ստորագրությունը։ Այդ փաստաթղթի հետ մեկտեղ կար մեկ ուրիշ փաստաթուղթ, ըստ որի՝ Ռուզան Սարյանը տեղեկացնում էր, որ կտավները ոչ միայն բնօրինակները չեն, այլ նաեւ իր ստորագրությունն է կեղծված»,- ասաց Մակունցը։ Նրա խոսքով՝ փաստաթղթերի այդ փաթեթն ուղարկվել է դատախազություն, որպեսզի գործին ընթացք տրվի։ Մշակույթի նախարարին տեղեկացրել են, որ գործի հետ կապված արդեն հարցաքննություններ են ընթանում։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի հետ։
– Տիկի՛ն Սարյան, փաստորեն, Ձեր ստորագրությունը կեղծվե՞լ է, եւ շուկայում Սարյանի կեղծ կտավներ են հայտնվե՞լ։
– Այդ խնդիրը կա եւ շատ վաղուց։ Պետք է կարողանանք այդ տգեղ երեւույթն արմատախիլ անել մեր հանրապետությունից։ Հայաստանը պետք է լինի Սարյանի հեղինակությունը պաշտպանողը, ոչ թե զեղծարարություններ անի՝ աճուրդներում կեղծիքների դիմելով։ Դրա առաջը պետք է առնել։
– Ինչպե՞ս է կատարվում այդ պրոցեսը, կբացատրե՞ք։
– Կեղծարարներին ես խանգարում եմ, քանի որ աճուրդների հեղինակավոր տները հաշվի են նստում իմ կարծիքի հետ, ուստի ստիպված են լինում դիմել նման միջոցների։ Իմ անունից ստեղծել են մի կեղծ թուղթ՝ Սարյանի տուն-թանգարանի՝ խորհրդային տարիների ձեւաթուղթը, որն անհեթեթություն է, քանի որ երբ ես թանգարանի տնօրեն դարձա, Խորհրդային Հայաստանն արդեն տասը տարի էր՝ գոյություն չուներ։ Բացի այդ՝ ես եզրակացություն գրելիս երբեւէ նման ձեւաթուղթ չեմ օգտագործել։ Այդ թուղթը հաստատված է կեղծ կնիքով, որի ներքո իմ կեղծված ստորագրությունն է։ Ինչպես որ կեղծում են Սարյանի կտավները, այնպես էլ՝ իմ ստորագրությունը՝ անճոռնի ձեւով։
– Ձեր պատկերացմամբ՝ ո՞վ կամ ո՞ր կառույցն է այս կեղծիքի հեղինակը։
– Դա արել է մի մասնավոր գործիչ, որը գուցե նույնիսկ Հայաստանում չէ։
– Իսկ մշակույթի նախարարության փորձագիտական կենտրո՞նը։
– Կեղծիքին ճանապարհ է տվել մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնը։ Եվ այդ կեղծիքը շատ գեղեցիկ ձեւով մինչեւ օրս ներկայացվում է ամերիկյան աճուրդներում։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում