ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մինչ այս պաշտոնին անցնելը երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում։ Մասնավորապես, նա եղել է Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, 2005–2008թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալ, 2008-2011թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության՝ մարդկանց առեւտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ, 2014թ. հոկտեմբերի 2-ից 2014թ. հոկտեմբերի 20-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նախարարի հետ հասկանալու համար, թե այն, ինչ բացահայտում են իրավապահ մարմինները, ինքը իմացել, սակայն վախեցե՞լ է որեւէ մեկին պատասխանատվության կանչել։
– Պարոն Հակոբյան, իրավապահ համակարգը շարունակում է բացահայտել դեպքեր, թե ինչպես են քաղաքացիները, օգտվելով տաքսի ծառայություններից, հայտնվում սարսափելի իրավիճակներում, նրանց նկատմամբ կա՛մ բռնություն են կիրառում՝ գումար պահանջելով, կա՛մ նրանց ենթարկում են սեռական բռնության։ Ի՞նչ եք անում ոլորտը կարգավորելու համար։
– Մենք ոլորտում լիցենզավորում ենք իրականացնում, եւ հիմա շրջանառվում է այն, որ տաքսիստներին հավասար դաշտ բերենք, բայց մարդկային առումով ցանկացած բնագավառում էլ նույն հանցանքը կարող է բժիշկը կատարել իր կաբինետում, նույն հանցանքը կարող է ուսուցիչը կատարել իր կաբինետում աշակերտի նկատմամբ։ Այնպես որ, այդ ոլորտում դնել, տաքսիստներին առանձնացնել եւ առանձին աշխատանք տանելը դա… Կարգավորելը նաեւ հնից գալիս է, նարկոլոգիական ստուգումներ են անցնում, հիմնականում դա է, այլ բան չենք կարող անել։
– Դուք մինչ տրանսպորտի նախարար լինելը իրավապահ համակարգում լուրջ պաշտոններ եք զբաղեցրել։ Եղել եք կարեւոր գործերի քննության վարչության պետ եւ այսպես շարունակ, հիմա թավշյա հեղափոխությունից հետո ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ Հատուկ քննչական ծառայությունը աղմկալի բացահայտումներ են իրականացնում, դուք այդ մասին չգիտեի՞ք, թե՞ գիտեիք, բայց վախեցել եք գործերին ընթացք տալ, թե՞ հրահանգել էին ընթացք չտալ։
– Որեւէ հրահանգ չենք ունեցել, քննչական մարմինը ինքնանպատակ չի կարող ունենալ, արթնանալ ու ասել՝ այսօր ուզում եմ ես հյուսիս-հարավի կամ մեկ այլ կազմակերպության գործը քննել, քննչական մարմինը դրա համար պետք է ստանա նյութեր…
– Բայց եղել են դեպքեր, որ նյութերը ստանում էիք, բայց էլի բան չէիք անում, գուցե վախենո՞ւմ էիք։ Ավելին, եթե անգամ ընթացք էին տալիս, հիմնական դերակատարները չէին ենթարկվում պատասխանատվության, այլ շարքայիններն էին ամբաստանյալի աթոռին հայտնվում։
– Չէ, այդպես չի եղել, որ այլ մարդիկ պատասխանատվության ենթարկվեն, ապօրինի հաստատ ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել, նայած գործով ինչ է ձեռք բերվել եւ ըստ այդմ էլ գնահատական է տրվել։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում