Երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո շատերը սպասում են ազատության մեջ տեսնել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, 2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոց պողոտայում տեղի ունեցած բախումների գործով դատապարտյալ Շանթ Հարությունյանին։
Խնդիրն այն է, որ հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանը իր նկատմամբ միայն արդարացման վճիռ է ակնկալում եւ այլ ճանապարհով չի պատրաստվում ազատ արձակվել։
Նախօրեին նրա որդին՝ Շահեն Հարությունյանը, բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ «շատ կարճ ժամանակում կլուծվի իր հորը արժանապատվությամբ ազատ արձակելու խնդիրը»։
Նամակում Շահեն Հարությունյանը շեշտում է, որ հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի նկատմամբ ժամանակին իրականացվել է անարդար դատավարություն եւ կայացվել է նրա արարքին ակնհայտորեն անհամաչափ դատավճիռ։
Բանն այն է, որ անձինք, ովքեր դատապարտյալ են, կրում են պատիժը եւ հրաժարվում են ներման խնդրագրով դիմել կամ պայմանական վաղակետ ազատվել՝ ապա օրենքը երկու հնարավորություն է նախատեսում՝ մեկը համաներումն է, որը կիրառվում է անկախ անձի ցանկությունից, մյուսը՝ վերանայման վարույթը։ Համաներումից Շանթ Հարությունյանը հրաժարվում է, իսկ վերանայման վարույթ կարող է սկսվել այն ժամանակ, երբ դատավճռի բողոքարկումով հանդես գա ՀՀ գլխավոր դատախազությունը։
Սույն թեմայի վերաբերյալ զրուցել ենք Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի հետ։
– Տիկին Պետրոսյան, գաղտնիք չէ, որ Շանթը հրաժարվում է ներումից, համաներումից, ինչպես նաեւ պայմանական վաղակետ ազատ արձակվելուց։ Այնուամենայնիվ, ի՞նչ մեխանիզմով պետք է Շանթ Հարությունյանն արդարացվի։
– Մեխանիզմը շատ պարզ է եւ հստակ, մեղադրող կողմը, որը նախկինում մեղադրանք է պաշտպանել Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով, պետք է բողոքարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը՝ մի շարք փաստական հանգամանքներ, փաստարկներ նշելով, որ երկրում իրադրություն է փոխվել, նախկին իշխանությունների օրոք քաղաքական հայացքների համար նրանք դատապարտվեցին իբրեւ քրեական հանցանք կատարելու համար, հիմա արդեն ամեն ինչ հասկանալի է, պարզ է եւ բացառիկ հանգամանքներ են ստեղծվել, եւ դատական համակարգը բեկանելու հիմքեր կան՝ արդարացման հիմքով։ Դատախազությունը պետք է բողոքարկի այս դատական ակտը, եւ վերաքննիչ քրեական դատարանում պետք է քննություն իրականացվի, բացի դա, իմ կարծիքով, պետք է անմիջապես նույն բողոքով մեղադրող կողմը դիմի, որպեսզի փոխվի Շանթ Հարությունյանի խափանման միջոցը, նա անմիջապես ազատ արձակվի եւ վերաքննություն սկսվի Վերաքննիչ դատարանում։ Այդ դեպքում դատախազությունը կարող է նաեւ խնդրել, որպեսզի բեկանվի դատական ակտը, գնա առաջին ատյանի դատարան, որտեղ իրենք կարող են հրաժարվել նաեւ այդ ամբողջ մեղադրանքից։
– Այսինքն՝ մեղադրող կողմը, որպես նոր երեւան եկած հանգամանք, պետք է նշի երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությո՞ւնը։
– Այո, բացառիկ հանգամանքներ են փոփոխվել, այդ պարագայում պետք է նաեւ դատական ակտը բեկանվի։ Ինչպես գիտենք՝ վարչապետը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանին համարում է քաղբանտարկյալ, եւ ասել է, որ չպետք է լինեն այլեւս քաղբանտարկյալներ։ Ինչպես գիտեք՝ երեք ամիս անցել է, բայց Շանթ Հարությունյանի գործով որեւէ տեղաշարժ չի նկատվում։
– Այս դեմքում ի՞նչ լիազորություն ունի վարչապետը այս գործով, սա հարցնում եմ այն պատճառով, որ Շահեն Հարությունյանը նամակով դիմել է հենց նրան։
– Վարչապետը, իհարկե, անձամբ չի կարող բողոքարկել դատական ակտը, բայց կարող է դա անել ՀՀ գլխավոր դատախազը, նա պետք է կամք դրսեւորի եւ իրականացնի իրեն օրենքով վերապահված գործընթացը։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում