Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի սկզբին սպասվում է Ալիեւի այցը Մոսկվա. դա կարող է ԼՂ հարցում ազդանշանային լինել. Վահրամ Աթանեսյան

Օգոստոս 29,2018 11:30
vahram atanesyan

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններ չեն ընթանում 2011 թվականի Կազանի տապալված հանդիպումից ի վեր, երբ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել կողմերի միջեւ արդեն իսկ համաձայնեցված փաստաթուղթը: Ըստ այդմ, իրավիճակը լիովին ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ այդ երկիրը չունի խնդրի խաղաղ-բանակցված եւ փոխզիջումային կարգավորման նպատակադրվածություն:
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:

 -Արդեն տևական ժամանակ է, ինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը փակուղում է. բանակցություններ որպես այդպիսին առկա չեն, արտգործնախարարների վերջին հանդիպումն էլ թերևս ցանկալի արդյունք չտվեց: Նման իրավիճակից դուրս գալու և գործընթացը աշխուժացնելու համար ի՞նչ ուղիներ պետք է ընտրի հայկական կողմը:

– Չեմ կարծում, թե հայկական կողմը պետք է գործընթացի աշխուժացում նախաձեռնի: Դիվանագիտական աշխատանքը պետք է տարվի այն ուղղությամբ, որ հայկական զինուժն իրականացնում է խաղաղապահ-մարդասիրական առաքելություն, հակառակ դեպքում Ադրբեջանը բռնատեղահանության եւ ֆիզիկական բնաջնջնման կենթարկի ԼՂ հայ բնակչությանը, պետք է ամրապնդվի շփման գիծը, բարձրացվի բանակի մարտունակությունը եւ սպառազինվածությունը կատարելագործվի: Լիարժեք բանակցությունների համար պետք է ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահպանվի: Այլապես հակառակորդ կողմը կունենա նախապայմաններ առաջադրելու կամ խնդիրը պատերազմով լուծելու գայթակղություն:

 -Նման պարագայում ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն, առնվազն նրանցից երկուսը՝ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, լուրջ հակասություններ ունեն: Նրանք աշխարհաքաղաքական մրցակիցներ են եւ չեն կարող ունենալ հարցի կոնսենսուսային կարգավորման տարբերակ: Միակ բանը, որի շուրջ նրանք միասնական մոտեցում ունեն, պատերազմի բացառումն է: Այս իմաստով նրանց ջանքերը գնահատելի են: Բայց ինչպես ցույց տվեց ապրիլյան քառօրյան, չկա հստակ երաշխիք, որ Ադրբեջանը չի դիմի նոր արկածախնդրության կամ գերտերություններից մեկը Բաքվին չի մղի նման քայլի: Մյուս դեպքերում համանախագահներն անում են դիվանագետի իրենց գործը: Դա նրանց առօրյան է:

-Ի՞նչ եք կարծում, ՀՀ վարչապետի դիրքորոշումն (ՀՀ իշխանությունը բանակցելու է միայն Հայաստանի անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը) ինչպե՞ս է անդրադառնում առկա իրավիճակի վրա:

-Հայաստանի վարչապետի այդ հայտարարության շուրջ փորձագիտական եւ քաղաքագիտական որոշ շրջանակների ոգեւորությունը ես չեմ կիսում: Խնդիրն այն է, որ նախկինում էլ տեսակետ կար, որ Հայաստանի համար ընդունելի է կարգավորման ցանկացած տարբերակ, որի շուրջ կհամաձայնեն Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը: Գործնականում, սակայն, արդեն երկու տասնամյակ է՝ բանակցում են Հայաստանը եւ Ադրբեջանը, եւ սկզբունքային համաձայնություն եթե կայանալու լինի, ապա լինելու է այդ ձեւաչափով: 

-Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Իլհամ Ալիևի հետ: Վերջինս նման մտադրության մասին մինչ այս չի հայտնել: Ըստ Ձեզ, Ալիևը որոշակի հաշվարկներ կամ սպասելիքներ ունի՞, թե՞, պարզապես, չի փորձում շտապել:

-Ադրբեջանը բանակցելու քաղաքական ռեսուրս չունի: Մանավանդ՝ Հայաստանի նոր իշխանությունների հետ: Ալիեւն այդ իրավիճակում սպասում է ռուս-հայկական հարաբերություններում լարվածության: Ավելի ճիշտ, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները լարվեն: Սեպտեմբերի սկզբին սպասվում է Ալիեւի այցը Մոսկվա: Դա կարող է ԼՂ հարցում ազդանշանային լինել:

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031