Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պատվիրատուն» իմացել է, որ «Ավետիսը դատված է եղել` Նեմեց Ռուբոյի մեքենան պայթեցնելու համար»

Օգոստոս 29,2018 14:00

Տաքսու վարորդը օպերատիվ աշխատանքի մե՞ջ

Օգոստոսի 8-ին վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց նախկինում դատված մի կնոջ դատավճիռը:
Մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ս.Պ.-ն դատապարտվել էր տասը տարվա ազատազրկման: Ս.Պ.-ի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հրանտ Անանյանը դիմելով վերաքննիչ դատարան, խնդրել էր բեկանել, փոփոխել մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Ս. Պ.-ի վերաբերյալ դատավճիռը, ճանաչել եւ հռչակել ամբաստանյալ Ս.Պ.-ի անմեղությունը առաջադրված մեղադրանքում: Կամ` մերժելու դեպքում Ս.Պ.-ի նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել, կամ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ նշանակել օրենքով նախատեսված նվազագույն պատժից առավել մեղմ պատիժ: Վերաքննիչ դատարանը 2 տարի 9 ամսվա կալանքը փոխել է՝ սահմանվել է 2 միլիոն ՀՀ դրամի չափով գրավ, եւ ըստ էության գործն ուղարկել մարզի դատարան այլ կազմով քննելու:
«Առավոտի» հարցին, թե սպասելի՞ էր գրավով ազատ արձակելը երկարատեւ ազատազրկման դատապարտվածի համար, պաշտպան Հրանտ Անանյանն ասաց. «Սպասելի էր ինձ համար, քանի որ մեղադրանքը անհեթեթ էր, իսկ առաջին ատյանի դատավճիռն՝ անհիմն եւ զավեշտալի էր, սակայն խնդիր կար, որ դժվար էր վերաքննիչ դատարանի համար այսօրվա ծանրաբեռնվածության պայմաններում խորանալ գործի մանրամասների եւ նրբությունների մեջ, թեեւ վերաքննիչ բողոքում առավելագույնս մատուցել էի ամբողջը։ Ինչեւէ, վերաքննիչ դատարանը գտնվեց բարձունքի վրա։ Ոստիկանությունը միջոցառումներ էր անցկացրել, որոնք հաջողությամբ չէին պսակվել, սակայն իրավապահները որոշել էին «հրել» առաջ՝ ինչ ունեն…»:

Եվ քանի որ դատավճիռը դեռ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում չկա, մենք վերաքննիչ դատարանի դատավճռի իրավական հիմնավորումները չենք կարող ներկայացնել: Եվ կտեղեկացնենք գործի նյութերից, դատարանում հնչած ցուցմունքներից:

Ըստ մեղադրանքի կողմի առաջադրած եւ առաջին ատյանի դատարանում հաստատված ապացույցների, Ս.Պ.-ն 2014թ. դեկտեմբերին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող «Նիկո» ռեստորանային համալիրում իր նախաձեռնությամբ կազմակերպել է հանդիպում իր ազգական Արմեն Պ.-ի եւ վերջինիս ընկեր Ավետիս Խ.-ի հետ, նրանց պատվիրել է կազմակերպել եւ իրականացնել Հ. Բ.-ի եւ նրա դստեր` Լ. Բ.-ի սպանությունները` խոստանալով վճարել յուրաքանչյուրի սպանության համար 5000-ական ԱՄՆ դոլար։ Ըստ գործի նյութերի, ամբաստանվող կինը պատվիրել էր սպանություններն իրականացնել խեղդելու կամ բարձրությունից վայր գցելու եղանակով՝ խնդրելով դրանք իրագործել իր՝ Հայաստանից Հունաստան մեկնելուց հետո։

Տուժողը ամբաստանյալի հանգուցյալ եղբոր կինն է: Վերջինի հայրը` Հ. Բ.-ն. մինչ այս քրեական գործը, քաղգործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում որպես դստեր ներկայացուցիչ հաղթել է դատը: Պատճառված վնասը 27 000 դրամ է կազմել եւ Ս.Պ..-ն, ըստ առաջադրված մեղադրանքի, «նյութական ծախսերից խուսափելու շարժառիթով որոշել է սպանել Լ. եւ Հ. Բ.-ին»:
Սպանության պատվիրատուն «Անուշիկ» ռեստորանային համալիրում հանդիպել է իր ազգական Արմեն Պ.-ին, նրա ընկերոջը` Ավետիս Խ.-ին, ստացել սպանությունները կազմակերպելու համաձայնությունը: Ս.Պ.-ն խոստացել եւ մատնացույց է արել Լ. եւ Հ. Բ.-ի բնակության վայրերը, տրամադրել նրանց լուսանկարները։ Սակայն Արմեն Պ.-ն հետագայում հրաժարվել է սպանությունները կատարել, եւ հաղորդում է տվել իրավապահ մարմիններին հանցագործության մասին: Ի դեպ, բարձրագույն կրթությամբ ամբաստանյալ կինը` Ս.Պ.-ն, չի ընդունել իր մեղքը, հայտնել է, որ տուժողներին սպանելու պատվեր չի տվել. «ընդհակառակը, Արմեն Պ.-ն է իր պրովոկացիոն բնույթի զրույցներով ցանկացել իր մոտ առաջացնել նման վճռականություն, անգամ փորձել է գումար շորթել»: Նա նաեւ ցուցմունք էր տվել, որ Լ. Բ.-ն իր հանգուցյալ եղբոր կինն է եղել, իսկ Հ. Բ.-ն` վերջինիս հայրը. «Հայր ու դստեր հետ թշնամությունը ընդամենը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շուրջ 3-4 տարի քննվող քաղաքացիական գործով էր պայմանավորված` իր հայրական տան հետ։ Դրանից բացի, նրանց հետ որեւէ շփում չի ունեցել»։ Ըստ Ս.Պ.-ի, Արմեն Պ.-ն տաքսու վարորդ էր, եւ նրա հետ հաճախակի է գնացել Վանաձոր դատական նիստերի:
Ս.Պ.-ն դատարանին հայտնել էր. «Տաքսու վարորդի հետ գնացել են Վանաձորի դատարան եւ հետ գալու ճանապարհին Արմենն իրեն խնդրել է, ավելի ստույգ, պնդել է ցույց տալ Լ. եւ Հ. Բ.-ի բնակության վայրերը, ինքը չի մերժել նրան՝ չնեղացնելու պատճառով, սակայն փաստացի նույնիսկ չի կողմնորոշվել նշված տեղանքում, դրա փոխարեն Արմենն է իրեն փաստացի ճանապարհը ցույց տվել, այսինքն, ինքը խիստ մոտավորապես է կարողացել ինչ-որ բան ցույց տալ, նույնիսկ ասել է՝ «ստեղարենք է», ավելին, շենքը եւ մյուս տվյալները չգիտի, բայց նա իրենից լավ է իմացել, ինչն իրեն այդ պահին զարմացրել է։ Իր փաստաբան Վ. Զուռնաչյանը նստել է ավտոմեքենան եւ հայտնել, որ շտապում է, ինքն էլ պահանջել է Արմենից վարել դեպի Երեւան, սակայն նա իրեն չի լսել, նույնիսկ վիճել է»։ Ի դեպ, ցուցմունքի այդ հատվածը մեջբերելը կարեւոր էր այն պատճառով, որ Արմենին, իր նախաքննական ցուցմունքների համաձայն, եւ Ավետիսին Ս.Պ.-ն 2014 թվականի դեկտեմբեր եւ հունվար ամիսներին արդեն ցույց էր տվել տուժողների բնակության վայրերը, եւ զարմանալի էր, թե մեկ տարի հետո ինչո՞ւ պետք է Ս.Պ.-ին խնդրեր կրկին ցույց տալ նրանց բնակության վայրերը, կամ եթե ի վիճակի է դա անելու, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ նա իրենից լավ է իմացել դա։
«Արմենը ոստիկանության հանձնարարություն է կատարել` իր գլխին սարքել»,- ասել էր Ս.Պ.-ն:

2015 թվականի փետրվար ամսից հետո տաքսու վարորդին չէր հանդիպել, «տուժողներին սպանելու կամ վնասելու բովանդակությամբ խոսակցություններ չի ունեցել»։ Ամբաստանյալը տեղյակ չի եղել, որ Արմեն Պ.-ն ոստիկանություն է դիմել դեռեւս 2015 թվականի հունվարին, այդ մասին իմացել է իրեն մեղադրանք առաջադրելու օրը` տասն ամիս հետո` հոկտեմբերի 3-ին:
Դատական գործընթացի ժամանակ պարզվել է, որ վկան` Արմեն Պ.-ն, նախկինում՝ 1992-1995թթ. աշխատել է Էրեբունու քրեական հետախուզությունում, որպես օպերլիազոր, հետո դատապարտվել է։
Նա ցուցմունք էր տվել, որ մի անգամ իր մեքենայով գնացել են դատարանի մոտ, քաղգործով դատը վերջացել էր: Ս.Պ.-ն ցույց է տվել մեկին եւ ասել. «Էս կեղտն է, որն ուզում է Կիրովականի տները խլի»։ Ապա, ըստ վկայի, Փարաքարի «Նիկո» ռեստորան են գնացել, երեքով են եղել, ինքն Ավետիսին ներկայացրել է որպես «պատերազմի ընկեր»։ Ս.Պ.-ն իմացել է, որ Ավետիսը դատված է եղել` «Նեմեց Ռուբոյի» մեքենան պայթեցնելու համար։ Հետո Ս.-ն ասել է տուժողներին սպանելու մասին, իսկ Ավետիսն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունից մարդ կբերի. «Լուրջ չենք ընդունել»:
Տաքսու վարորդը չէր զղջացել պատվիրված սպանությունը «ձախողելու» համար, ավելին, նա հայտնել էր, որ օպերատիվ աշխատանք է կատարել, իր մեքենայում լսող սարքեր են դրվել եւ փորձել է հասկանալ՝ Ս.Պ.-ն կգնա՞ մինչեւ վերջ իր պահանջին: Երբ ինքն ու Ավետիսը «գլխանց» գումարն են ուզել, Ս.Պ.-ն հայտնել էր, ըստ վկայի՝ «գերեզմանները տեսնեմ նոր»: Իսկ առհասարակ, Ս.Պ.-ն գումար ունե՞ր, թե՞ ոչ, մանավանդ, որ նախկինում նույնպես դատված է եղել, պարզ չէր:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

28.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031