Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մասնագետները օպերայի՝ երիտասարդներին վստահելու եւ Չուխաջյանի օպերետի «առեւանգվելու» մասին

Օգոստոս 29,2018 13:30

Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մասնակիցները հանդես եկան երկու նախագծով՝ ներկայացվեց Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետը եւ թատրոնի ճեմասրահում համաշխարհային օպերային գանձարանից Մոցարտի որոշ օպերաներից համերգային կատարումներ: «Առավոտը» Երիտասարդական ծրագրի հիմնումից (2015թ.) մշտապես հատուկ ուշադրություն է դարձրել երիտասարդ վոկալիստներին՝ պարզ պատճառով. նրանք են թատրոնի վաղվա բուն համակազմը: Փաստել ենք նաեւ նրանց հաջողությունների մասին, մասնավորապես՝ միջազգային մրցույթներում, որտեղ ոմանք արժանացել են ոչ միայն գլխավոր մրցանակների կամ դիպլոմների, այլեւ գրան պրիների: Անցյալ տարի էլ ծրագրում ընդգրկված երիտասարդները ներկայացրին «Կարինե կոկտեյլ» նախագիծը, որի առաջին բաժնում Ժիրայր Փափազյանի ռեժիսուրայով «Կարինե» օպերետի առաջին արարն էր, իսկ երկրորդում՝ բեմականացված տարբերակով հատվածներ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից: Նշենք, որ պրեմիերային ներկա մասնագետներից ոչ մեկը չհիշեց մի դեպք, երբ հայաստանյան որեւէ թատրոնի ղեկավարություն նման վստահություն է ցուցաբերում երիտասարդ ստեղծագործողներին:

Ռեժիսոր Ժիրայր Փափազյանը շուրջ երկու տարի է, ինչ հավաստիացնում է, թե առաջին անգամ է Երեւանում բեմադրվում «Կարինեն» բնագրով, ինչը տարաբնույթ խոսակցությունների առիթ տվեց: Մենք քանիցս հարցազրույց ենք վարել նրա հետ, լսել նաեւ տարբեր տեսակետներ: Պրեմիերայի օրը մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը հայտնեց, որ «Կարինեն» ոչ միայն Երեւանում, այլեւ արտասահմանում ամենաշատը բեմադրված հայ կոմպոզիտորի ստեղծագործություններից է. «Կոմպոզիտոր, հայկական օպերետի հիմնադիր Տիգրան Չուխաջյանը իր այս գործը՝ «Լեբլեբիջի Հորհոր աղա» վերնագրով, իրականացրել է 1867թ., Պոլսում, օպերետն այնուհետեւ թարգմանվել է տարբեր լեզուներով, բեմադրվել Բուլղարիայում, Հունաստանում, Եգիպտոսում եւ այլն: Միայն Երեւանում ունեցել է մի քանի բեմադրություն: Առաջինը 1941թ. նախաձեռնել ու ներկայացրել է Հայֆիլհարմոնիան, Երեւանի Ֆլորայի այգում՝ «Կանաչ թատրոնում»: Նախաձեռնողն էր Արամ Տեր-Հովհաննիսյանը: Այս մասին իրենց հիացական կարծիքներով հանդես են եկել անվանի արտիստներ Հայկանուշ Դանիելյանը, Հրաչյա Ներսիսյանը եւ ժամանակի մյուս մեծերը: Երկրորդը Կոմեդիայի թատրոնում իրականացրել է Թադեւոս Սարյանը, դիրիժորն էր Արամ Տեր-Հովհաննիսյանը, պարերի հեղինակը՝ Սրբուհի Լիսիցյանը, նկարիչը՝ Միքայել Արուտչյանը: 1950թ. «Կարինեին» «մոտեցավ» Վարդան Աճեմյանը, եւ 1951թ. Ազգային օպերային թատրոնում դիրիժոր Սուրեն Չարեքյանի ղեկավարությամբ, մեծանուն երգիչներ Գոհար Գասպարյանի, Մարիա Չմշկյանի, Նար Հովհաննիսյանի, Միհրան Երկաթի, Վահան Միրաքյանի մասնակցությամբ տեղի ունեցավ օպերետի աճեմյանական հրաշալի բեմադրությունը»: Թվարկելով օպերետի՝ տարբեր ռեժիսորների իրականացրած բեմադրությունները, Սերգեյ Առաքելյանը գովեստով խոսեց նաեւ Տիգրան Լեւոնյանի՝ 1980-ականների վերջերին (վերականգնել է 1992թ.), դարձյալ օպերային թատրոնում բեմադրած «Կարինեի» մասին: Այնուհետեւ հիշատակեց 2014թ. Կոմեդիայի թատրոնում Երվանդ Ղազանչյանի այս օպերետի բարձրարվեստ բեմադրության մասին, որն էլ նույն թվականին արժանացավ նախագահի մրցանակին: Հարցին, թե փաստորեն Ժիրայր Փափազյանն է, որ պեղել ու գտել է «Կարինեի» օրիգինալը, պարոն Առաքելյանն ընդամենն ասաց. «Մեծ հաշվով պարտական ենք Շարա Տալյանին, որը մինչեւ 1941թ. օպերետի երեւանյան առաջին բեմադրությունը հիշողությամբ վերականգնել է: Այդ հիշողությունները կապված են Բաքվի հետ, հենց այնտեղ 1912թ. Մայիլյան թատրոնում Մացակ Տեր-Առաքելյանի թարգմանությամբ առաջին անգամ հայերենով բեմադրվել է օպերետը»: Մեր խնդրանքին՝ կարծիք հայտնել ներկայացման եւ Ժիրայր Փափազյանի հավաստիացմամբ՝ առաջին անգամ Չուխաջյանի գործիքավորմամբ եւ իր լիբրետոյով այս օպերետի մասին, պարոն Առաքելյանը պատասխանեց. «Թողնենք մասնագետների գնահատականներին: Ըստ էության, օպերետին անդրադարձած բոլոր ռեժիսորները խմբագրել են Թագվոր Նալյանի լիբրետոն, որտեղ պճնամոլ երիտասարդը դիմելով խարդավանքների ու խորամանկությունների, կարողանում է իրականացնել ընկերոջ պսակադրությունը սիրած աղջկա հետ՝ հակառակ վերջինիս հոր՝ Հորհոր աղայի ցանկության: Ինչ վերաբերում է երիտասարդ երգիչներին, բոլոր ժամանակներում ունեցել ենք նման հիանալի ձայներ: Ողջունելի է երիտասարդներին վստահելու թատրոնի ղեկավարության քայլը»: Մեր զրուցակիցը մտաբերեց նաեւ 1967թ. «Հայֆիլմում» նկարահանված Արման Մանարյանի ռեժիսուրայով «Կարինե» ֆիլմ օպերետը, որը գործիքավորել են Ղազարոս Սարյանն ու Տիգրան Մանսուրյանը: Իսկ մինչ այս պրեմիերան օպերետի գործիքավորման աշխատանքներն իրականացրել է անվանի կոմպոզիտորների մի խումբ՝ Լեւոն Խոջա-Էյնաթյանի ղեկավարությամբ:

Ռեժիսոր, Փարիզի «Չուխաջյան» կենտրոնի տնօրեն Ժիրայր Փափազյանը պրեմիերայի օրը մեզ նոր տեղեկություն հայտնեց. «1904թ. «Անահիտ» պարբերականում գրված է եղել ընդամենը մեկ տող «Կարինե» օպերետը բեմադրելու մասին: Այստեղ կար ֆրանսիացի մի թարգմանչի՝ Դանիել Ժուրդայի անունը: Տարիներ ի վեր զբաղվելով օպերետի օրիգինալի փնտրտուքով, «բռնեցինք» այս թարգմանչի անունը: Ճանապարհները մեզ տարան «Սիրելիին օրենքը» օպերետին: Սա հենց «Կարինեն» էր եւ մեր ենթադրությամբ՝ թարգմանիչը առեւանգել էր Չուխաջյանի օպերետը»:

Տեսարաններ «Կարինե» օպերետից

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարումԼեւոն Ջավադյանը (կենտրոնում)՝ իր ղեկավարած ծրագրի երգիչների հետ:

«Առավոտ»

28.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նախ ուզում եմ շնորհավորել այն երեւույթը, որ եիտասարդներին տալիս ենք այն լավ առիթը որ բարձրանան Մեր Բեմում եւ իրենց հիշողությունների մեջ վառ պահեն այն:
    Գալով “Կարինե“ օպերետին եւ իր շուրջ եղող այս բոլոր իրադարձություններին, իմ կարծիքը այն է, որ պետք է ժամանակագրական մոտեցումով տեսնել նրա արժեվորումը, ոչ թե գործի ինքնարժեքը, այսինքն 1900 ականներին մենք շատ հեռու էինք օպերետային եւ օպերային արվեստից: Չուխաջյանը եղել է առաջիններից մեը, բայց օպերերետային, օպերային նորմերը իրենց բարձրունքի վրա չեն համաձայն եվրոպական համաչափերի: ՎՈԿԱԼ -ը շատ տկար է, գործիքավորուման մասին խոսել իսկ իմաստ չունի: Միակ գնահատելին այն էր,որ մենք մեր առաջին հայացքները ունեցանք այդ դաշտում եւ պետք է շաունակեինք եւ մեծ աշխատանք տանեինք որ մոտենաինք բուն մակարդակին, ուստի այդքան հերոսացնելու ճիքեր մի դրեք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031