Ամենից առաջ պետք է ճշտել. այդպիսի հիմնահարց իրոք գոյություն ունի՞, թե՞ ոչ: Այս հարցադրումն իսկ կարող է տարօրինակ թվալ. ամեն մի հայորդի գիտի, որ այդ հիմնահարցը ծառացած է հայ ժողովրդի առաջ, եւ չնայած արեւմտահայության՝ իր գոյատեւման համար գործադրած տիտանական ջանքերին, ապագան շատ հոռետեսական է. ապացույց կարող են լինել վերջին Հայաստան-Սփյուռք համաժողովում հնչած միայն երկու բառը՝ «Սփյուռքը կը մաշի՜», որոնք շատ ավելի խոսուն էին, քան մնացած բոլոր ելույթները: Սակայն մյուս կողմից բոլորս վկա ենք, որ վերանկախացած Հայաստանը իր գոյության քառորդ դարի ընթացքում շատ քիչ է արել այդ հիմնահարցին իրական, արդյունավետ լուծում տալու համար: Իրավիճակը հիրավի կարող է տարօրինակ թվալ. Խորհրդային Հայաստանը՝ լինելով խորհրդային կայսրության մի փոքրիկ մասնիկ, հնարավորություն չուներ շատ բան անելու արեւմտահայության համար, բայց եւ այնպես քիչ չի արել, իսկ ահա նորանկախ Հայաստանը, որ պետք է տասնապատիկ ավելին աներ, չի անում: Այս բոլորի պատճառների բացատրությունը եւ հիմնահարցի լուծման ուղիների մատնանշումը սույն գրության նպատակն է:
Նախ ամփոփ ներկայացնենք իրավիճակը. Մեծ եղեռնի ժամանակ արեւմտահայությունը կորցրեց մեկուկես միլիոն մարդ. հաջորդող հարյուրամյակին նույնքան էլ զոհ գնաց սպիտակ ջարդին, իսկ մնացած մեկուկես միլիոնն էլ կվերանա մեկ հարյուրամյակի ընթացքում: Մենք ազգովին այդպես ենք մտածում (թվերի մասին որոշ տարակարծությունները էական չեն): Սակայն նման հուսահատական մտայնությունը չի կարող ընդունելի լինել ոչ միայն ամեն մի ազգասեր հայորդու, այլեւ ամեն մի ազնվամիտ անձի համար՝ մարդկային խղճի եւ արդարության՝ այսպես ասած՝ «նանսենյան» տեսակետից: Այսինքն, ոչ միայն ամեն մի սրտացավ հայորդի, այլեւ հետեղեռնյան չորրորդ թե հինգերորդ սերնդի՝ արդեն «ծագումով հայ» դարձած արեւմտահայը իրավունք չունի հաշտվելու այն մտքի հետ, որ արեւմտահայությունը դատապարտված է վերանալու:
Նախ ասենք, թե ինչ պետք է հասկանալ արեւմտահայությունը փրկել ասելով: Բոլորովին իրատեսական չէ մտածելը, որ այսօր գոյություն ունեցող մեկուկես միլիոն արեւմտահայությունը կարելի է ամբողջությամբ փրկել: Ուստի պետք է որոշակի նշանակետ սահմանել: Մենք այն վերցնում ենք որպես կես միլիոն արեւմտահայություն՝ հարյուր տարի հետո, որից կեսը հայախոս (տան մեջ հայերեն խոսող), իսկ մնացածը ավելի կամ պակաս չափով հայերեն իմացող, որ կարողանա հայերենով հաղորդակցել աշխարհասփյուռ հայրենակիցների հետ, մանավանդ Հայաստան այցելելիս:
Այսպիսի արդյունքի անհնարին է հասնել արեւմտահայության սեփական ջանքերով միայն, սակայն դա հնարավոր է Հայաստանի օգնությամբ, եթե այն լինի անկեղծ, այլ ոչ թե ձեւական, եւ տարվի ճիշտ ուղղությամբ: Այդ պայմանների բացակայության պատճառով Հայաստանի անկախացումից անցած քառորդ դարում արեւմտահայության «մաշումը» բոլորովին էլ չի նվազել:
Որեւէ սփյուռք չի կարող գոյատեւել առանց երկու հիմնական պայմանների առկայության՝ լեզվի եւ հայրենիքի: Հայաստանը կարո՛ղ է եւ պե՛տք է այդ երկուսն էլ տա արեւմտահայ սփյուռքին: Մինչեւ հիմա դա չարվելու պատճառներից հիմնականը դրանց սխալ հասկացվելն է, ինչի մասին ասվում է ստորեւ:
Շուրջ երեք տարի առաջ «Մեսրոպյան ուխտ» լեզվապահպանական միությունը հանդես եկավ արեւմտահայերենը փրկելու կոնկրետ ծրագրով, որ պատկերավոր կերպով անվանվում է արեւմտահայերենի «բնակեցում» Հայաստանում: Դրա օգտին հստակորեն արտահայտվել էր նաեւ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը: Որպես այդ ուղղությամբ առաջին քայլ՝ 2015 թ. աշնանը «Մեսրոպյան ուխտը» կազմակերպեց եւ մեծ հաջողությամբ Ստեփանակերտում անցկացրեց արեւմտահայերենի մի մրցույթ ավագ դպրոցների աշակերտների համար (որոշ մանրամասները տես ստորեւ), սակայն դա ոչ մի արձագանք չգտավ Հայաստանի իշխանությունների կողմից, ոչ մի քայլ չարվեց արեւմտահայերենի «բնակեցման» ուղղությամբ: Դրա պատճառների բացահայտումը եւ դրանց վերացումը հսկայական կարեւորություն ունի քննարկվող հիմնախնդրի լուծման համար: Այստեղ մենք պիտի մատնանշենք դրանցից միայն ամենակարեւորը՝ արեւմտահայերենը Հայաստանի դպրոցներում դասավանդել չցանկանալը հայրենի իշխանությունների կողմից, որովհետեւ այդ դասավանդումը դիտվում է որպես դասական ուղղագրությունը Հայաստանին պարտադրելու առաջին քայլ:
Այստեղ մի ահավոր թյուրիմացություն կա, որի բացահայտումը կարող է փրկարար նշանակություն ունենալ: Ամբողջ թյուրիմացությունն առաջանում է այն պարզ պատճառով, որ մենք չենք զանազանում բանավոր խոսքը գրավորից: Այն հարցը, թե ինչով պիտի օգնի հայրենաբնակ ժողովուրդը արեւմտահայությանը լեզվի միջոցով, ունի հետեւյալ պատասխանը. նրա հետ արեւմտահայերենով խոսելով, ինչի համար ինքը պետք է սովորի այդ լեզուն: Բայց բանն այն է, որ բավական է, որ դա լինի բանավոր արեւմտահայերենը: Այսօր արեւմտահայ երիտասարդների ճնշող մեծամասնությունը՝ ներառյալ նույնիսկ հայկական դպրոց հաճախածները, խուսափում են հայերեն գրելուց: Բերենք հետեւյալ վառ օրինակը: Եթե մեկը ուզենա թեքսթ անել «բարեւ ձեզ», ապա կնախընտրի գրել parev tsez, որովհետեւ հայատառ գրելու դեպքում կարող է մինչեւ հինգ տառասխալ թույլ տալ՝ գրելով փարէվ ցէզ:
Ուրեմն, եթե ուզում ենք, որ հայրենի աշակերտությունը արեւմտահայերեն սովորի, բավական է, որ այն լինի բանավոր լեզուն: Հայաստանն այսօր պատրաստ չէ սկսել արեւմտահայերենի ուսուցումը դպրոցներում այնպես, ինչպես դա հասկացվում է «բնականաբար», այսինքն՝ դասական ուղղագրության ուսուցումով, դասաժամեր հատկացնելով, ուսուցիչներ պատրաստելով, դասագրքեր հրատարակելով: Բարեբախտաբար, այդ բոլորի անհրաժեշտությունը չկա՛, եւ ահա թե ինչու: Խորհրդային ժամանակներից մենք ստացել ենք մի հիանալի ժառանգություն՝ մեծ թվով արեւմտահայ գրողների գործեր ներառվել են հայ գրականության դասագրքերում: Ուրեմն, արեւմտահայերենի ուսուցումը հայաստանյան բոլոր դպրոցներում կարող է արվել պարզապես այդ գործերը արեւմտահայերենո՛վ կարդալով, մինչդեռ հիմա դա արվում է ահավոր աղավաղումով՝ արեւմտահայերենը «մորթոտելով», ինչպես դա արվում է նաեւ բեմերից եւ հեռուստատեսությամբ:
Արեւմտահայ գրագետ խավի համար միանգամայն անհնարին է պատկերացնելն անգամ արեւմտահայերենի ուսուցումը հայրենի դպրոցներում առանց դասական ուղղագրության: Ի պատասխան դրա մենք պիտի բերենք արեւմտահայերենի հետեւյալ ասացվածքը. «Նպատակդ խաղող ուտե՞լն է, թե՞ այգեպանը ծեծելը»: Մեր պարագային խաղող ուտելը արեւմտահայությունը փրկելն է, իսկ այգեպանը ծեծելը՝ դասական ուղղագրությունը Հայաստանին պարտադրելը:
Անցնենք գործնական առաջարկի: Քառորդ դար ուշացումից հետո պետք չէ եւս մեկ տարի կորցնել. արեւմտահայերենի ուսուցումը հայրենի դպրոցներում պետք է սկսել հենց գալիք ուսումնական տարում: Դրան նախապատրաստվելու համար պետք է, որ կրթության եւ գիտության նախարարությունը՝ սփյուռքի նախարարության եւ Լէզվի ինստիտուտի հետ համատեղ մի գիտաժողով հրավիրի, ուր «Մեսրոպյան ուխտը» կներկայացնի վերը նշված մրցույթի մանրամասները: Այստեղ միայն ասենք, որ մրցույթը բաղկացած էր չորս կետից՝ երկու բանավոր եւ երկու գրավոր, որոնցից միայն մեկն էր դասական ուղղագրության վերաբերյալ: Առանց այդ մեկի կունենանք ճիշտ այն, ինչը միանգամայն բավարար է հայրենի աշակերտությանը արեւմտահայերեն ուսուցանելու համար: Ավելացնենք նաեւ, որ ցանկացողների համար կարելի է ունենալ նաեւ ֆակուլտատիվ (կամընտրական) դասեր:
Այստեղ հարկ ենք համարում մեջբերել մրցույթից առաջ աշակերտներին տրված ուղերձը (որը հետո հնչեց նաեւ Ստեփանակերտի ռադիոյով). «Ժամանակին արեւմտահայերին փրկելու համար նրանց կողքին կռվող արեւելահայերին կարելի է ներկայացնել Նիկոլ Դումանի հավաքական կերպարով: Այսօր կարող ենք տալ հռետորական հարց. «Ո՞ւր են մերօրյա նիկոլդումանները. չէ՞ որ այսօր ավելի շատ արեւմտահայ է «կոտորվում», քան այն ժամանակ»: Եվ տալիս ենք մեր հարցի պատկերավոր պատասխանը. «Մերօրյա նիկոլդումանները այսօր էլ պետք է զենքը առնեն ու կռվեն արեւմտահայերի կողքին: Այդ «զենքի» անունն է արեւմտահայերեն: Դա նշանակում է, որ արեւմտահային փրկելու համար արեւելահայը (ներառյալ պարսկահայը) պետք է նրա նկատմամբ հոգատարություն ցուցաբերի՝ «ընդամենը» մի բան անելով՝ նրա հետ արեւմտահայերե՛ն խոսելով: Ուստի պետք է այդ «զենքը» գործածել սովորել, իմա՝ արեւմտահայերեն սովորել»:
Արեւմտահայության փրկության մյուս միջոցը բնականաբար դիտվում է հայրենադարձությունը: Սակայն այստեղ եւս մի մեծ թյուրիմացություն կա: Նախ, այսօր կարելի է խոսել լավագույն դեպքում միայն մի քանի տասնյակ հազար արեւմտահայերի հայրենադարձման մասին, եւ երկրորդ, ավելի կարեւոր, հայտնելու ենք մի արտասովոր միտք. սովորական իմաստով հայրենադարձությունը չի կարող լուծել արեւմտահայության փրկության հարցը, այլ պետք է ունենալ դրա մի այլ տեսակը, որ մենք անվանելու ենք արեւմտահայերի բնակեցում Հայաստանում (ի տարբերություն լեզվի «բնակեցման», այս մեկը չակերտված չէ):
Ասվածը անհապաղ բացատրություն է պահանջում, բայց նախ քննարկենք 1946-1948 թթ. «մեծ հայրենադարձությունը»: Այն ժամանակ ներգաղթած շուրջ հարյուր հազար արեւմտահայերի հայապահպանման հարցը մեկից լուծվեց. դեռ ավելին, նրանց հաջորդ սերունդը այլեւս «ախպար» չէր: Սակայն ընդհանուր առմամբ արեւմտահայերի հայապահպանման հիմնախնդիրը թերեւս դրանից օգուտով դուրս չեկավ: Այս հարցը պետք է համակողմանիորեն քննարկել, բայց անկախ դրա արդյունքից, սովորական իմաստով հայրենադարձության փոխարեն պետք է իրագործել արեւմտահայերի բնակեցում Հայաստանում: Գործնականորեն սա նշանակում է հետեւյալը: Ստեղծվում է Երեւանի մի թաղամաս՝ «Փոքր Արեւմտահայաստան», որտեղ ամեն ինչ արեւմտահայերեն է՝ խանութների ցուցանակները, ծանուցումները, գովազդները, ինչպես նաեւ փողոցներում, խանութներում, հիմնարկներում խոսակցական լեզուն եւ այլն: Այս բոլորը շատ անսովոր է եւ թվում է անընդունելի, բայց այդպես պետք չէ լինի. Հայաստանը հայտնի է ազգային փոքրամասնությունների նկատմամբ իր խիստ գովելի վերաբերմունքով, որի համար իրավամբ կարող է հպարտանալ: Արեւմտահայության համար բոլորովին նվաստացուցիչ չի լինի, եթե դիտվի որպես ազգային փոքրամասնություն. «մեկ ազգ, մեկ լեզու» լոզունգը եւ դրա նմանները միայն զգացական արժեք ունեն: Իսկ «Փոքր Արեւմտահայաստանը»՝ լինելով Հայաստանի մի մասնիկը, լավագույնս կարող է ստեղծել հայրենիքի զգացողությունը աշխարհասփյուռ արեւմտահայության համար:
Վերջապես նշենք նաեւ, որ բացի երկու կարեւորագույն բանից՝ լեզից ու հայրենիքից, Հայաստանը կարող է արեւմտահայությանը տալ եւս մեկը. արեւմտահայ երիտասարդության համար Հայաստանը կարող է գրավիչ լինել նաեւ միջազգային ճանաչում ունեցող եւ անհամեմատ պակաս ծախսալից բարձրագույն ուսումով: Հայաստանը դա տվել է դեռեւս խորհրդային տարիներին (այն էլ արտոնյալ պայմաններով), հիմա էլ ունի սփյուռքահայ ուսանողներ՝ օտարերկրացիների թվում, սակայն հարցը նրանց արեւմտահայերենով ուսուցանելն է (հիմնականի՝ անգլերենի հետ զուգահեռ):
Վերջացնենք ամփոփիչ խոսքերով. անհապաղ սկսենք արեւմտահայության փրկության ազգանվեր գործը:
ՎԱՂԱՐՇԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Մեսրոպյան ուխտ» լեզվապահպան միության հիմնադիր անդամ
ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արեւմտահայերենի բաժնի Սփյուռքի խմբի անդամ
«Առավոտ»
28.08.2018