Ինչպես Հիլարի Քլինթոնը տարիներ առաջ՝ Բաթումում
2012թ. հունիսի սկզբին ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շրջագայեց Կովկասի երկրներով, այցելելով՝ Երեւան, Բաթում, Բաքու, ապա՝ Ստամբուլ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բաթումում՝ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստում խոսել էր Վրաստանի տնտեսության մասին՝ դրական գնահատելով իրականացված բարեփոխումները. «Վրաստանում բարեփոխումները, այդ թվում նաեւ տնտեսական, ստացել են միջազգային դրական գնահատականներ։ Դա արտացոլվում է վրացական տնտեսության մեջ անընդհատ աճող ներդրումներով։ Մենք ցանկանում ենք, որպեսզի առեւտրային հարաբերություններն ու ներդրումների ծավալները անցնեն մեկ այլ հարթություն»։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 6-ին մինչեւ ուշ գիշեր զբոսնել էին Բաթումում, համացանցում տարածվել էին լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում Բաթումի կենտրոնի գունազարդ լուսավորված նորակառույց շինություններն էին, Սաակաշվիլիի ու տիկնոջ հետ զբոսնող Քլինթոնը, որը հիացած հայացքով նայում էր շուրջբոլորը, շփվում բաթումեցիների հետ: Սաակաշվիլին ԱՄՆ պետքարտուղարին պատմել էր քաղաքի պատմությունը եւ նշել, որ այն Նոր Օռլեանի քույր քաղաքն է, իսկ քաղաքի ճարտարապետությունն այն մարդու հեղինակածն է, ով ժամանակին կառուցել է Նիցցան եւ Կաննը, ապա Քլինթոնին ծանոթացրել էր Բաթումի զբոսաշրջային ներուժին:
Վեց տարի առաջ Քլինթոնի այս շրջագայության հատկապես վրաստանյան դրվագը որոշակի նմանություն ուներ անցյալ շաբաթ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի՝ երեւանյան այցին՝ ընդհանուր մթնոլորտի առումով։ Երեւանյան բանակցություններից հետո Հյուսիսային պողոտայում Մերկելի ու Փաշինյանի զբոսանքը ինչ-որ առումով նման էր Սաակաշվիլիի ու Քլինթոնի՝ Բաթումի զբոսանքին։
Փաշինյանն աշխարհաքաղաքական առումով չլինելով կտրուկ փոփոխությունների կողմնակից, այնուամենայնիվ, Հայաստանում իր հռչակած թավշյա հեղափոխության արդյունքում կառավարության փոփոխությամբ, ազդարարված փոփոխություններով, Հայաստանում հնարավոր մեծ ներդրումներ իրականացնելու մթնոլորտի ձեւավորման տեսանկյունից, կարծես, նմանվում է Սաակաշվիլիի իշխանավարման շրջանին։
Այսպես, դառնանք Մերկելի հարավկովկասյան այցի հիշարժան ուղերձներին։
Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցում
Օգոստոսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակությանը, ողջունեց կանցլերի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ մեր երկրում մեծ հարգանք եւ համակրանք կա նրա հանդեպ, իսկ հայ-գերմանական հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն։ «Սա Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան, եւ այդ առումով տեղի է ունենում պատմական իրադարձություն: Դրա արժեքն ընդգծվում է նաեւ նրանով, որ Ձեր այցը կայանում է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական մեծ փոփոխություններից հետո, եւ նոր իրավիճակում, նոր քաղաքական պայմաններում մենք ակնկալու ենք արդյունավետ բանակցություններ ունենալ Ձեզ հետ: Հույս ունենք, որ այս այցը կնշանավորի մեր երկրների միջեւ հարաբերությունների նոր էջի բացումը: Վստահ եմ, որ Դուք արդեն զգացիք այն վերաբերմունքը, որ Հայաստանի Հանրապետությունում տածում են Գերմանիայի եւ անձամբ Ձեր նկատմամբ: Գերմանիան Հայաստանի երրորդ խոշոր առեւտրատնտեսական գործընկերն է աշխարհում եւ առաջինը Եվրոպայում: Լիահույս եմ, որ Ձեր այցի արդյունքներով նաեւ մեր առեւտրատնտեսական հարաբերություններին նոր թափ եւ շունչ կհաղորդվի», – նշել էր Փաշինյանը։ Անգելա Մերկելն իր հերթին նկատել էր. «Այս այցը կայանում է Հայաստանում մեծ փոփոխություններից հետո. որքան անսպասելի էր այն մեզ համար, այդչափ դրական ձեր երկրի համար: Մեզ հետաքրքիր է լսել Ձեր գնահատականները տեղի ունեցածի կապակցությամբ, ու միաժամանակ ակնհայտ էր, որ փողոցում զգալի էր այդ փոփոխությունների շունչը: Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ»: Նա հավելել էր, որ սա բարդ տարածաշրջան է, եւ պատրաստ են օգտակար լինել` խնդիրների կարգավորման գործում լինելով Հայաստանի գործընկերը. «Մենք պատրաստ ենք խթանել եւ զարգացնել երկկողմ տնտեսական կապերը: Լիահույս ենք, որ կկարողանանք արձանագրել նոր արդյունքներ այդ ուղղությամբ»:
Փաշինյանն ու Մերկելն անդրադարձել էին տնտեսության տարբեր ճյուղերում ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ համատեղ նոր նախաձեռնությունների հեռանկարներին: Փաշինյանն անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, կարեւորել էր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը համընդգրկուն բարեփոխումների իրականացման գործում: Նրա խոսքով` Հայաստանը կարեւորում է ԵՄ թիրախավորված աջակցության ծավալների ընդլայնումը՝ հիմնված «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի վրա: Գերմանիայի կանցլերը հավելել է, որ իր երկիրը պատրաստ է օժանդակել Հայաստանին տարբեր ուղղություններով բարեփոխումների իրականացման, ինչպես նաեւ ՀՀ -ԵՄ փոխգործակցության ընդլայնման գործում:
Կարեւոր է տեղեկությունն, ըստ որի՝ կողմերը քննարկել էին նաեւ վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսությանը, մարդկանց միջեւ շփումների խորացմանը, առողջապահության, բնապահպանության, ճանապարհաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանը պատրաստ է հարթակ լինել գերմանական ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ԵԱՏՄ, ինչպես նաեւ իրանական շուկաներ։
Այսպես, Մերկելի երեւանյան այցի հիմնական ուղերձներից էր արձանագրումը, որ ցանկանում են մասնակցություն ունենալ Հայաստանի կողմից հայտարարված բարեփոխումներին։ Հատկանշական էր Մերկելի կողմից Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքական ուղղությամբ դիտարկումը։ «Հայաստանը կարող է օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ եւ միաժամանակ լավ համագործակցել Եվրամիության հետ: Այստեղ, իհարկե, հնարավորությունները շատ չեն: Եվրասիական տնտեսական միությունը գործնականում ազատ առեւտրային գոտի է: Այդտեղ, իհարկե, կան շատ այլ տնտեսական հնարավորություններ, որոնցից կարելի է օգտվել: Ամենամոտ ապագայում, ֆորմալ առումով Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ բանակցություններ դժվար թե տեղի ունենան, բայց կարծում եմ, որ Հայաստանի լավ օրինակը կարող է ցույց տալ, որ երբեւէ կարելի է նաեւ նման քայլի դիմել»:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանն էլ հարկ էր համարել ընդգծել, որ ԵԱՏՄ տարածքն առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար. «Բայց մենք քննարկման ընթացքում արձանագրեցինք, որ Հայաստանը ունի նաեւ Եվրոպական Միության հետ առեւտրի հատուկ ռեժիմ՝ GSP+ ռեժիմը, որը հնարավորություններ է տալիս ընդլայնել առեւտրաշրջանառության ծավալը Միության հետ: Մենք խնդիր ունենք ոչ միայն ծավալի, այլ որակական իմաստով փոփոխություն մտցնել մեր առեւտրատնտեսական հարաբերություններում, եւ մեր համատեղ օրակարգի կարեւոր մաս է այս ուղղությամբ որոշակի առաջընթաց ապահովելը»:
Հաջորդ կարեւոր ուղերձն այն էր, որ Մերկելն արձանագրեց, որ Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցում առաջընթացի համար։ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Մերկելը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Գերմանիան աջակցելու Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը հասնելու հարցում, ասել էր. «Դուք գիտեք, որ Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնք ԵՄ-ի հետ ունեն նաեւ Ասոցացման համաձայնագիր, արդեն վիզաների ազատականացում իրականացվել է: Այդ հարցը սերտորեն առնչվում է նաեւ միգրացիոն քաղաքականության հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հարցում առաջընթաց կլինի, եւ մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք այդ հարցում առաջընթացի հասնելու համար»:
Ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ Հայաստանի կողմից հայտարարված բարեփոխումներին, ընդգծել էր Անգելա Մերկելը՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը։ Կանցլեր Անգելա Մերկելը՝ դիմելով Արմեն Սարգսյանին, մասնավորապես, նշել էր. «Համամիտ եմ Ձեզ հետ այն առումով, որ մեր հարաբերություններն ունեն չիրացված ներուժ, եւ այն պետք է օգտագործել ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ գիտահետազոտական եւ տեխնոլոգիաների ոլորտներում: Մենք ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ Հայաստանի կողմից հայտարարված բարեփոխումներին, ուշադրությամբ հետեւում էինք գարնանը ձեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին եւ գործընթացներին: Պատրաստ ենք շարունակել համագործակցել այս թերեւս դժվարին, բայց կարեւոր ճանապարհին»:
Գերմանիան կաջակցի Հայաստանին ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործում
Հայաստանի վարչապետը եւ Գերմանիայի կանցլերը Երեւանում կայացած բանակցությունների ընթացքում անդրադարձ էին կատարել նաեւ ղարաբաղյան հակամարտությանը եւ կարեւորել հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում եւ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ձեւաչափին: Կարեւոր է ղարաբաղյան հակամարտությունը լավ մթնոլորտում լուծելը, եւ այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին, վստահեցրել էր Մերկելը։
Ի դեպ, ուշագրավ է, որ Երեւանից Բաքու մեկնած Մերկելը ուշագրավ անդրադարձ էր կատարել ղարաբաղյան խնդրին։ Հայաստանում նոր կառավարության կազմավորումը կարող է խթան հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում, TACC գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք էր հայտնել Անգելա Մերկելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում: «Հայաստանում նոր կառավարության ձեւավորման փաստը կարող է խթան հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, եւ Գերմանիան կարող է մասնակցել այդ գործընթացին», – ասել է Մերկելը: Վերջինս ընդգծել էր, որ իր «երկիրը շահագրգռված է հակամարտության կարգավորման հարցում եւ իր ներդրումը կանի Մինսկի խմբի շրջանակներում»:
Երեւանում, ըստ ամենայնի, Փաշինյան-Մերկել հանդիպմանը Գերմանիայի կանցլերը Փաշինյանից ստանալով արցախյան բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, Բաքվում արդեն Ալիեւին որպես այդ բանակցությունների խթան է մատնանշել Հայաստանում կառավարության փոփոխությունը։ Սա, թերեւս, որոշակի ազդակ է այն մասին, որ Գերմանիան էլ իր հերթին Փաշինյանի կառավարությունից սպասում է արդյունավետ բանակցությունների անցկացում, հակառակ դեպքում Մերկելը Բաքվում Ալիեւի հետ մամլո ասուլիսում նման շեշտադրում հազիվ թե աներ։
Ամփոփումը՝ տպագիր «Առավոտ»-ի օգոստոսի 29-ի համարում։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 28.08.2018