Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը մարտահրավեր է նետում Դեն Բիլզերյանի այցը քննադատողներին՝ ասելով, որ պատրաստ է հրաժարական տալ

Օգոստոս 28,2018 22:22

Ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի հետ կապված քննադատություններին արձագանքելով՝ այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որ դրանք համարում է ամբողջովին հիմնազուրկ եւ անարդար: Նա նաեւ հայտնել էր, որ ինքը Բիլզերյանի այցելության «գաղափարախոսներից» մեկն է:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ինչո՞վ էր օգտակար Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցը՝ Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Մենք գործ ունենք գլոբալ աշխարհի հետ, երբ մենք բացում ենք թերթերը, ինչ-որ լրատվություն ենք լսում, մեզ թվում է դրանով աշխարհը սահմանափակվում է: Մենք շատ փոքր մաս ենք կազմում աշխարհի: Պատկերացրեք, որ ԱՄՆ-ում, մյուս երկրներում բնակչության երեւի 99.9 տոկոսը ո՛չ Հայաստանի մասին գիտի, իսկ 99,99 տոկոսը Արցախի մասին ոչինչ չգիտի: Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, չունենք շատ հնարավորություններ այդ հարցերը ֆինանսական միջոցներով լուծելու: Այստեղ մեզ մեր սփյուռքի գործոնն է աջակցության գալիս: Սփյուռքի այլ կառույցներ այնտեղ աշխատում են, մենք ունենք բավական հայտնի սփյուռքյան գործիչներ: Ես չեմ ուզում, որ մենք փորձենք այս հարցին նայել սրբերի եւ մեղսագործների տեսանկյունից:

Այն մարդը, ում մասին խոսում ենք, կոնկրետ Դեն Բիլզերյանի մասին է խոսքը, հիմա շատերի համար ոչ այնքան ընդունելի կերպար է իր համար ստեղծել: Դա մեզ ինչքանո՞վ է վերաբերվում: Դրա փոխարեն մենք ունենք մարդ, որը ունի թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ շոուբիզնեսի եւ թե՛ որն ավելի կարեւոր է քաղաքական շրջանակներում որոշակի կապեր, առնչություններ, նրա խոսքը ինչ-որ մարդկանց համար կարեւոր է, ինչո՞ւ ենք մենք մեզ զրկում այդպիսի մարդկանց որպես դեսպան ունենալու հնարավորությունից, մեզ ինչո՞ւ ենք զրկում այդ մարդկանց դարձնելու տեղեկացված դեսպաններ Արցախի եւ Հայաստանի, ինձ համար սա բացարձակ անհասկանալի է: Հակառակը նշանակում է, որ մենք խաղում ենք ինչ-որ սրբերի եւ մեղսագործների խաղ, մեկին հայտարարում ենք մեղսագործ եւ ասում ենք՝ որեւէ ցանկություն չունենք ձեր օգնության, ձեր օժանդակության, ձեր հետ աշխատելու: Դա ինձ համար ընդունելի չէ»:

Ռուբեն Մելիքյանն ասաց, որ մի քանի ամիս առաջ փորձել է Հայաստանի քաղհասարակության ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ իրադրություն է փոխվել, ժամանակներն են փոխվել եւ պետք է լրջորեն խոսել Արցախյան քաղաքացիական հասարակություն եվրոպական կառույցները բերելու մասին, Եվրոպայում Արցախի հետ կապված հարցերը բարձրաձայնելու մասին, բայց դա այդպես էլ մնացել է ձայն բարբառոյ հանապատի. «Հիմա մենք փորձում ենք այլ ձեւերով խոսել եւ խոսեցնել Արցախի մասին, մարդիկ մեզ քննադատում են: Դա ես արդարացի չեմ համարում: Ես համարում եմ, որ մենք շատ ճիշտ ենք արել՝ ապահովելու Դեն Բիլզերյանի, իր ընտանիքի անդամների հետ, իր մտերիմների այցելությունը Արցախ: Դա յուրաքանչյուր անձի իրավունքն է, եթե որեւէ մեկը գտնում է, որ իրավունք չունեն Արցախ այցելել, բնականաբար, ես դրա հետ համաձայնվել չեմ կարող»:

Ինչ վերաբերում է Արցախ այցելության համար ՀՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-8 ուղղաթիռ Բիլզերյանին տրամադրելուն՝ Ռուբեն Մելիքյանն ասաց. «Խոսքը եթե վերաբերում է կարճ ժամանակահատվածին, որքան ես հասկացա, այդ մարդիկ իրենց մեկօրյա այցը երկարաձգել են, զուտ Արցախ այցելելու համար, ուրեմն լավ են արել, ուրեմն պետք էր ապահովել ավելի արագ Արցախ այցելելու հնարավորություն: Իսկ որ Արցախ քաղաքացիական ավիացիա չի աշխատում, էդ քննադատներն ի՞նչ են արել, որ այդ խնդիրը կարողանանք լուծել, որտե՞ղ են այդ հարցը բարձրացրել, որ մարդ են, կարողանան նստել քաղաքացիական օդանավ, այցելել Ստեփանակերտ: Սա ես համարում եմ փարիսեցիություն: Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր այսքանը հասկանալով են քննադատում, մնացածներն էլ գուցե տրվում են ինչ-որ բարոյական արժեքների, բարոյական խնդիրների եւ այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչպես է աշխատում ժամանակակից աշխարհը: Հիմա պատկերացրեք, վաղը Աստված չանի պատերազմ սկսվեց, այդ մարդիկ նույն ձեւո՞վ կվերաբերվեն Արցախին, քան, եթե չեն այցելել Արցախ»:

Մեր հարցին՝ նույն ձեր գրառման տակ շարունակում են քննադատությունները, գրում են՝ ո՞վ է Բիլզերյանը, որ ՊՆ-ի ուղղաթիռով գնա Արցախ, պալիգոններում զվարճանա բանակի զենքերով, մեկն էլ գրել է՝ «մենք էլ կարա՞նք վաղը տղերքով գնանք», ի՞նչ կասեք այս մասին՝ Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Դե թող իրենք հասնեն Դեն Բիլզերյանի ճանաչելիության 0.11 տոկոսին, հետո մենք կխոսենք: Եթե էդ մարդիկ սրբի կերպարն են փորձում ընդունել, թող սրբադասվեն, որպես սրբեր հասնեն այդ կերպարին, ես խոստանում եմ, որ այդ հարցով կզբաղվեմ»:

Ինչ վերաբերում է այն քննադատությանը, որ Բիլզերյանը Քոչարյանի որդու հետ է գնացել Արցախ՝ Արցախի ՄԻՊ-ն ասաց. «Մեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով է նշանակալի դեր ունեցել այցի կազմակերպման գործում: Ցանկացած մեկը թող կազմակերպեր: Եթե այդպես է, անգլերեն մի արտահայտություն կա՝ challenge, դե թող հիմա այդ բոլոր իրավապաշտպանները, ես հիմա նրանց մարտահրավեր եմ նետում՝ թող տասնապատիկ ավելի փոքր ազդեցություն ունեցող որեւէ մարդու, իրավունքների պաշտպանության ոլորտի անձնավորության հրավիրեն Արցախ, ես պատրաստ եմ նույն օրը հրաժարական տալ, ներողություն խնդրել նրանցից եւ ասել՝ նրանք ճիշտ էին, ես՝ սխալ»:

Լուսանկարը՝  Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հայեր ջան, մի քիչ քթածակով եղէք 🙂
    Ոչ ոք ազգայինը չի արհամարհում: Էդ մարդը, որն Ինստագրամում 24 միլիոն հետեւորդ ունի, հէ՛նց հիմա 1.1 միլիոն հաւանած նկար է դրել Հայաստանի մասին, 13 հատ Story: Դա պատկերացնում է՞ք ի՜՜՜նչ գովազդ է:

    Էդ էլ Քիմ Քարդաշեանի պատմութիւնը չդառնայ: Քոչարեանն ու իր ընտանիքը բնաւ իմ աչքի լոյսը չեն, բայց եթէ բերել են, եկէք օգուտ քաղենք: Էս կարգի մարդիկ անգնահատելի օգուտ են տալիս մեզ:

    Նոր էլ սրա վերեւի լուրն էի կարդում՝ «Մերկելն եկաւ, ցեղասպանութիւն բառը չարտասանեց»: Էն, որ հասաւ Ծիծեռնակաբերդ, ծաղիկ դրեց, ծառ տնկեց ու ասաց Բունդեսթագի բանաձեւի ոգուն համահունչ՝ դա ՀԵ՜Չ, ցեղասպանութիւն բառը՝ ՄԷ՞Ջ: Մերկելին ցեղասպանութիւն բառի համա՞ր էիք կանչել, թէ՞ Գերմանիայի պէս զարգացած պետութեանը եւս մի քայլ մօտենալու համար:
    (Յ.Գ. Ու հաստատ մարդիկ կը լինեն, որ կ’ասեն, Գերմանիայի հետ էդ տեսակ բարեկամութիւնը մեզ պէտք չէ) 🙂

  2. Մանվել says:

    Շատ վատ է որ պարոն Փաշինյանը կամ սփյուռքի նախարարը չի ընդունել Դեն Բիլզերյանի,

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/08/28/977478/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031