ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործերով առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ապահովության տարածքային բաժնում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի։
Նախնական քննության տվյալներով՝ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում նպաստառուների օգտին գործողություններ կատարելու, այն է՝ օրենքով նախատեսված նպաստների հատկացումը չդադարեցնելու համար նպաստառուներից տարածքային բաժնի առանձին աշխատակիցների կողմից պահանջվել է գումար։
Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ, որոնցով կատարված քննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 5-ի ինքնությունը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու համար, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի երեք աշխատակցի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով ՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար։ Վերջիններս հարցաքննվել են և ցուցմունք տվել՝ դեպքի շուրջ։
Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցավոր այլ դրվագների վերաբերյալ ստացված տվյալներն ստուգելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե