Օգոստոսին կապույտ հազի հիվանդացության նոր դեպքեր են գրանցվել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը:
Նրա խոսքերով՝ պահին գրանցվել է ընդհանուր 129 դեպք, այսինքն, օգոստոսին եւս 11 դեպք է արձանագրվել:
Օգոստոսի 23-ին առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ կապույտ հազի աշխուժացում է նկատվել, եւ ՀՀ-ում այս տարվա հունվար-հուլիսին արձանագրվել է 118 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 անգամ ավել է:
Ըստ Գրիգորյանի, արձանագրված 129 դեպքերից 82%-ը չպատվաստված կամ թերի պատվաստված են, իսկ 129-ից 70-ը՝ մինչեւ 1 տարեկան է:
Նախարարությունից վստահեցնում են՝ հիվանդացության այս աշխուժացումը պայմանավորված է չպատվաստված կամ թերի պատվաստված երեխաների կուտակումներով: Մեր հարցին՝ արդյոք նախարարությունը նախատեսում է կանխարգելիչ որոշակի խիստ միջոցառումներ, Գրիգորյանը պատասխանեց. «Նախարարությունը պարբերաբար ակտիվացնում է հանրային իրազեկումը ծնողներին, որ երեխաներին տանեն պատվաստման, քանի որ աշխուժացումը պայմանավորված է չպատվաստված կամ թերի պատվաստված երեխաների կուտակումներով: Յուրաքանչյուր երկրում 4 տարին մեկ դիտվում է նման աշխուժացում: Վերջին այսպիսի աշխուժացում ունեցել ենք 2013-2014 թվականներին: Ամբողջ աշխարհում է այս դինամիկան, սա համաճարակաբանական առանձնահատկություն է: Տարվա սկզբից մենք անընդհատ հորդորում ենք դիմեն պատվաստումների, որովհետեւ միակ անվտանգ կանխարգելումը՝ պատվաստումն է»:
Արդյոք պատվաստված երեխան հիվանդ երեխայի հետ շփումից հետո կարող է նորից հիվանդանալ, այս հարցին ի պատասխան Գրիգորյանն ասաց. «Եթե երեխան պատվաստված է, ապա օրգանիզմի առանձնահատկությունից ելնելով էլ, եթե պատվաստանյութը չաշխատի ու երեխան հիվանդանա, գոնե ծանր ձեւեր չեն լինի, բարդություններ չեն առաջանա»:
Արդյոք hիվանդանոցներում պառկած հիվանդ երեխաների թիվը մեծ է, այս հարցին ի պատասխան էլ Սվետլաննա Գրիգորյանն ասաց, որ հոսպիտալացման ամենօրյա մոնիտորինգ չի արվում. «Բայց երեկվա տվյալներով՝ ինֆեկցիոն հիվանդանոցում 7 հիվանդ կար պառկած, կայուն վիճակ էր, եւ ծանր դեպքեր չկային»:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ «Կապույտ հազը մանրէային հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Սկսվում է ընդհանուր թուլությամբ, հազով, ջերմության բարձրացմամբ: Աստիճանաբար հազը դառնում է նոպայաձեւ, նոպայի վերջում ներշնչման ժամանակ երեխան ուժեղ հաչոցանման ձայն է հանում։ Նոպայաձեւ հազի ժամանակ երեխան կարող է կապտել, ինչով էլ պայմանավորված է հիվանդության անվանումը: Կապույտ հազին բնորոշ են բարդություններ` թոքաբորբ, բրոնխիտ, էնցեֆալիտ (ուղեղի ախտահարում), որոնք կարող են երեխայի հաշմանդամության պատճառ դառնալ։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում մինչեւ մեկ տարեկան երեխաները։ Նրանց մոտ հազը կարող է առաջացնել շնչառության կանգ»։
ԱՆ հիշեցնում է՝ կանխարգելման միակ եւ արդյունավետ միջոցը պատվաստումն է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ