Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքէջում Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի թեկնածու է

Օգոստոս 28,2018 16:35

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շաբաթներ առաջ հայտարարել է սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին, նույնիսկ քաղաքապետի իր թեկնածուի անունն է տվել: Ավագանու ընտրություններին մնացել է ընդամենը 26 օր: Կուսակցության կողմից Երեւանի ավագանու անդամության թեկնածուների ցանկին ծանոթանալու նպատակով այցելեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքէջը, եւ պարզեցինք, որ այն վերջին անգամ թարմացվել է մայիսին:

Կայքում հրապարակված վերջին լուրը «Նիկոլ Փաշինյանը հանդիպել է դեսպաններին» վերնագրով է: Այն հրապարակվել է մայիսի 3-ին: Տեքստում նշված է. «Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններից մի քանիսի հետ»։

Այս լուրին նախորդել է հետևյալ բովանդակությամբ լուրը. «Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ համաժողովրդական շարժմանն իր աջակցությունն է հայտնել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն»։

Գլխավոր էջում Հիմնադրամի նորություններ բաժնում տեղադրված է Քաղաքացիական պայմանագրի՝ 2013-2016 թվականների ֆինանսական հաշվետվությունը:

Aravot.am-ն այս առիթով պարզաբանումներ ստացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից: Նա տեղեկացրեց, որ կուսակցության նոր կայքը մոտ օրերս արդեն պատրաստ կլինի, վերջին շտկումներն են արվում. «Դրա համար վերջին հրապարակումը մայիսի ամսաթվով է»:

Մեր այն դիտարկմանը, թե կայքում որևէ տեղեկատվություն չկա Երևանի ավագանու ընտրություններում՝ ՔՊ-ի թեկնածու Հայկ Մարությանի մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայքում ներկայացված է վարչապետի թեկնածու, Վահան Կոստանյանն արձագանքեց. «Նոր կայքում բոլոր տեղեկությունները՝ այդ թվում և քաղաքապետի մասին առանձին էջ, մեր ծրագիրն` արտահերթ ընտրությունների վերաբերյալ, կհրապարակվեն»:

Մեր այն հարցին՝ մի՞թե արդեն դրա ժամանակը չէ, Վահան Կոստանյանը պատասխանեց. «Մի քանի օրվա հարց է»:

Վահան Կոստանյանը տեղեկացրեց, որ ՔՊ-ի պաշտոնական կայքէջի հասցեն չի փոխվելու՝ www.civilcontract.am:

Մեր վերջին հարցին՝ իսկ ինչո՞ւ կայքում տեղեկացման կարգով չի նշվել, որ կայքը թարմացման կամ վերազինման փուլում է  և շուտով նոր կայք կլինի, որպեսզի ընթերցողները չտարակուսեն` տեսնելով Նիկոլ Փաշինյանին` դեռեւս վարչապետի թեկնածուի կարգավիճակում, Վահան Կոստանյանն այսպես պատասխանեց. «Ես Ձեր մտահոգությունը կփոխանցեմ մեր էջի հետ աշխատող թիմին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031