Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսահայ լրագրող. «Հայաստանը կենտրոնացած է միայն սելֆիների, զվարճանքի, պոպուլիզմի եւ «թավշի» վրա»

Օգոստոս 28,2018 15:27

Պոլսահայ քաղաքական լրագրող եւ գրող Վերճիհան Զիֆլիօղլուն, որ հրապարակումներ է պատրաստել նաեւ BBC-ի, Washington Times-ի, Le Monde-ի,  France 24-ի համար, մասնագիտական գործունեության համար արժանացել մի շարք միջազգային մրցանակների, Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրողություններին:

«Որպես տարիներ շարունակ քաղաքական թեմաներով գրող պրոֆեսիոնալ լրագրող` ուզում եմ ասել, որ այն ինչ տեղի է ունեցել Հայաստանում, չեմ անվանի հեղափոխություն: Պայքարի առաջին օրերին (եթե անգամ այն հեղափոխություն չանվանեմ), ես մտածում էի որ, երիտասարդ Փաշինյանը, հնարավոր է, ինչ-որ բան փոխի Հայաստանում: Այսօր, սակայն, տեսնում եմ, որ չի կարող: Հայաստանում «նոր» քաղաքականությունը հիմնված է ժողովրդականության վրա եւ ոչ թե երկրում տիրող իրականության: Ամեն օր մենք տեսնում ենք միայն Փաշինյանի սելֆիները, մինչդեռ պետք է ավելին իմանանք նրա օրակարգի վերաբերյալ: Եթե խոսում ենք հեղափոխության մասին, ապա պետք է իմանանք, որ այդ բառը դինամիկա է ենթադրում…Ես ցավում եմ, բայց սա հեղափոխություն չէ:

Այսօր Հայաստանում հանրությունը հիմնականում վստահում է Փաշինյանին, սակայն մարդիկ մոռանում են, որ Փաշինյանը մեկ հոգի է, իսկ հայաստանյան խնդիրները` հսկայական: Հայաստանը բավականին բարդ եւ զգայուն  իրավիճակում է, երկրին ավելի լուրջ քաղաքականություն է անհրաժեշտ, Փաշինյանը Կանադայի երիտասարդ վարչապետ Ջասթին Տրյուդոն չէ եւ ոչ էլ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, իրականում Հայաստանը լրիվ տարբեր է այդ երկրներից»,- նշեց Վերճիհան Զիֆլիօղլուն:

Նա հավելեց, որ երբ տարիներ առաջ Փաշինյանը բանտում էր, ինքը  բազմաթիվ հոդվածներ է  գրել նրա ազատության համար, ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային մամուլում: «Ես միշտ աջակցել եմ նրան: Իսկ այսօր, երբ  ես արտահայտում եմ իմ պրոֆեսիոնալ կարծիքը Հայաստանի նոր համակարգի մասին, Հայաստանում ապրող որոշ հայեր  «հարձակվում» են ինձ վրա, գործակալ են անվանում, որովհետեւ թուրքահայ եմ, ասում են` գրիր Թուրքայի մասին, ոչ թե մեր Հայաստանի: Նույնիսկ հարցականի տակ են դնում իմ սերը Հայաստանի հանդեպ: Լրագրող ընկերներիցս ոմանք, որոնց  տարիներով ճանաչում եմ, ահավոր ծանր բաներ են ասում ինձ դրա համար: Ես նրանց մի բան եմ ուզում հարցնել` որտե՞ղ է խոսքի եւ մասնագիտական կարծիք հայտնելու ազատությունը: Ես Հայաստանի թշնամին չեմ, բայց պրոֆեսիոնալներից մեկն եմ, որը շարունակելու է արտահայտել իր կարծիքը»:

Հարցրինք, թե իր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված Սփյուռքի հիացական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հանդեպ:

«Որպես երիտասարդ հայ, ես այժմ կորցրել եմ իմ հավատը, վստահությունը ինչպես Ստամբուլի հայերի, այնպես էլ սփյուռքահայերի հանդեպ: Նրանք ընդամենը ուտոպիաներ ունեն, մինչդեռ 2018-ին աշխարհը կարիք ունի ոչ միայն  ուտոպիաների: Նրանք տրամադրված են սիրել Հայաստանը, եւ ես հաճախ ուզում եմ հարցնել` ի՞նչ իմաստ ունի այդ կերպ սիրել Հայաստանը, եթե սիրում եք ինչ-որ բան, ուրեմն նաեւ պետք է քննադատեք թերությունները: Մենք` հայերս, կարող ենք իսկապես ապրել քաղաքակիրթ երկրում, ունենալ Օքսֆորդի, Քեմբրիջի, Հարվարդի վկայական, բայց մեր ԴՆԹ-ն դեռեւս մնացել է այնպիսին,  ինչպես գեղջուկներինը, «անատոլիացիներինը»: Մենք պետք է շարունակ առաջ մղվենք, մինչդեռ հետընթաց ենք ունենում ու «լռվում»: Տպավորություն է, որ ոք չի մտածում Հայաստանի մասին, իմ Հայաստանն ասես որբ լինի: Եթե աշխարհով մեկ սփռված հայերը իսկապես սիրեին Հայաստանը, նրանք չէին խոսի միայն քաղաքական գործիչների, կոնյակի, Ծաղկաձորի ու նման այլ բաների մասին… Ամեն ինչ կանցնի, ու Հայաստանը կկարեւորվի որպես երկիր, ոչ  թե ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը, թե չէ հիմա բոլորը ու ցանկացած կազմակերպություն միայն իր մասին է մտածում, յուրաքանչյուրն իր անձնական օրակարգն ունի»,-ասաց նա:

Վերճիհանին հարցրինք, թե որպես քաղաքական լրագրող, ի՞նչ տպավորություն ստացել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցից:

Լրագրողն ասաց, որ որոշ սխալներ է նկատել. «Աշխարհի առաջատար երկրի հաջողակ քաղաքական գործիչ Մերկելը կարող էր գալ Հայաստան, սակայն նա եկավ Կովկաս ու ոչ միայն Հայաստան: Երկրորդ, Մերկելն այցելեց Ծիծեռնակաբերդ, սակայն հրաժարվեց արտաբերել ցեղասպանություն բառը: Իր պարագայում դա նորմալ է, քանի որ նա մտածում է սեփական երկրի ապագայի եւ շահի մասին: Սակայն Հայաստանում ոչ ոք չխոսեց դրա մասին, որովհետեւ զբաղված էին միայն սելֆիներով: Երրորդը հետեւյալն է` երբ ես դիտում էի ուղիղ միացումը Հյուսիսային պողոտայից, ուղղակի զարմացած եւ ցնցված էի, բոլորն ուզում էին Անգելա Մերկելի հետ սելֆի ունենալ, իսկ Հայաստանի «լուսանկարը» դրսի համար աննկատ մնաց: Չորրորդն էլ սա է` Հայաստանը կարող է լինել ապահով երկիր, բայց այսօր իրականությունն այլ է: Ինչպե՞ս կարող է  Փաշինյանը Մերկելի հետ փողոցում իբրեւ ընկեր զբոսնելու համար պատասխանատվություն կրել»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ պոկերի արքա  Դեն Բիլզերյանի ու նրա եղբոր այցին ու նրանց շուրջ եղած ոգեւորությանը:

«Ցավոք այսօրվա Հայաստանը կենտրոնացած է միայն սելֆիների, զվարճանքի, պոպուլիզմի ու «թավշի» վրա… Կուզենայի ավելին ասել, սակայն պետք է լռեմ»,-ասաց Վերճիհան Զիֆլիօղլուն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Անի says:

    Այս լրագրողուհին յայտնի է իր անվերջ բացասական մեկնաբանութիւններով,դրա համար էլ Պոլսում էլ սիրւած չէ ընհանրապէս: Ամեն ինչի մէջ լինել հակառակ կողմը նրան ոչ մի օգուտ չի տալու, մանավանդ այս նոր իրավիճակը անտեսել ու միայն խօսել բացասական աններելի է:Նա կարիք ունի ինքը իրեն փոխելու:

  2. Artur Lazarian says:

    Ի սէր Աստուծոյ, պէտք չէ գոյներն այդքան խտացնել: Մենք էլ որոշ մտահոգութիւններ ունենք, բայց չարժէ յոռետես լինել: Մանր մունր սայթաքումները չհաշուած՝ Փաշինեանը ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրայ է:

    Խօսէ՛ք, արտայայտէ՛ք ձեր կարծիքն՝ ինչքա՜ն ուզում էք: Ոչ ոք հաստատ չի բռնանայ: Բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում էլ մարդկանց մի խումբ կայ, որ քարկոծելու է առողջ քննադատութիւնը:

    Ինչ վերաբերում է Մերկելի այցին՝ ամէն բան շատ լաւ էր կազմակերպուած: Դրա պտուղները յետոյ կը տեսնենք,,

  3. Աննա says:

    Միամիտը ժամանակին շատ էր կերել փաշինյանական դեմագոգիան և հիմա հիասթափված է, որ այն որևէ կերպ կապակցված չէ իրականության հետ: Եթե ժամանակին ուշադրությունը դարձներ ոչ թե նրան թե ԻՆՉ է հռչակվում, այլ ՈՎ և ՈՒՄ ՓՈՂԵՐՈՎ է հռչակումներ անում, այսպիսի հիասթափություն հիմա չէր ապրի:

  4. Վերճիհան Զիֆլիօղլուն ճիշտ է քննադատում, սելֆիներով ենք մի քիչ ավել զբաղվում: Կարծես դրանով Հայաստանի բոլոր խնդիրները լուծելու ենք: Ոնց որ ազգովի «Դե սպասիր»-ի Գայլն ենք դառել՝ մանկության իմ սիրելի մուլտիկի հերոսը, ով առաջին սելֆի անողն էր:

  5. Գոռ says:

    Իսկ ավելի պրոֆեսիոնալ և տրամաբանական չի լինի՞ որ սպանել գոնե մեկ տարի, երկու տարի ու նոր կտրուկ եզրակացություններ անել: Վրաստանը ինչպիսին՞ էր 2003 թվականի Վարդերի Հեղափոխությունից 3 ամիս հետո: Նույնն էր ինչպես հիմա որ է՞:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031