Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակահեղափոխության օջախ ՀՀ-ում չկա». Էդմոն Մարուքյան

Օգոստոս 28,2018 15:13

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում համաձայն են խորհրդարանը լուծարելու ցանկացած մոդելի հետ, որը սահմանադրական է: Այդ մասին, այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց սահմանադրական փոփոխությունների մասին: Էդմոն Մարուքյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխություններով խորհրդարանը լուծարելը տարբերակներից մեկն է: Առանց սահմանադրական փոփոխությունների արտահերթ ընտրությունների հասնելու տարբերակն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի վարչապետի պաշտոնից եւ երկու անգամ ԱԺ-ն վարչապետ չընտրի: Այդ դեպքում խորհրդարանը պետք է ինքնալուծարվի:

«Երկու մոդելին էլ մենք համաձայն ենք, քանի որ օր առաջ պետք է խորհրդարանը լուծարել ու կազմակերպել խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում հեղափոխության արդյունքները վերջնականապես կկապիտալիզացվեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նա անհրաժեշտություն է համարում, քանի որ ներկայիս խորհրդարանում չկա ընդդիմություն ու իշխանություն. «Ընդդիմադիր ուժը դա ժողովրդի վստահությունը վայելող ուժ է, իսկ մենք չգիտենք՝ ՀՀԿ-ն ժողովրդի վստահությունը վայելո՞ղ է, թե՞ ոչ, քանի որ ՀՀԿ-ն է հռչակվել ընդդիմություն: Դա կարող ենք իմանալ միայն ընտրությունների միջոցով: Մինչեւ չլինեն ընտրություններ` այս անորոշ վիճակից չենք կարող ազատվել»:

Խոսելով հակահեղափոխության մասին` Էդմոն Մարուքյանը նշեց, որ հեղափոխությունը եղել է ՀՀԿ-ի դեմ, իսկ այդ համակարգն այսօր իշխանության մեջ չկա: Նա գտնում է, որ հակահեղափոխություն պետք է անի ՀՀԿ-ն, կամ մենակ կամ էլ`Ռոբերտ Քոչարյանի հետ միասին: Բայց ինքն այժմ նման հնարավորություն չի տեսնում: Ավելին, կարծում է, որ «Հակահեղափոխության օջախ ՀՀ-ում չկա. ո’չ Հանրապետական կուսակցությունը, ո’չ Ռոբերտ Քոչարյանը չունեն հնարավորություն  վերադառնալու»:

Ամսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը խոսեց անցումային արդարադատության մասին, ինչը բուռն քննարկումների տեղիք տվեց: Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այդ առաջարկը պետք է գիտական քննարկման առարկա դառնա. «Դա ֆեսբույքյան գրառումներով չի տեղի ունենում: Երբ «Ելք» դաշինքը ներկայացրել էր խորհրդարանական ընտրություններին  մասնակցելու ծրագիր, այդ ծրագրում ես  կետ էի առաջարկել, որը կոչվում էր «ճշմարտության հանձնաժողովի ստեղծում»: Մենք կարող ենք ստեղծել այդ ճշմարտության հանձնաժողովը, որը կարող է ունենալ հանրային վստահություն, իսկ այդ վստահությունն ունենալով էլ կարող էր զբաղվել Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի եւ նմանատիպ սեւ էջերով»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031